Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը կանցկացվի փետրվարի 15-28-ը

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը կանցկացվի Երևանում փետրվարի 15-28-ը: Այն ուղղված է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանը, հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների պահպանմանը և աշխարհով մեկ դրա արդի նվաճումների ներկայացմանը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, երաժշտական տոնը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ անվանի կոմպոզիտորներից մեկին և կրում է նրա անունը։

Այս տարի այն նվիրված է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին և կրելու է «Հարո Ստեփանյան-ֆեստ» անվանումը։

Փառատոնն ընդգրկելու է 5 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային, հագեցած բազմազան ծրագրերով, հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներով։ Կներկայացվեն հայ կոմպոզիտորների գործեր։ Երաժշտական այս գեղեցիկ նախաձեռնության շրջանակներում հանդես կգան անվանի մենակատարներ, այդ թվում՝ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը։

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի շրջանակներում թվայնացվել են Հարո Ստեփանյանի երբևէ չկատարված կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կներկայացվեն ունկնդրի դատին առաջին անգամ:

Մշակութային այս իրադարձության կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Հարո Ստեփանյանը (1897-1966թթ.) տաղանդավոր և ինքնատիպ կոմպոզիտոր է, ով մեծ ավանդ է ունեցել հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում: Նա հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում