ՌԴ-ի հետ Վրաստանի հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են. Մարգվելաշվիլի

Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է վրացական պետության ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլին: 

«Ռուսաստանի հետ հարաբերությունները նույն այն ռեժիմում են, որում դրանք եղել են, այսինքն՝ ռազմավարական համբերության ռեժիմում, որն իր բարդ կողմերն ունի: Ես նկատի ունեմ այն համաձայնագրերը, որոնք ռազավարական համագործակցության վերաբերյալ ձեւակերպվել են Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի հետ, եւ դրանք շատ խնդրահարույց են: Մենք այդ մասին խոսում ենք միջազգային բոլոր հարթակներում»,- հայտարարել է Մարգվելաշվիլին «Իբերիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

2008 թվականի օգոստոսին Վրաստանը խզել է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Սակայն Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում, Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը համարել են արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում