Թբիլիսիում կառուցվելու է կառավարական թաղամաս

Թբիլիսիի Օրթաչալայի շրջանում կառուցվելու է կառավարական թաղամաս, որտեղ կտեղավորվեն Վրաստանի գրեթե բոլոր նախարարությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարների կաբինետի նիստում հայտարարել Է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: 

Նա նշել է, որ կառավարման բարեփոխումների շրջանակներում նախատեսված է միասնական սպասարկման գրասենյակի ստեղծում, որը կրելու է «Բիզնես տուն» անվանումը: Դրա հարեւանությամբ կհայտնվի կառավարական թաղամասը: «Հատկացված Է բավականին մեծ տարածք, ուր կտեղափոխվեն նախարարությունները, ինչը, մի կողմից՝ շատ լավ կլինի, քանի որ քաղաքի կենտրոնում կազատվի շատ մեծ գրասենյակային տարածություն եւ տեղ կբացվի հյուրանոցների համար, իսկ մյուս կողմից՝ կխթանվի շինարարական սեկտորը»,-ասել է Կվիրիկաշվիլին:

Վարչապետը վստահ է, որ նախարարությունները, ոչ մեծ բացառություններով, մեկ շրջանում կենտրոնացնելը կապահովի անցումը որակապես նոր մակարդակի սպասարկման ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար:

Կառավարական թաղամասը կկառուցեն Գուլուա փողոցում: Վրաստանի կառավարության կազմում կա 16 նախարարություն եւ երկու պետնախարարների աշխատակազմ: Կառավարական գրեթե բոլոր գերատեսչությունները գտնվում են Թբիլիսիի կենտրոնում, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում