Խորհրդարանական ընտրություններ 2017. Անառողջ մթնոլորտ թիվ 1 ընտրատարածքում

Խորհրդարանական ընտրություններ 2017. Անառողջ մթնոլորտ թիվ 1 ընտրատարածքում

Թիվ 1 ընտրատարածքում, որը ներառում է Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, դժվար է ձևավորված մթնոլորտր համարել քաղաքական առողջ ընտրապայքար: Առաջադրված թեկնածուների շարքում կան մարդիկ, ովքեր կրում են գաղափարներ, անկախ նրանից որչափ են դրանք ընդունելի կամ ոչ: Բայց ցավոք այդ մարդիկ չեն կարող քաղաքական մրցակություն առաջադրել գլխավոր մրցակիցներին, քանի որ այդ ընտրատարածքում կեղծիքն ու երեսպաշտությունը, ֆինանսական ու վարչական լծակների առկայությունն այնքան շատ են, որ քաղաքական մոտեցումները երկրորդվում են այդ ամենի ֆոնին:

Իսկ առավելագույն ձայներ ակնկալողները հիմնականում երկուսն են՝ Ռոբերտ Սարգսյանն, ով Տարոն Մարգարյանի աներորդին է և Միհրան Հակոբյանը, ով առավելապես հայտնի է, որպես Քետրինի Միհրան:

Թեպետ նրանք երկուսն էլ ներկայացնում են միևնույն քաղաքական ուժը, բայց մրցակից են նաև իրար, քանի որ երկուսն էլ սեփական թիմին ապացուցելու բան ունեն: Եթե առաջինը պետք է ապացուցի, որ ինքն արդեն կայացած քաղաքական գործոն է ու Տարոն Մարգարյանի ազգական լինելը, եթե անցյալում որոշիչ էր, հիմա այլևս ոչ, ապա երկրորդի դրությունը շատ ավելի բարդ է ու խճճված: Նա ապացուցելու շատ ավելի մոտիվացիա ունի, քան թերևս մնացած բոլորն իրար հետ վերցրած: Եվ հենց այդ ապացուցելու մոլուցքն էլ Միհրան Հակոբյանի քարոզարշավը մի շարք դրվագներում վերածում է զավեշտի, կեղծիքի չափազանց առկայության հետևանքով, որոշ դրվագներում էլ անցնում է բարոյականության նորմերը:

Բարոյական չէ, երբ զոհվածի ծնողներին, օգտվելով նրանց ֆինանսական, նյութական ծանր վիճակից, օգտագործում են նախընտրական քարոզչության նպատակով:

Իսկ զավեշտը կայանում է նրանում, որ ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ԴԱՀԿ նախկին պետը հայտարարում է, որ միշտ եղել եմ ձեր կողքին: ԴԱՀԿ-ն Հայաստանում այն կառույցներից մեկն է, որի գործունեությունը օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով, գրեթե երբեք դրական չի ընկալվել ու ԴԱՀԿ-ի պետի մարդկանց կողքին գտնվելն ավելի շատ չարագուշակ հնչեղություն ունի:

Բացի այդ զավեշտ է, երբ պետական պաշտոնյային օֆշորային սկանդալի պատճառով պաշտոնանկ են անում, ինչից հետո կանաչ լույս են վառում նրա առջև երկրի օրենսդիր մարմնում հայտնվելու համար: Իսկ որպես հաղթաթուղթ, ակնհայտ է, որ Միհրան Պողոսյանի ընտրվելու միակ գրավականը ֆինանսական միջոցների կիրառումն է:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Տավուշում ուրվագծվում են առաջատարները

Նույն ընտրատարածքում են առաջադրված նաև Ստյոպա Սաֆարյանւ ու Վլադիմիր Կարապետյանը: Երկուսի պարագայում էլ արտաքնապես առկա են գաղափարական մոտեցումներն ու ծրագրային դրույթները: Երկուսի ընտրապայքարն էլ կարելի է համարել մաքուր քաղաքական, սակայն այնուամենայնիվ երկու դեպքում էլ կան խոցելի պահեր:

Ստյոպա Սաֆարյանի մոտեցումներում մեծ է պոպուլիզմի չափաբաժինն ու համենայն դեպս այս պահի դրությամբ անիրականանալի մոտեցումները: Երբ հայտարարվում է, որ մենք դուրս կբերենք Հայաստանը ԵԱՏՄ-ից ու կդարձնենք Եվրամիության անդամ, ապա որքան էլ այդ խոստումները հրապուրիչ լինեն, պետք է փաստենք, որ դրա իրագործումը ներկա պահին անհնար է ու հղի բազմաթիվ վտանգներով, այդ թվում և անվտանգության առումով:

Եթե Ստյոպա Սաֆարյանը դա խոստանում է իրականացնել մոտակա 20 տարիների ընթացքում, դա միանգամայն այլ հարց է, սակայն ընտրողը ակնկալում է շատ ավելի առարկայական ու մոտ ժամանակներում իրականանալի փոփոխություններ:

Բացի այդ Հայաստանի տնտեսական զարգացումը կարելի է ապահովել առանց այս կամ այն աշխարհագրական բևեռից կախման մեջ ընկնելու ակնկալիքով: Եթե դու սեփական երկրիդ զարգացման հեռանկարը տեսնում ես միայն կոնկրետ հովանավորների շնորհիվ, ապա նույնիսկ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխմանը հասնելու դեպքում էլ, վարկանիշային առումով ոչինչ չես ստանում:

Վլադիմիր Կարապետյանի պարագայում վիճակը շատ ավելի հետաքրքիր է ու երկդիմի: Սովորաբար կան մարդիկ, ովքեր հակված են մոռանալու իրենց նախկին աշխատանքային գործունեությունն ու մոտեցումները, եթե առհասարակ ունենում են այդպիսին:

Ժամանակին լինելով Վարդան Օսկանյանի մամլո խոսնակը, Վլադիմիր Կարապետյանը կարծես հանդիսանում էր օրվա իշխանության համակիրն ու իրականացվող քաղաքականության կրողներից մեկը: Իրենց իսկ գերատեսչության կողմից կերտվող «կոմպլեմենտար» քաղականության տեսլականում ոնց որ թե չէր ուրվագծվում խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն թեզը: Ավելին, իր անմիջական ղեկավարը արտաքին գործոց նախարարի տեղակալից դարձավ նախարար հենց այդ թեզի մերժման արդյունքում, թեպետ այդ նույն թեզն այն ժամանակ մատուցվում էր այլ սոուսով:

Մի քիչ անբնական է տարիներով ծառայել իշխանություններին, հանդիսանալ նրանց քաղաքականության ազդարարողներից մեկը, այնուհետև աշխատանքը կորցնելուց հետո հակվել միանգամայն հակադիր մոտեցման:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Երկու մարզ, մեկ ընտրատարածք

Բայց ինչևէ, համաձայն լինելով կամ չլինելով այս առաջարկներին, ամեն դեպքում դրանք ունեն քաղաքական բնույթ, որոնք մրցակցելու են ֆինանսների հետ ու պարտվելու: Սակայն ոչ թե պարտվելու են մերժելի լինելու պատճառով, այլ քաղաքական գործընթացների նկատմամբ խեղված ընկալումների արդյունքում:

Առհասարակ երբ նույնիսկ մերժելի կամ տվյալ պահին ոչ իրատեսական քաղաքական մոտեցումը պարտություն է կրում փողի հետ պայքարում, դրանով ոչ թե պարտվում է կոնկրետ տվյալ թեկնածուն, այլ պարտվում է քաղաքական համակարգը, պարտվում են գաղափարներն ու ծրագրերը, պարտվում է առհասարակ քաղաքականություն կոչվածը: Սա ցավալի իրականություն է, որն արտացոլվում է գրեթե բոլոր ընտրատարածքներում:

Ինչ վերաբերում է Մհեր Շահգելդյանին, ով ևս առաջադրված է նույն ընտրատարածքում, ապա թեպետ նրան նույնպես կարելի է համարել որոշակի գաղափարներ ու ծրագրեր կրող, սակայն ինչպես փորձը ցույց է տվել նախորդ ընտրություններից, այդ քաղաքական ուժը նախընտրում է ընտրությունների շեմին հանրությանը մատուցել տարբեր բնամթերքներ, պահածոյացված տեսքով:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում