«Պատերազմը Ադրբեջանին պետք է բոլոր պարագաներում». քաղաքագետ

«Պատերազմը Ադրբեջանին պետք է բոլոր պարագաներում». քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի մեկնաբանմամբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զարգացումները դեռեւս բացասական ուղղությամբ են ընթանում, ու եթե այս միտումները շարունակական լինեն, միակ բանը, որ կարելի է սպասել՝ այս իրավիճակի պահպանումն է:

«Այսինքն, թույլ չտալ, որ սրանից ավելի սրանա իրավիճակը, քանի որ չկա բանակցային գործընթաց, միջնորդների հստակ դիրքորոշում, փոխարենը կա իրավիճակի սրում սահմանում»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետը:

Անցած տարի ապրիլի մեկին նախորդող շրջանում ու այս տարվա նույն ժամանակահատվածում ադրբեջանական գործողությունները քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի վերլուծությամբ, շատ նման են.

«Մեծանում է լարվածության աստիճանը, բայց երբեք խորհուրդ չէի տա դա ընկալել որպես ապրիլյան սցենարի կրկնության՝ այսպես ասած, ազդանշան: Այդ նույն պատերազմը կարող է այս անգամ սկսել ոչ թե ապրիլին, այլ փետրվարին կամ ավելի ուշ: Չպետք է կարծել՝ նույն սցենարն է կիրառվել եւ պետք է անընդհատ սպասել հնարավոր վատագույն զարգացումներին:

Ավելի քան համոզված եմ՝ եթե Ադրբեջանը ունենար պատերազմը վերսկսելու պոտենցիալ, դա կաներ դեռեւս անցած տարվա վերջին, երբ պարզ դարձավ, որ միեւնույնն է բանակցային գործընթացից խուսափում է ու, ըստ էության, բանակցություններով, քաղաքական ճանապարհով չի կարող վերացնել ապրիլյան իր ձախողումների հետեւանքները:

Այսինքն, այս պատերազմը պետք է Ադրբեջանին բոլոր պարագաներում, բայց նա չունի բավականաչափ ռեսուրսներ պատերազմը սկսելու համար: Ես կարծում եմ, որ նա հիմա մեծացնելու է լարվածությունը՝ օգտագործելով թնդանոթներ սահմանում, որովհետեւ փորձում է պատերազմի իմիտացիա ստեղծել, ստեղծել մի իրավիճակ, երբ պատերազմն իրականում չկա, բայց դրա մասին բոլորը խոսում են: Այդ ճանապարհով փորձում են շտկել ապրիլյան պատերազմի հետեւանքները եւ հասնել նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները կողմերին կառաջարկեն ամեն ինչ նորից սկսել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում