Հիշողություն, որը մեզ հետ ենք տանում. Ապրիլյան պատերազմից տպավորված երիտասարդ աղջկա աշխատանքը (ֆոտոշարք)

Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի և Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող Գայանե Զալիբեկյանի կյանքում շատ բան փոխեց Ապրիլյան պատերազմը: Պատերազմական իրադարձությունները խորապես ազդել են երիտասարդ աղջկա վրա: Եվ նա որոշել էր` անպայման ստեղծել մի գործ, որը ևս իր հերթին կհավերժացնի մեր հերոս տղաներին:

Իր ուսուցչի`խեցեգործ, նկարիչ Վահագն Բաղդասարյանի օգնությամբ, Գայանեն ստեղծել է իր ինքնատիպ աշխատանքը, որի միջոցով փորձել է ցույց տալ անցած տարվա ապրիլից մինչև հիմա իր անձի փոփոխությունները` տարբեր փուլերում:

Երիտասարդ աղջիկն իր մոդելավորած հագուստի վրա օգտագործել է պատերազմական տեսարանները, որոնք խորհրդանշում են նրա ստացած տպավորությունները: Ընտրելով մեկ մոդել, որը խորհրդանշում է իր անձը, հնգատել է այն, ինչը պարզ երևում է վերևում ներկայացված լուսանկարի մեջ: Նա նայում է ինքն իրեն` տարբեր փուլերում և տարբեր դիտակետերից:

Հայացքների ուղղությունները կառուցում են անշոշափելի կուբի հարթությունները, որտեղ գտնվում է ինքը` հեղինակը: 6-րդ հարթությունը, որը դեռևս կառուցված չէ, նայելով այս ինստալիացիային ` կառուցում ենք ինքներս:

Ըստ գաղափարախոսության` կուբը խորհրդանշում է հիշողություն, որը տանում ենք մեզ հետ:

Օբյեկտը, որը պատրաստել է համահեղինակ Վահագն Բաղդասարյանը, ամբողջությամբ երկաթե հնեմաշ թափոններից է, որով հեղինակը ցանկացել է հինը ներկայացնել նորովի: Տեքստային ժապավենը, որը տեղադրված է հետին պլանում, խորհրդանշում է համացանցը` որպես տեղեկատվական աղբյուրի միջոց:

Լուսանկարների տպագրությունը ցանցերի վրա խորհրդանշում է այն, որ ոչ միայն անհատն է կրում ինֆորմացիան, այլև ինֆորմացիան է կրում անհատին:
«Մարդիկ տարբեր ձևով են արտահայտում իրենց զգացածն ու ապրածը. գրողը թղթին է հանձնում, նկարիչը` կտավին, ես էլ կտորին եմ հանձնել»,ասում է Գայանեն:

Երիտասարդ մոդելավորողը հրավեր է ստացել ԱՄՆ-ից` իր առաջին հավաքածուի փակ ցուցադրությունն այնտեղ կազմակերպելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում