Համեմունքի մշակույթը Երևան բերած «Հալեպը». մի հաջողված բիզնեսի պատմություն

Արևելյան «համ ու հոտ»-ի առաջին ծիծեռնակը

Ալին Մասրելյանը և Գևորգ Սարյանը Հալեպում ապրում և աշխատում էին բավականին լավ: Բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան բաց էր մնում, որը լրացնել Հալեպը չէր կարող… դա հայրենիքն էր: Եվ ահա ամուսինները որոշեցին տեղափոխվել Երևան: Ինչպես ասում է տիկին Ալինը, երեխաները պետք է խոսեին հայերեն, ամուսնանային հայի հետ: Դա այն կարևոր հարցն էր, որ սիրիահայ ամուսիններին ստիպեց թողնել Հալեպի հարուստ կյանքն ու 1998թ. տեղափոխվել մութ ու ցուրտ Երևան:

Մասնագիտությամբ շինարար Ալին Մասրելյանը այն ժամանակ չէր կարող երազել Երևանում շենքեր նախագծելու մասին: Աշխատելու սովոր ամուսինները պետք է մի գործով զբաղվեին` սեփական գործով: Բիզնեսի մեջ փորձ ունեին, բայց` բոլորովին այլ պայմաններում. 7-8 միլիոնանոց քաղաք, հստակ ձևավորված մշակույթ, կայուն ու հասկանալի հարկային դաշտ: Երևանում ամեն ինչ այլ էր. նորանկախ պետություն, երկու ամիսը մեկ փոփոխվող օրենսդրական դաշտ, օրվա ապրուստը մի կերպ վաստակող ժողովուրդ: «Մի անգամ, երբ գալիս էի Հալեպից, հետս համեմունքներ բերեցի`տանն օգտագործելու համար, և ահա այդ ժամանակ միտք ծագեց` իսկ ինչո՞ւ չբերել ու չվաճառել»,- տիկին Ալինը պատմում է, թե ինչպես է պատահականորեն ծնվել խանութ բացելու միտքը:

Արևելյան խոհանոցի ու համեմունքների հանդեպ սերը շինարար-նախագծողի մոտ առաջացել էր դեռևս Հալեպում` «Հին Հալեպ» ծրագրի վրա աշխատելու ժամանակ: «Խան Շուն» շուկայում ներկայացված բուժման նպատակով օգտագործվող ազգային համեմունքներն ու բույսերը տիկին Ալինի մոտ հետաքրքրություն էին առաջացրել:
Եվ ահա Երևանում ևս սկիզբ դրվեց համեմունքի մշակույթին: Տերյան 72 հասցեում` Ազգային գրադարանի ներքևում բացվեց «Հալեպ» անունով խանութ, որը հենց սկզբից սկսեց ասոցացվել արևելյան համ ու հոտի հետ: Խանութի անվան շուրջ ամուսինները երկար չեն մտածել. միանշանակ, Հալեպ պետք է լիներ: «Եթե հայրենիքդ սիրում ես, պետք է ապրես հայրենիքում: Դա, նախ և առաջ: Բայց մենք չէինք կարող մոռանալ այն, ինչ տվել էր մեզ Հալեպը: Այն մայր գաղթօջախ էր: Ցեղասպանությունից հետո բոլոր հայերը կամ եկան Հալեպ, կամ անցան Հալեպով` դեպի Եվրոպա ու Ամերիկա: Մենք ուզում էինք, որ անպայման հիշվի այն քաղաքը, որը մեզ բավականին բան էր տվել»,-ասում է տիկին Ալինը:

Համագործակցություն հանուն հայկականի և «Սնունդ առանց սահմանների»

«Հալեպ»-ի անցած 18 տարվա ճանապարհը Ալին Մասրելյանը պայմանականորեն բաժանում է չորս էտապի: Սկզբում խանութում վաճառվում էին բացառապես Հալեպից ներկրված ապրանքներ, հետո սկսեցին փաթեթավորել բերվածը: Մի քանի տարի հետո «Հալեպը» սպառողին ներկայացավ նաև սեփական արտադրանքով` արևելյան քացրավենիքով ու խմորեղենով: Վերջին տարիներին էլ սկսեցին աշխատել տեղական արտադրողների հետ, բայց` միայն բարձր որակ ապահովողների: «Որպեսզի սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդիկ գործ ունենան և չթողնեն ու հեռանան, որոշեցինք համագործակցել այդ բնակավայրերի մեղվաբուծների հետ: Հիմա մեր խանութների ցանցում, որոնք գտնվում են Զաքյան 4/77, Կորյուն 13/10 և Կասյան 3/47 հասցեներում, վաճառվում է նրանցից ձեռք բերված մեղրը: Համագործացում ենք նաև մի քանի կանանց հետ`Լոռու մարզի գյուղերից. նրանք թեյի խոտաբույսեր են հավաքում սարերից և ուղարկում մեզ: Այսինքն` ցանցում կան ապրանքներ, որ Միջին Արևելքի հետ կապ չունեն, բայց արտադրված են Հայաստանում»,-ասում է խանութի սեփականատերը: Լսելով Ծովասարում աճեցվող սովորական ու հատկապես` կանաչ հնդկաձավարի մասին, տիկին Ալինը որոշեց «Հալեպ»-ում տեղ հատկացնել նաև դրանց: Երեք ամիս առաջ այս ծրագրերին ավելացել է ևս մեկը` կոնկրետ հայրենադարձներին վերաբերող: «Սնունդ առանց սահմանների». այսպես է կոչվում ծրագիրը, որն ուղղված է արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներից Սիրիա, այնտեղից էլ Հայաստան եկած հայերին ինչ-որ բանով օգնելուն. «Սիրիահայ կանայք տանը արևելյան ճաշեր են պատրաստում և այստեղ` խանութում, մենք վաճառում ենք: Պատրաստի կերակուրներ են, որ սիրահայերն էլ, Հայաստանում ծնված-ապրած մարդիկ էլ` ըստ ճաշակի, առնում են»: «Հալեպ»-ի արտադրանքը դուրս տանելու առաջին փորձն էլ է արված. Կրասնոդարում արդեն ներկայացվում է արևելյան քաղցրավենիքը, մոտ ապագայում կբացվի նաև ցանցի հերթական խանութը:

Մշտական հաճախորդների լայն շրջանակ ունեցող «Հալեպի» հիմնադիրը մրցակցությունից երբեք չի վախեցել. « Մենք պատրաստ ենք մրցակցության: Ես դրա մեջ միայն դրականն եմ տեսնում: Թող Հալեպի կողքին լինեն 10-15 նմանատիպ խանութներ, և թող հաճախորդն ինքը որոշի` որտեղից առնել: Բայց բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն»,-ասում է տիկին Ալինը:

Օրենք սիրող ու հարգող սիրիահայի գործունեության հիմքում դրված կարևորագույն կանոնի`բարձր որակի շնորհիվ է, որ «Հալեպ»-ն արժանացավ «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում-2016» հավաստագրին` շնորհված սպառողների կողմից:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում