Էկոլոգիապես մաքուր միրգ-բանջարեղենը շուկայում ավելանում է` շնորհիվ հայկական նորամուծության

Հայաստանն ունի ամբողջ աշխարհում կարևորվող օրգանական գյուղատնտեսության խնդրի լուծումը. բանաձևի հեղինակը ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ն է: Օրգանական գյուղատնտեսությանն անցնելու համար մնում է ընդլայնել իրազեկված հողօգտագործողների շրջանակը: Կենսաբանական գիտությունների թեկնածու Լուսինե Մելքոնյանը, ով կենտրոնում զբաղվում է կենսապարարտանյութերի տեխնոլոգիաների մշակմամբ, թվարկում է օրգանական պարարտանյութի հատկությունները. «Մեզ հաջողվել է մշակել այնպիսի պարարտանյութի տեխնոլոգիա, որն ապահովում է էկոլոգիապես մաքուր օրգանական գյուղատնտեսություն: Դա նշանակում է` ստանալ նիտրատներից զուրկ, առողջ ու անվնաս բանջարաբոստանային մշակաբույսեր: Կենսապարարտանյութը հիմնված է ազոտ ֆիքսող մանրէների գործունեության վրա, որոնք բույսին ապահովում են անհրաժեշտ քանակությամբ ազոտով: Այս պատրաստուկի մեջ համադրված են մանրէի և օգտակար հանածոների հատկությունները»,-բացատրում է կենսաբանը:

Հայ գիտնականների ջանքերով 13 տարի առաջ ստեղծված օրգանական պարարտանյութը ժամանակի ընթացքում թե´ կատարելագործվել, թե´ անվանափոխվել է. սկզբում հայտնի էր «ազոտովիտ 1» անվամբ, հետո` «ազոտցեովիտ», հիմա` «էկոբիոֆիդ+»: Պատրաստուկը, որը նախատեսված է հողին տալու համար, Լուսինեի խոսքով, բույսին կամ ծառի տերևներին տալու դեպքում էլ վտանգավոր ոչինչ չկա: Դա, նախ և առաջ, պայմանավորված է նրա անվնաս և ոչ թունավոր բաղադրությամբ, իսկ մյուս կողմից փորձարկումներն են ցույց տվել: «Հողօգտագործողներից մեկը, որ առաջին անգամ էր օգտագործում «էկոբիոֆիդ+»-ը, թերահավատորեն վերաբերեց պատրաստուկի ազդեցությանը և մեր ասած չափաբազնից մոտ կրկնակի չափով ավել պարարտանյութ տվեց ծիրանենուն: Ծառի ճյուղերը ճկվել էին բերքի ծանրությունից»,-պատմում է Լուսինեն: Նման բազմաթիվ օրինակներ կան նաև մեր մասնագետների սեփական փորձից: ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի կրտսեր գիտաշխատողը բերում է երկու օրինակ. կենտրոնի բակում չորացած եղևնու նորից ծնունդը առնելն ու լաբորատորիայում փորձադաշտ դարձած ծիծակի սածիլը, որը տվել է անհավանական թվով` 37 հատ ծիծակ: Ի դեպ, երկամյա բույսը արդեն յոթ տարի է` բերք է տալիս:

«Երկու երնեկ` մեկ տեղում»-ի ապացույցը

Նման արդյունք հնարավոր է ստանալ ոչ միայն կենտրոնում: Գրագետ հողօգտագործողը, եթե ճիշտ ագրոտեխնիկական միջոցառումներ իրականացնի, անկասկած, կտեսնի արդյունքը: Դրանում Լուսինեն չի կասկածում, չնայած երբեմն հնարավոր են բացառություններ: «Մենք երբեք ոչ մեկին չենք պարտադրում գնել կենսապարարտանյութը: Նախ առաջարկում ենք փորձարկել այն հողում, հետո միայն ցանկության դեպքում ձեռք բերել: Խնդիրն այն է, որ կախված հողի որակից, կիրառվող մշակման տեխնոլոգիայից, նրա արդյունավետությունը, կարող է, մեծ կամ փոքր լինել»,-ասում է երիտասարդ գիտնականը: Սակայն մի բան հստակ է. օրգանական պարարտանյութը բոլոր առումներով գերազանցում է քիմիականին` բացառությամբ մեկի. քիմիականը մի քիչ ավելի արագ է ազդում: Թերևս կարևորագույն` առողջ բանջարեղեն ստանալուց բացի, հողօգտագործողը նախ տնտեսում է` այն ձեռք բերելու համար վճարելով մոտավորապես երկու անգամ քիչ, և ստանալով համաչափ, ախորժալի և առողջ միրջ-բանջարեղեն: Որոշների մոտ առկա թերահավատությանը, թե օրգանական պարարտանյութը չի կարող ապահովել խոշոր ու առատ բերք, հակադարձում են արձանագրված արդյունքներն ու երիտասարդ մասնագետի պարզաբանումը. «Քիմիական պարարտանյութերի մեջ բավարար քանակությամբ ազոտ չի լինում, մինչդեռ «էկոբիոֆիդ+»-ի մեջ առկա մանրէներն օդից վերցնում են այնքան, որքան պետք է տվյալ բույսին: Արդյունքում ստանում ենք և´ արտաքնապես գեղեցիկ, և´ համաչափ տերևերով, և´ համով բույսեր»: Եվ որ ամենակարևորն է`օրգանական պարարտանյութը, ի տարբերություն քիմիականի, զերծ է քաղցկեղածին տարրերից:

Պատրաստ` ապահովելու շուկայի պահանջարկը

«Էկոբիոֆիդ+» արտադրողները բարձր արդյունավետություն ունենալու համար խորհուրդ են տալիս մշակումով հողը պարարտացնել տարին երկու անգամ` վաղ գարնանն ու ուշ աշնանը` 1000 ք.մ-ի համար օգտագործելով 1 լիտր կենսապարարտանյութ: Լուսինեն վստահեցնում է` հատկապես քիմիական պարարտանյութ կիրառելուց հետո հողը վերականգնել է պետք. «Պարբերաբար քիմիական պարարտանյութեր օգտագործելու արդյունքում ՀՀ հողերը աղքատացել են անհրաժեշտ մանրէներից և կորցրել խոնավությունը: Իսկ նշված կենսապարարտանյութը, որը նախատեսված է, առաջին հերթին, հողին տալու համար, լուծում է այդ խնդիրը, ինչպես նաև տարրալուծում հողի մեջ մնացած քիմական պարարտանյութի` ասենք «սելիտրայի», մասնիկները` դրանով կանխելով հողի հետագա աղքատացումը ևս»:

Լուսինե Մելքոնյանի վստահեցմամբ`արտադրության մեջ ներդրված եզակի գիտական նվաճումներից մեկը համարվող «Էկոբիոֆիդ+»-ը Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու բոլոր հնարավորություններն ունի. այն առաջին անգամ օգտագործելու դեպքում, սկսում են արդեն պարբերաբար ձեռք բերել, իսկ պահանջարկը բավարարելու խնդիր ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիան» ԳԱԿ-ը չունի: Համապատասխան սարքավորումներով հագեցած կենտրոնը մեկ արտադրական պրոցեսի ընթացքում, որը տևում է երեք օր, միջին հաշվով, արտադրում է 5000 լիտր «էկոբիոֆիդ+»:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում