Ավստրալիայում կկրճատվի հայալեզու ռադիոհաղորդումները

Ավստրալիայի բազմամշակութային ու բազմալեզու հեռարձակող ընկերությունը որոշում է կայացրել կրճատել հայերենով ռադիոհաղորդումների ժամաքանակը:

Ինչպես հաղորդում է  Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, նրանք կոչ են  անում Ավստալիայի հայությանը առցանց դիմումագրեր հղել’ կանխելու ավստալիական հատուկ հեռարձակման մատակարարի որոշումը’ հայալեզու ռադիոհաղորդումների ժամաքանակի կրճատման և թվայնացման վերաբերյալ:

Ընկերությունն իր որոշումը բացատրում է նրանով, որ վերջին մարդահամարի ժամանակ ազգությամբ հայ քիչ թվով մարդիկ են գրանցվել: Այդ պատճառով էլ նպատակահարմար չէ հայալեզու հաղորդումներին մեծ քանակությամբ ժամերը հատկացնելը:

«Սույն որոշումը խիստ սահմանափակում է այն ունկնդիրների իրավունքները, ովքեր չեն կարողանում օգտվել թվայնացված ծրագրերից կամ ինտերնետից, ինչպես նաև նրանց, ովքեր առաջարկված ժամերի ժամանակ աշխատանքի վայրում են գտնվում:

Հայոց լեզվով հեռարձակվող ռադիոհաղորդումները շաբաթական երեք ժամից մինչև մեկ ժամ կրճատելու Ձեր որոշումը հիմնված է Ավստրալիայի վերջին մարդահամարի տվյալների վրա: Սակայն մարդահամարը չի արտացոլում Ավստրալիայի հայ համայնքի անդամների իրական թիվը, քանի որ հարցաթերթիկում չկա հայությունը որպես ազգություն նշելու հնարավորություն, և անձն ինքնություն պետք է ներմուծի այդ տեղեկությունը:

Այս կամայական որոշումը բացասական ազդեցություն կունենա ռադիոունկնդիրների վրա, հատկապես հատկացված ժամերի պատճառով’ 17:00-18:00-ը, երբ շատերը դեռ աշխատանքի վայրում են գտնվում: «Հատուկ հեռարձակման մատակարար»-ը սույն որոշումը կայացնելիս հաշվի չի առել ավստրալահայ համայնքի անդամների շահերը: Մենք կոչ ենք անում անմիջապես հետ կանչել այս անտրամաբանական որոշումը և վերականգնել հայերենով հեռարձակվող հաղորդումների ժամերը»,- նշված է դիմումագրի մեջ:

1976 թվականից ի վեր «Հատուկ հեռարձակման մատակարար»-ի կողմից հեռարձակվող հայալեզու ռադիոհարդումները տեղեկատվության կարևոր աղբյուր է եղել տեղի հայ համայնքի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում