Եթե Ադրբեջանը զենք գնի ԱՄՆ-ից, Հայաստանը փակելու՞ է ԱՄՆ դեսպանատունը

«Ռոսիա 24» հեռուստաընկերության վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցերին, տվել է պատասխաններ, որոնք արտացոլում են միայն մեկ կողմի շահերը, շրջանցելով այնպիսի կետեր, որոնք շատ ակնհայտ են, սակայն այդ պարզ հարցերին այդքան էլ հեշտ չէ պատասխաններ գտնել:
Մասնավորապես ասելով. «Եթե Ռուսաստանը դադարի Ադրբեջանին զենք վաճառելուց ու Ադրբեջանը իր զենքը գնի ԱՄՆ-ից, Հայաստանը փակելու՞ է ԱՄՆ դեսպանատունն իր տարածքում, խզելու՞ է դինանագիտական հարաբերությունները նրա հետ»:

Սակայն այդ հարցերին, փորձենք պատասխանել հաշվի առնելով օբյեկտիվ իրականությունը, քանի որ Սոլովյովի մոտեցումների խիստ սուբյեկտիվ են ու արտացելված միակողմանի շահի արտահայտման տեսանկյունից:

Հայաստանը բնականաբար չի փակի ԱՄՆ դեսպանատունը ու չի խզի դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ: Պատճառն այն է, որ որքան էլ մեզ տհաճ լինի Ադրբեջանի սպառազինման ցանկությունը, այնուամենայնիվ մենք չենք կարող ԱՄՆ-ին մեղադրել այդ երկրին զենք վաճառելու համար: Ինքներս նույնպես կարող ենք զենք գնել նույն ԱՄՆ-ից: ԱՄն-ն ազատ է իր մոտեցումներում, նա կարող է զենքի վաճառքը դիտարկել սոսկ իր ֆինանսական շահերի տեսանկյունից, առանց կողմերից մեկի նկատմամբ որևէ պատասխանատվության: Ի տարբերություն Ռուսաստանի, մենք ԱՄՆ-ի հետ չունենք ռազմավարական դաշնակցության պայմանագիր: Ի տարբերություն Ռուսաստանի, մենք ԱՄՆ-ի հետ չենք գտնվում անվտանգության ապահովման նույն համակարգում: Ի տարբերություն Ռուսաստանի, մենք ամնի հետ չենք գնտվում նույնիսկ նույն տնտեսական համագործակցության գոտում:

Այլ խոսքով ինչպես մենք ԱՄՆ-ի նկատմամբ չունենք ռազմավարական պարտավորվածություն, այնպես էլ ԱՄՆ-ը մեր նկատմամբ:

Սակայն այդ ամենը չի տարածվում Ռուսաստանի վրա: Եթե ոչ բարոյական, քանի որ բարոյական մոտեցումները տեղ չունեն քաղաքական հաշվարկներում, ապա իրավական պարտավորվածություններ Ռուսաստանն ունի: Երբ ռազմական դաշնակիցը զենք է վաճառում իր դաշնակցի հակառակորդին, դա դրանով կասկածի տակ է դնում դաշնակցային հարաբերությունները: Նա դրանով հավելյալ անգամ ապացուցում է պատմականորեն արդեն բազմիցս ապացուցված այն իրողությունը, որ Ռուսաստանը երբեք չի եղել հուսալի գործընկեր, հուսալի դաշնակից:

Սոլովյովի հաջորդ միտքն այն է, որ աշխարհում կա սպառազինության երկու խոշոր մատակարար՝ ՌԴ-ն և ԱՄՆ-ը, իսկ մատակարարում նշանակում է մրցակցություն տարածաշրջանում: Այստեղ վերլուծաբան ավելի անկեղծ է, քանի որ ըստ էության ուղիղ խոսքով հայտարարում է, որ իրենց չեն հետաքրքրում դաշնակցային պարտավորվածությունները, այս սոսկ առաջնորդվում են գլխավոր մրցակցին առաջ անցնելու սկզբունքով: Այս սկզբունքն իր մեջ ներառում ե թե քաղաքական, և թե տնտեսական ասպետները:

Այստեղ հարց է առաջանում, եթե Ռուսաստանը երկրորդում է իր ռազմավարական դաշնակցի պարտավորվածությունները, ապա ի՞նչն է խանգարում Հայաստանին վարվել նույն կերպ: Պարզ տրամաբանությունւ հուշում է, ոչինչ:

Սոլովյովը շեշտում է ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում, որպես ռուսաստանին զենք մատակարարելու հակակշիռ ու փաստում, որ նրա բացակայությունը կհանգեցներ լրիվ այլ աշխարհաքաղաքական դասավորվածությանը տարածաշրջանում:

Այս հայտարարության մեջ կա և ակնարկ Թուրքիայի առումով և թաքնված սպառնալիք Հայաստանի նկատմամբ: Նախ փաստենք, որ ռուսական ռազմակայանը չի հանդիսանում արգելք, Ադրբեջանի կողմից ռուսական զենքերով իրականացվող բացահայտ ագրեսիվ դրսևորումներին: Բացի այդ ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում ավելի շատ ծառայում է հենց ռուսների օգտին, քան Հայաստանի, քանի որ դա ապահովվում է ռուսների ներկայացվածությունը տարածաշրջանում: Նրանք հավանաբար մոռացել են, որ իրենց հետևողական դուրս մղեցին տարածաշրջանի բոլոր երկրներից ու Հայաստանը մնաց միակը, ով «ապաստանեց» իրենց: Անշուշտ ցանկացած պետություն առաջնորդվում է իր շահերով, սակայն սեփական շահերը մյուս կողմին հրամցնելով որպես լավություն, նվազագույնը ցինիզմ է:

Սոլովյովի վերջին միտքը, որ ռուսական զենքը Ադրբեջանում է հայտնվել դեռևս խորհրդային ժամանակներից, այն աստիճան անհեթեթություն է, որ դրան նույնիսկ անդրադառնալ էլ չարժե: 

Իսկ այն մոտեցմանը, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա ղարաբաղյան հակամարտությունը լուծվի ուժի կիրառման ճանապարհով, ինչպես վստահեցրել է Սոլովյովը, մասամբ պետք է համաձայնվենք, քանի որ Անցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, հենց ռուսների միջամտությունն էր հայկական կողմի առաջխաղացման կասեցման պատճառը: Մնում է միայն կասկածանք հայտնել, որ Ռուսաստանին առհասարակ ձեռնտու չէ ղարաբաղյան հարցի կարգավորումը, քանի որ կարգավորման արդյունքում թե նվազի իր զենքի վաճառքի ծավալները, թե կդադարի իմաստ ունենալ իր ռազմակայանի առկայությունը որպես «մեծագույն պարգև» ներկայացնելու անհրաժեշտությունը:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում