Ցանկանում եմ, որ քաղաքականությամբ զբաղվեն այն մարդիկ, ովքեր այդ մշակույթի կրողն են. Հ.Կարապողոսյան

Հարցազրույց թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն) «ՀՀԿ» ցուցակով առաջադրված անկուսակցական Հարություն Կարապողոսյանի հետ

-Ի՞նչ կփոխեիք մեր երկրում ձևավորված քաղաքական մշակույթում:

-Ցանկանում եմ, որ քաղաքականությամբ զբաղվեն այն մարդիկ, ովքեր այդ մշակույթի կրողն են: Պարտադիր չէ, որ բոլորը քաղաքագետներ լինեն, եթե մարդը որևէ ոլորտում իրեն տեսնում է և կոնկրետ ոլորտում անելիք ունի, կարծում եմ, դա արդեն քաղաքականություն է:

Մշակույթի, կրթության կամ գիտության ոլորտներում օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու համար պարտադիր չէ, որ անձը քաղաքագետ լինի, փոխարենը՝ կարևորում եմ մեծ քաղաքականության մեջ քաղաքագետների դերը: Մյուս կողմից էլ, ես շատ լավ հասկանում եմ, որ մարդու էությունն այս պարագայում մեծ նշանակություն ունի. մարդը կարող է լինել շատ լավ նկարիչ, բայց՝ ոչ լավ մարդ, չնայած իմ համոզմամբ, լավ մարդը չի կարող վատ նկարիչ լինել, լավ մարդը չի կարող վատ բժիշկ լինել (չափորոշիչը թողնում եմ ընթերցողին), որովհետև ամեն-ինչ հարաբերական է: Մի որևէ երևույթ, որն ինձ համար ընդունելի է, մեկ ուրիշի համար հնարավոր է անընդունելի է:

Ես չեմ ընդունում, որ քաղաքական գործիչներն «ափերից» երբեմն դուրս են գալիս, կամ որոշ կոպիտ արտահայտություններ են անում: Անընդունելի է, երբ քաղաքական գործիչը չի կարողանում զսպել ինքնատիրապետումը, մյուս կողմից էլ՝ հասկանում եմ, որ երբեմն պատճառը այս կամ այն սադրանքն է (ոչ բոլորին է տրված նյարդերին տիրապետել): Բայց կա մի սահման, որից անցնել չի կարելի, և եթե ամեն մեկն ըմբռնումով մոտենա և հարգի դիմացինին, նրա աշխատանքը, ապա ամեն ինչ ճիշտ կլինի: Տա՛ աստված, որ մեր խորհրդարանը և մեր երկրում քաղաքականությամբ զբաղվողներն այս հիմնադրույթը ընդունեն որպես չափանիշ՝ առաջնային տեղ տալով իրենց վարվելակերպին:

-Ի՞նչ գնահատական կտայիք քարոզարշավի ընթացքին:

– Աստիճանաբար մարդկանց ակտիվությունն ավելանում է, և կարծում եմ, որ քաղաքական գործչի աշխատանքը հենց այդ է. ակտիվության պիկը հասցնել այն կետին, որ մարդիկ ընտրություն կատարեն: Կարծում եմ, երբ մարդը մտնում է քվեախցիկ միայնակ է մնում իր խղճի հետ և ճիշտ ընտրություն կկատարի: Այլ բան է, որ քաղաքական որոշ ուժեր իրար զազրախոսում են՝ մեկը մյուսի վրա ցեխ շպրտելով: Բնական է, մեր մոտ քաղաքական մշակույթը դեռ այն մակարդակի չի հասել, ինչպես՝ Հոլանդիայում, Դանիայում, Սինգապուրում, որպեսզի քաղաքական ուժերը ուշադրություն չդարձնեն մրցակից ուժերի վրա, և միայն ներկայացնեն իրենց տնտեսական ծրագիրը կամ տեսլականը: Ցավոք, մեր մոտ միայն ծրագերի պատերազմ չէ, բայց կարծում եմ, որ շուտով այստեղ էլ դրական տեղաշարժերի ականատեսը կլինենք: 1995 թվականից ես քաղաքականության մեջ եմ, և երբ հետհայացք եմ գցում, ահռելի տարբերություն եմ տեսնում: Այժմ առաջընթաց կա. համեմատաբար ավելի ցիվիլ են, մարդկանց հետ շփումներն ավելի անմիջական են:

-Ի՞նչ կմաղթեիք Ձեր ընտրողներին:

– Իմ ընտրողներին, ինչու չէ նաև «Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ» ընտրատարածքում բնակվողներին մաղթում եմ ճիշտ ընտրություն կատարել: Էրեբունցիներին ասում եմ, որ եթե ինձ ձայն տան, ապա չեն փոշմանի: Իմ ապրելաձևով ես դա արդեն ապացուցել եմ, և եթե ոմանք պետք է իրենց խոստումների համար ձայներ ստանան, ապա ես՝ իմ արածների:

Հարցազրույցը վարեց Աննա ԱՎԵՏՅԱՆԸ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում