Մետաղական հանածոների հետքերով. երիտասարդ երկրաբանի առաքելությունը

Մետաղական հանածոների հետքերով. երիտասարդ երկրաբանի առաքելությունը

Պղինձը, ոսկին ու մենք

Մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի որոնումը Հարություն Մովսիսյանի համար թե´ մասնագիտություն է, թե´ նախասիրություն: ԵՊՀ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտն ապագա երկրաբաններին դասախոսություն կարդալուց բացի, փորձում է նաև հասկանալ, թե որտեղ կարելի է փնտրել պղինձ, ոսկի կամ մոլիբդեն. սա պարզ լեզվով ասած, բայց իրականում այն, ինչ անում են Հարությունն ու իր գործընկերները, բավականին բարդ ու ոչ միշտ է արդյունավետ:

Հստակ հաշվարկել, թե բնությունն ինչ և որքան է ստեղծել ընդերքում, հնարավոր չէ, սակայն մոտավոր հաշվարկ մասնագետները փորձում են անել: «Հանքարդյունաբերությունը տնտեսության ամենակարևոր և միևնույն ժամանակ ամենառիսկային ոլորտներից մեկն է: Ընդերքի գնահատումն իրականացվում է իրարից բավականին մեծ (նվազագույնը 50-60մ) հեռավորության վրա գտնվող կետերի տվյալների հիման վրա, իսկ թե ինչ է իրականում տեղադրված այդ երկու կետերի միջև, ոք չի կարող ասել, հնարավոր է` ոչինչ էլ չլինի: Մենք հաշվարկում ենք առկայության կամ բացայակության տոկոսային հարաբերությամբ»,-ասում է երիտասարդ երկրաբանը:

Սակայն որքան էլ մոտավոր լինեն հաշվարկները, Հարությունի խոսքով, հանքավայրերի որոնումը, հետախուզումն ու պաշարների գնահատումը` նախքան շահագործումը, պարտադիր պայմաններ են: Դա բացատրվում է նրանով, որ նախ` հանքավայրի շահագործումը մեծ ներդրումներ է պահանջում, ըստ այդմ` ծախսերը պետք է հաշվարկել` հասկանալու համար արժե՞, արդյոք, շահագործել, թե ոչ: Երկրորդ` ցանկացած հանքի շահագործում շրջակա միջավայրի վրա բացասական ներգործություն է ունենում, ուստի կարևոր է ճիշտ կազմել հանքարդյունահանման նախագիծը, հաշվարկել հնարավոր հետևանքները: «Հանքարդյունահանումը կարող է բերել տարածքի ռելիեֆի ձևի, հողերի նպատակային նշանակության փոփոխության, անտառահատումների մակերեսների մեծացման, արտադրական մեծ մակերեսների առաջացման, դեպի ջրային ավազան ու մթնոլորտ թունավոր նյութերի ներթափանցման, որն էլ իր ազդեցությունն է ունենում մարդկանց առողջության վրա: Սակայն հանքարդյունաբերությունը ճիշտ ձևով իրականացնելու դեպքում կարելի է զգալի նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը»,-ասում է նա:

Պոչամբարների օգուտն ու վնասը

Այն, ինչ անում է Հարությունը, հանքարդյունահանման նախնական փուլն է. դրան հաջորդում է բուն գործընթացը` իր ինչպես կանխատեսելի, այնպես էլ անակնխատեսելի կողմերով հանդերձ: Ընդերքից հանված հանածոները նախնական վերամշակման ենթարկելուց հետո մեծ քանակությամբ թափոններ են մնում, որոնք, համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, խիստ վտանգավոր են դառնում շրջապատի ու կենդանի օրգանիզմների համար: «Վերամշակման ընթացքում օգտագործվում են բազմաթիվ ռեագենտներ, իսկ վերամշակման պոչերում առկա են 200-ից ավել վնասակար միացություններ, որոնք ունեն ինքնաոչնչացման տարբեր ժամանակահատվածներ` մի քանի ամսից մինչև տասնյակ հազարավոր տարիներ: Հատկապես սուլֆիդային հանքաքարերի վերամշակման պոչերում ծանր մետաղների մի մասը կարող է տարալուծվել ջրի մեջ, այնտեղից էլ` հողի, հողից էլ` բույսերի, կենդանիների ու մարդու օրգանիզմ:

Դա պոչամբարների հիմնական խնդիրն է: Բացի դրանից, քանի որ պոչամբարների մակերևույթը բաց է և ընդգրկում է մեծ մակերես, վնասակար նյութերը ջրի հետ գոլորշիանում և փոշու հետ օդ են բարձրանում` աղտոտելով շրջակա միջավայրը»,-բացատրում է երիտասարդ գիտնականը:
Վերջին շրջանում Հարությունը զբաղվում է հենց լեռնահանքային արդյունաբերության թափոնների ուսումնասիրությամբ` ՀՀ հյուսիսային և հարավային մասերում. «Վերջերս կարողացանք մոդելավորել Ողջի պոչամբարը: Դաշտային չափումների, քարտեզագրական և այլ նյութերի հիման վրա ստացանք եռաչափ մոդել: Գնահատելով տեխնածին օգտակար հանածոների մոտավոր պաշարներն ու օգտագործման հնարավորությունները` եկանք այն եզրահանգման, որ պոչամբարը երկրորդային վերամշակման ենթարկելը ձեռնտու չէ, քանի որ կար շրջակա միջավայրին սպառնացող մեծ վտանգ: Փոխարենն առաջարկեցինք վերամշակել հյուսիսում, ավելի կոնկրետ` Ախթալայում և Ալավերդիում գտնվող պոչերի մի մասը: Դրանք քանակությամբ ավելի քիչ էին, սակայն հարուստ ու հեռանկարային»:

Այն, ինչ անում են Հարությունն ու գործընկերները, անում են հիմնականում սեփական հնարավորություններով ու գիտության առաջընթացից հետ չմնալու համար: Տեղական կամ արտասահմանյան արդյունահանող ընկերությունների հետ համագործակցության դեպք չի հիշում երկրաբանը: Նրա խոսքով` գիտական մակարդում ձեռք բերվածը կիրառել չի հաջողվում, քանի որ ընդհատված է գիտություն-արտադրություն կապը: Այդ առումով բացառություն է, թերևս, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵՊՀ փոխըմբնման հուշագրով 2012թ. ստեղծված կայուն զարգացման կենտրոնը, որտեղ ընդգրկված մասնագետ-փորձագետներն իրականացնում են շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ուսումնասիրություններ, որպեսզի աջակցեն կառավարությանը` լուծելու դրանք: Գիտական նվաճումների օգտագործվող ծավալները, այդուհանդերձ, քիչ է համարում երկրաբանը` հաշվի առնելով լեռնային հանքարդյունաբերության տնտեսական մեծ պոտենցիալը:

Համաձայն չլինելով հանքարդյունաբերության միայն բացասական կողմերի վրա կենտրոնացողների հետ`Հարությունը մատնանշում է նրա դրական կողմերը. «Հանքերի շահագործումը երկրի տնտեսությանը ապահովում է, առաջին հերթին, հումքային բազայով և աշխատատեղերով: Հումքը ստացվում է հիմնականում խտանյութի տեսքով, որի 25-30 տոկոսն է կազմում հիմնական մասը: Մետաղաձուլման աշխատանքներ Հայաստանում հիմնականում չեն կատարվում, կիսաֆաբրիկատն արտահանվում է, ինչի հիման վրա ներմուծող երկրում զարգանում են տնտեսության այլ ճյուղեր` կորզելով նաև խտանյութում առկա այլ բաղադրիչները»,-ափսոսանքով նշում է երիտասարդ գիտնականը:

Խոր վերամշակման և վերջնական արտադրանքի ստացման քայլեր տեղում անելու դեպքում, ինչ խոսք, տնտեսական օգուտներն ավելի շատ կլինեն, բայց դրա համար` նախ անհրաժեշտ են միջոցներ, և, որ ամենակարևորն է, առկա է շրջակա միջավայրին մեծ վնասներ հասցնելու իրական վտանգ:

 Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում