«Պարացետամոլ»-ի` շատերին անհայտ ազդեցությունն ու արտասահմանյան ընկերությունների հայկական հումքը

«Թալիդոմիդ»-ի ամերիկյան պատմությունը

Դեղագետ-քիմիկոս, ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի դասախոս Աննայի հիմնական երթուղին Երևանի պետական համալսարան-«Հայկենսատեխնոլոգիա» գիտա-արտադրական կենտրոնն է: Ասիմետրիկ սինթեզ ուղղության մեջ խորացած երիտասարդ գիտնականը փորձում է ստանալ այնպիսի միացություններ, որոնք կարող են դեղերի համար հանդիսանալ պոտենցիալ սուբստանցիաներ։ Ասիմետրիկ սինթեզի ուղղությամբ մտածելու անհրաժեշտություն չկար այնքան ժամանակ, քանի դեռ երևան չէր եկել «Թալիդոմիդ» կոչվող դեղը: 1960-ական թվականներին ԱՄՆ-ում շրջանառության մեջ մտավ տխրահռչակ «Թալիդոմիդ»-ը, որը, որպես հակասթրեսային միջոց, նշանակվում էր հղիներին: Սակայն այն հղիները, ովքեր ընդունեցին այդ դեղամիջոցն, ունեցան ֆիզիկական հաշմանդամությամբ երեխաներ` մի ոտքով, մի ձեռքով և այլն: Նորածինների մոտ առկա մարմնական թերությունները ահազանգեցին` ինչ-որ բան այն չէ, և խնդիրն այդ հակասթրեսային համարվող դեղամիջոցի մեջ էր: Հասկանալու համար, թե հատկապես ինչն է հանգեցրել նորածինների մոտ նման խնդիրներին, սկսեցին մանրակրկիտ ուսումնասիրել և´«Թալիդոմիդ»-ը, և´ այն դեղամիջոցները, որոնց մեջ առկա է այդ դեղանյութը: Պարզվեց, որ այն բացի հակասթրեսային` այսինքն դեղաբանական հատկությունից, ունի նաև տերատոգեն (հրեշածին) ազդեցություն, որն էլ նորածինների մոտ առաջացրել էր ֆիզիկական խնդիրներ։ Եվ դա ահազանգ եղավ դեղագործների համար:

Եթե մինչ այդ սովորական քիմիական եղանակով ստանում էին հավասար քանակությամբ երկու իզոմերներ, որոնք իրարից բաժանելը շատ բարդ էր, ապա այդուհետ պետք էր մտածել` ինչպես կարելի է ստանալ միայն մեկ իզոմերը՝ դեղաբանական ազդեցություն ունեցող միացությունը։ Այդ ժամանակվանից սկիզբ առավ դեղագործության այն ուղղությունը, որն ընտրել է մեր զրուցակիցը` ասիմետրիկ սինթեզը։ «Այդ մեթոդով մենք սինթեզում ենք ոչ սպիտակուցային ամինաթթուներ, որոնք հումք են հանդիսանում մեծ քանակությամբ դեղերի համար: Չի կարելի ասել, թե մենք սինթեզում ենք դեղեր: Մենք սինթեզում ենք միայն կենսաբանորեն ակտիվ միացություններ, որոնք հետագայում կարող են մտնել որոշ դեղերի բաղադրության մեջ, օրինակ` հակաճնշումային, հակաբորբոքային, հակաուռուցքային և այլն: Դեղի արտադրական պրոցեսը բավականին ժամանակատար ու ծախսատար է: Հայաստանում չկան դրա համար բավարար պայմաններ ու հնարավորություններ,-բացատրում է Աննան ու շարունակում: -Ընդհանրապես, որպեսզի կենսաբանորեն ակտիվ միացությունը վերածվի դեղանյութի, պետք է անցնի բավականին երկար ճանապարհ։ Դեղերը ստեղծման գործընթացը, սովորաբար, սկսվում է լաբորատորիայում։ Այնուհետև սինթեզված միացությունը փոխանցվում է դեղագետին՝ պարզելու համար միացությունն օժտվա՞ծ է, արդյոք, դեղաբանական ակտիվությամբ։ Այս փուլը կոչվում է «սկրինինգ». Հետազոտությունները կատարվում են մանրէների, ֆերմենտների ու կենդանիների վրա։ Եվ եթե սինթեզված միացությունը ցուցաբերում է դեղաբանական ազդեցություն, հետո ստուգվում են թունայնությունն ու կողմնակի ազդեցությունները։ Եվ միայն դրական արդյունքի դեպքում դեղանյութը օգտագործվում է բժշկության մեջ` նշանակվում մարդկանց համապատասխան հիվանդությունների դեպքում:

 Տեղական շուկայի սահմանափակ հնարավորությունները

Երիտասարդ դեղագետ-քիմիկոսը, սակայն, հուշում է` ամեն մի փուլ կարող է տևել տարիներ և տանել հսկայական ֆինանսական միջոցներ ու, այդ ամենով հանդերձ, հնարավոր է սպասելի արդյունքը չստանանք:

Հայաստանն ունի գիտական ներուժ, բայց, ինչպես արդեն նշվեց, ներդրումների ու պայմանների բացակայությունը, թույլ չեն տալիս դեղի արտադրական ամբողջ գործընթացն իրականացնել տեղում: Այն, ինչ լաբորատորիայում երկար ու տքնաջան աշխատանքի արդյունքում ստանում են Աննան ու նրա գործընկերները, տրամադրում են ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիայի գիտա-արտադրական կենտրոնին, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա.Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտին՝ կենսաբանական (մանրէաբանական) ուսումնասիրությունների համար: Այսինքն` դեղերի արտադրական պրոցեսի այս` առաջին փուլը, Հայաստանում կատարվում է: Բայց դրանով չի սահմանափակվում գիտություն-արտադրություն կապը. ինչպես նշեց մեր զրուցակիցը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտա-արտադրական կենտրոնում ստացված ոչ սպիտակուցային ամինաթթուները նաև արտահանվում են: Կենտրոնն արդեն 7-8 տարի է, որ համագործակցում է գերմանական «Իրիս» և բելգիական «Ակրոս» ընկերությունների հետ:

Անդրադառնալով տեղական դեղագործական ընկերություններին` երիտասարդ մասնագետը ճշտում է. «Տեղական շուկայում գործող դեղագործական ընկերությունները միայն դրսից բերված դեղանյութերը (հումքը) վերածում են վաճառքային դեղի՝ այսինքն պատրաստի հումքից ստանում են դեղահաբեր, դեղապատիճներ և ներարկման լուծիչներ։

Շուկայից անցնելով սպառողին` դեղագետ-քիմիկոսը չի կարողանում շրջանցել շատերի մոտ նկատվող սխալ մոտեցումը` ինքնուրույն ախտորոշում տալու սովորությունը. «Առանց բժշկի հետ խորհրդակցելու խորհուրդ չի տրվում անգամ ցավազրկող դեղեր օգտագործել։ Կամ օրինակ՝ հարբուխի դեպքում հակաբիոտիկը չի կարող հաղթել վիրուսին»: Պարզվում է` շատերի կողմից «սիրելի» «պարացետամոլն» էլ, որ օգնության է հասնում նաև թեթև գլխացավի դեպքում, այնքան էլ անվտանգ չէ. «Ես դեղ չգիտեմ, որ չունենա կողմնակի ազդեցություն: Հակաբորբոքային միջոցները` «անալգին», «ասպիրին», «դիկլոֆենակ» և այլն, բոլորն էլ նպաստում են խոցի առաջացմանը, դա նրանց ամենամեծ բացասական ազդեցությունն է»:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում