Թբիլիսին ռացիոնալ հարաբերությունների ռազմավարություն է կիրառում Մոսկվայի հետ. Մարգվելաշվիլի

Վրաստանն սկսել է ռացիոնալ հարաբերությունների ռազմավարություն իրականացնել Ռուսաստանի հետ երկու երկրների երխոսության մեջ լարվածությունը հաղթահարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նա պլանավորում Է մոտ ժամանակներս պաշտոնական այցով ժամանել Բելառուս:

«Մենք ռացիոնալ հարաբերությունների ռազմավարություն ենք սկսել Ռուսաստանի հետ, որոնք նվազագույնի կհասցնեն լարվածությունը պետությունների երկխոսության մեջ: Այդ համատեքստում մենք որոշել ենք, որ իմաստ ունի խոսել այն հարցերի մասին, որոնց շուրջ մենք մեծ տարաձայնություններ չունենք, խոսքը վերաբերում է մշակութային, հումանիտար հարցերին, առեւտրին»,– ասել Է Մարգվելաշվիլին: Նա նշել է, որ այդ գործընթացում կան դրական արդյունքներ, վրացական արտադրանքը վերադարձել է ՌԴ-ի շուկա, ռուս գործարարները ներդրումներ են անում Վրաստանում, ակտիվորեն երկիր են ժամանում ռուս զբոսաշրջիկները: «Մենք ուրախ ենք դրա համար»,- ասել է նա:

«Մենք կարծում ենք, որ ինչ-որ մի պահի ռուս քաղաքական գործիչների հետ երկխոսությունը կհիմնվի հենց Վրաստանի ու Ռուսաստանի շահերի, տարածաշրջանի շահերի վրա, այլ ոչ թե քաղաքական առճակատման վրա: Կարծում եմ, որ վեջիվերջո ռուս քաղաքական գործիչները կհասկանան դա, կհարգեն մեր երկրի ինքնիշխանությունը, այդժամ մենք կկառուցենք բարիդրացիական հարաբերություններ»,- հավելել է Վրաստանի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում