Հ. Հակոբյան. Սփյուռքին վերաբերող խնդիրներն ու հարցադրումներն ուսումնասիրվում են գիտական մակարդակով

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանին, նույն համալսարանի սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանին, լեզվաբան Անդրանիկ Եղիայանին, Ամերիկայի Միացյալ Նաhանգներում գործող «Diaspora» ամսագրի խմբագիր Խաչիկ Թեոլեոլյանին: Վերջիններս, ինչպես հայտնում են Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, Հայաստան էին եկել՝ մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի և Բեյրութի Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» խորագրով գիտաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի Նախարարությունից:

ՀՀ սփյուռքի նախարարի հետ հանդիպմանը Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը շնորհակալություն է հայտնել Հակոբյանին՝ մատնանշելով, որ վերջին տարիներին Սփյուռքի նախարարության շնորհիվ է, որ ակտիվացել է Երևանի պետական համալսարանի և Բեյրութի Հայկազյան համալսանի կարևոր համագործակցությունը: Նա նաև կարևորել է Սփյուռքի նախարարության մշտական ներկայությունը համալսարանի կողմից իրականացվող ձեռնարկներում:

Հ. Հակոբյանն անդրադարել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերին: Նրա խոսքով՝ գիտական ուսումնասիրությունների մակարդակով են հետազոտվում Սփյուռքին վերաբերող խնդիրներն ու հարցադրումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայկական Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերները. հայապահպանության, լեզվի պահպանության հիմնախնդիրները: Նշվեց, որ այս համատեքստում նախարարության իրականացրած հայրենաճանաչության, կրթական և մշակութային ծրագրերի ազդեցությունը նկատելի է աշխարհասփյուռ հայության՝ ազգային գաղափարախոսության շուրջ համախմբվելու հարցում:

Անդրադարձ է կատարվել նաև Սփյուռքում առկա հիմնախնդիրներին, հայրենադարձված սփյուռքահայերին Հայաստանում ապրելու և հաստատվելու իրական հնարավորություններին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ գործունեությունը նախարարության ծրագրերի շրջանակներում, հատկապես՝ համահայկական նշանակության գաղափարների շուրջ համախմբելու գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում