Տ. Ուրիխանյանը չի հասկանում, թե ինչպես կարելի է այդքան գումար ծախսել դրոշների ու գեղարվեստական լուսավորման վրա

Այսօր Ազգային Ժողովում «Բարգավաճ Հայաստան» ֆրակցիայի պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը հույս է հայտնել, որ գոնե այս անգամ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պարտադիր եթերաժամից չի կտրի իր ելույթը, ինչպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների բազմաթիվ ելույթներ ու հարցապնդումներ: Նախաբանից հետո նա անդրադարձել է Երեւանի քաղաքապետարանի ծախսերի մասին։

«Երևանցիների համար որևէ բան չկա կամ կա՝ շատ թանկ է, բայց կան շատ շքեղ մեքենաներ, ճոխ-ճոխ գործուղումներ: Օրինակի համար՝ 81 միլիոն 760 հազար դրամ է ծախսել քաղաքապետարանը միայն 2012թ. արտաքին գործուղումների համար»,- ասել է նա և ավելացրել, թե շենքերի գեղարվեստական լուսավորման համար նախորդ տարի քաղաքապետարանը ծախսել է 34 միլիոն 630 հազար դրամ, դրոշների տեղադրման համար ծախսվել է 73 միլիոն դրամ, մոտ այդքան էլ նախատեսված է եղել վերելակների վերանորոգման համար, որն ինքը չի հասկանում: Այս մասին գրում է Tert.am-ը:

«Մյուս կողմից, դե գիտեք, Վալաչկովա, բան, տենց խնդիրներ կան էլի լրջագույն, դրա համար էլ ունենք ընտրությունների նման պատկերը»,-բացատրել է նա:

Ինչպես նշում է Panorama.am-ը, Ուրիխանյանն ասել է նաեւ, որ իր խորին համոզմամբ՝ քաղաքական իրավիճակը չի փոխվելու ու չի փոխվելու այն հետևանքների առումով, որոնք այսօր տեղի են ունենում: Ըստ Տ.Ուրիխանյանի՝ քաղաքական բոլոր իրադարձությունները, մասնավորապես՝ ընտրությունները, դառնալու են բողոքի, պրոտեստի, ստեղծված իրավիճակի կապակցությամբ ցասում արտահայտելու մոբիլիզացիայի առիթ և հնարավորություն, քանի որ կյանքը Հայաստանում՝ քաղաքացիների համար լավ չէ:

«Որովհետև մարդկանց կյանքը լավը չէ, չկա փող, չկա միջոց, չկա հնարավորություններ», ընդգծել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում