Նորարար տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության մեջ` առաջնային խնդիր

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցած կլոր սեղան-քննարկմանը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի ուղենշած երեք առանցքային հարցերի` արդյունաբերության, արտագաղթի և նորարար տեխնոլոգիաների մասին քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ավելի կոնկրետ փորձեցին ներկայացնել իրենց անելիքները:

Ըստ «Ելք» դաշինք ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանի` արդյունաբերության ճյուղերից առաջինը պետք է զարգացվի ռազմարդյունաբերությունը` ընդ որում աշխատելով մասնավոր ընկերությունների հետ և դրանով խթանելով նաև բիզնեսի զարգացմանը: Ե՛վ դրանում, և՛ առհասարակ տնտեսության բոլոր ճյուղերում նորարար տեխնոլոգիաների դերը խիստ կարևորող ուժը գտնում է` արդյունաբերությունը պետք է կապվի գիտության հետ: Դրանց զարգացման համար, Գորգիսյանի խոսքով, խորհրդարան անցնելու դեպքում նախատեսում են միջոցներ ներգրավել Սփյուռքից. «90-ական թվականներին Սփյուռքը բավականին օգնել է ՀՀ-ին, բայց դրանց անարդյունավետ կիրառման պատճառով կորցրել է վստահությունը: Նախատեսում ենք ԱԺ-ում ստեղծել Սփյուռքի պալատ»,-ասաց Գորգիսյանը: Գյուղատնտեսության ոլորտում ոռոգման կաթիլային եղանակի ներդրումն ու հակակարկտային կայանների տեղում արտադրությունը, նրա խոսքով, կնպաստեն` մի կողմից գյուղացու հարկային բեռի թեթևացմանը, մյուս կողմից` նորարարությունների կիրառմանը:

Գիտություն-ատադրություն ընդհատված կապի վերականգնման առաջին քայլը բանախոսը համարում է դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծումը:
Ամենախոցելի` արտագաղթի խնդրի պատճառը, ըստ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Մարտիրոսյանի` աշխատատեղերի պակասն է, որը մասամբ լուծել հնարավոր է նաև հիմա. ««Նաիրիտ»-ն ու Անվադողերի գործարանը պետք է վերականգնվի: Կաուչուկի պահանջարկ կա Ռուսաստանոմ` մոտ 4000 տոննա: «Նաիրիտ»-ը պարտքեր է կուտակում միայն էներգետիկ ծախսերի պատճառով: Եթե կոլեկտիվը պատրաստ է աշխատել, ինչո՞ւ չաշխատեցնել: Այն աշխատեցնելու դեպքում մոտ 1000 աշխատատեղ կբացվի, իսկ Անվադողերի գործարանի վերագործարկման դեպքում` 400-500»,-ասաց տիկին Մարտիրոսյանը:

«Հայկական վերածնունդ»-ի ներկայացուցիչ Վիլեն Խաչատրյանը արտագաղթի խնդրի լուծումը տեսնում է նախ` արտագաղթողների դասակարգման մեջ: Ըստ նրա կարելի է առանձնացնել երեք խումբ` ուղեղների, միջին խավի և աշխատուժի արտագաղթ: «Խելացի մարդը պետք է բարձրանալու հնարավորություն ունենա: Ուղեղների արտահոսքի արդյունքում աշխատուժը գլխատվում է: Ժամանակին 20 հազարից ավելի գիտնականներ ունեինք ԳԱԱ-ում, իսկ հիմա մոտ 4 հազար են: Ինչ վերաբերում է միջին խավին, պետք է հասկանանք, թե որ ոլորտի մասնագետների խնդիր ունենք և պայմաններ ստեղծենք, որ չարտագաղթեն: Իսկ երրորդ խմբին` աշխատուժին, կարելի է թույլ տալ, որ գնա, դրսում վերապատասրտվի և վերադառնա հայրենիք»,-ասաց Վ. Խաչատրյանը:

Ըստ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանի էլ` այդ երեք խնդիրներն էլ սերտ փոխկապակցված են: Արտագաղթը պարոն Մինասյանը բնորոշ է համարում բոլոր երկրներին. «Եթե բարեկեցիկ կյանք չկարողանանք ապահովել ՀՀ-ում, չենք կարող լուծել արտագղթի խնդիրը: Վերջին ժամանակներս արդեն այդ ուղղությամբ քայլեր ենք արել, օրինակ նոր Սահմանադրությունը, որը հնարավորություն է տալիս ստեղծել մի համակարգը, որը զերծ կլինի բացասական երևույթներից»,-նշեց Գ. Մինասյանը:

Ըստ նրա` բուհերը պետք է դառնան նորարարությունը սնող օղակներ: «Պատերազմող բանակը գիտական ձեռբերումների համար նոր հնարավորություններ է տալիս»,-գտնում է Գ. Մինասյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում