Բացվել է Հայաստանում արևային էներգիայի իրազեկման առաջին կենտրոնը

«Արփի սոլար» ընկերությունը, որն արդեն հինգ տարի գործում է արևային էնեգետիկայի ոլորտում, բացել է Հայաստանում առաջին հանրային իրազեկման կենտրոնը: Ինչպես բացմանը նշեց ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, իրազեկումն այս պահին առաջնահերթ խնդիր է` արևային էներգահամարգերի արդյունավետությունը սպառողներին հասցնելու համար: « Արևային համակարգ տեղադրելու համար որևէ մեկից ներդրում չի պահանջվում: Սպառողն, ուղղակի, իր միջոցները փոխանցում է ֆինանսական կազմակերպությանը, և հինգ տարի անց ծածկվում է ծախսը, որից հետո 20- 25 տարի համակարգն անվճար ծառայում է նրան»,-նշեց Հայկ Չոբանյանը:

«Արփի սոլար»-ը զբաղվում է արևային համակարգերի ինտեգրմամբ: Հայստանում դեռևս արևային համակարգեր չեն արտադրվում: Եվ ինչպես նկատում է ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանը, դա բավականին մեծ ռիսկ կլինի, քանի որ սպառողների շուկան դեռևս փոքր է: Եվրոպական բազմաթիվ երկրներում արդեն ձևավորված արևային էներգիայի մշակույթը Հայաստան բերելու համար «Արփի սոլար»-ը մշակել է ռազմավարություն, որի առաջին քայլը հենց հասարակությանն արևային էներգիայի արդյունավետությունը հասու դարձնելն է. « Արևային էներգիան կայուն էներգիա է: Ցերեկային ժամերին էլեկտրաէնեգիայի սպառման ծավալները զգալիորեն մեծ են գիշերային սպառումից, իսկ արևային էներգիան արտադրվում է հենց ցերեկը, դրա համար էլ այն կայունացնող դեր ունի: Մյուս առավելությունը տնտեսական առումով էներգախնայողության իրականացման հնարավորությունն է, ինչի արդյունքում սուբյեկտի ծախսերը կրճատում են: Արևային բնապահպանական առումով էլ առավելություն ունի. օգնում է ազատվել չվերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի պահանջից»,-ասում է Կարեն Կարապետյանը: Վերջինիս համոզմամբ` իրազեկման խնդրի լուծումը կհանգեցնի արևային էներգիայի խնդրի լուծմանը:

Եվրոպական ու չինական առաջատար ընկերությունների հետ համագործակցող «Արփի սոլար»-ը, ինչպես վստահեցնում են ներկայացուցիչները, տեղական շուկայում առաջատար դիրք ունի` ունեցած պահանջարկի, ստացած պատվերների, կատարած աշխատանքի ծավալի առումով: Ներկայացված լինելով Հայաստանի բոլոր մարզերում ու Արցախում` ընկերությունը զարգացման մեծ հեռանկարներ է տեսնում: Ընկերության փոխտնօրենի խոսքով` տեղեկացվածության բարձրացմանը զուգահեռ` երկրաչափական պրոգրեսիայով աճում է պահանջարկը: « Կան մարզեր, որոնք առաջատար են. տոկոսային առումով առաջատարը Գեղարքունիքն է, քանակապես` Երևանը: Մոտ ապագայում իրավիճակի կտրուկ բեկում կարող է լինել, և Հայաստանը, շատ երկրների պես, կանցնի արևային էներգիայի օգտագործմանը»,-լիահույս է Կ. Կարապետյանը:

Առաջին հերթին ոչ թե բիզնես շահի, այլ` իրազեկման վրա շեշտը դնող ընկերության քայլը`արևային էներգայի իարզեկման կենտրոն բացելը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ողջունելի և համարձակ քայլ է համարում. «2012թ. հիմնված ընեության նման լուրջ քայլն, առաջին հերթին, վկայում է այն մասին, որ շուկայի զարգացման իրական հեռանկար են տեսել: Մենք բոլորին փորձում ենք հասկացնել, թե ինչ արդյունավետություն ունեն արևային ֆոտովոլտային համակարգերը, ջրատաքացուցիչները, մասնակի ջեռուցման համակարգերը, որոնք, ի դեպ, հայկական շուկայում նորություն են: Կենտրոնում այսուհետ մեկ պատուհան սկզբունքով ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հնարավոր կլինի լուծել արևային համակարգ տեղադրելու հարցը»:

Ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Չոբանյանն էլ հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ հանրապետության բոլոր մարզերում կունենան նման կենտրոններ: «Հաջորդը կլինի Շիրակի մարզում: Ռեգիոնալ զարգացումը մեր առաջիկա ծրագրերում կարևոր տեղ է ունենալու: Մեր փորձը` մասնավորապես Գեղարքունիքում, ցույց տվեց, որ եթե կենտրոնանում ես կոնկրետ տարածաշրջանի վրա, ապա արդյունավետությունն ավելի բարձր է լինում»:

Որ Հայաստանում մի օր արևային էներգետիկան կդառնա մասսայական մշակույթ, Հ. Չոբանյանը չի կասկածում` առավելևս, որ դրանով կլուծվի նաև էներգետիկ անկախության ու անվտանգության խնդիրը:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում