Հայաստանը մտադիր է ստեղծել ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման ազգային օպերատոր

Ռադիոակտիվ թափոնների խնդիրը աշխարհում ամենաակտուալ հիմնահարցերից մեկն է: Այդ թափոնները կարող են մեծ վտանգ ներկայացնել թե մարդկության, թե շրջակա միջավայրի համար: Ուստի տարբեր պետություններում գործում են ռադիոակտիվ թափոնների փոխադրման, վնասազերծման և տեղափոխման հատուկ կառույցներ: Հայաստանի Հանրապետությունում այդպիսի կառույցներից է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն առընթեր «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ընկերությունը: «Արմենպրես»-ը զրուցեց «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ գլխավոր տնօրեն Միքայել Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչ գործունեություն է ծավալել ընկերությունն ու ինչ նորամուծություններ են սպասվում:

– Պարոն Սարգսյան, 2016 թվականի ընթացքում ընկերությունը ի՞նչ աշխատանքներ է կատարել: Որո՞նք եք ամենամեծ ձեռքբերումները:

-Նախորդ տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ. հանրապետության հիմնարկ ձեռնարկություններում, բժշկական հաստատություններում օգտագործվող ռադիոակտիվ աղբյուրները, որոնք ենթակա չեն հետագա շահագործման համար, ինչպես նաև հայտնաբերված այլ չտնօրինվող ռադիոակտիվ աղբյուրները, թափոնները տեղափոխվել և պահվել են ընկերության պահեստարաններում: Ընկերությունը ունի մի շարք ձեռքբերումներ: Մասնավորապես, ընկերության վերջին ձեռքբերումներից է ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահպանմամբ ռադիոակտիվ թափոնների կենտրոնացված փոխադրման կազմակերպումը:

-Ի՞նչ նոր տեխնոլոգիաներ են ընկերությունում կիրառվում:

-ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ռադիոակտիվ անվտանգության գրասենյակի աջակցությամբ և Հյուսիս-Արևմտյան խաղաղօվկիանոսյան ազգային լաբորատորիայի իրականացմամբ կատարվել են Ընկերության ֆիզիկական պաշտպանության համակարգի արդիականացման աշխատանքները: Տեղադրվել են ժամանակակից ջերմային տեսահսկող սարքեր, ինչպես նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի աջակցությամբ ընկերությանը տրամադրվել է ռադիոակտիվ թափոնների տեղափոխման համար նախատեսված հատուկ ավտոմեքենա:

-Ապագայում ընկերությունում ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:

-ՀՀ կառավարության հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգմամբ մշակում է ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը, որով նախատեսվում է ՌԹՎ ՓԲԸ-ի հիման վրա ստեղծել ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման ազգային օպերատոր:

-Արդյոք ընկերությունը համագործակցո՞ւմ է միջազգային կառույցների հետ: Ընկերությունը օգտագործում է թափոնների վնասազերծման արտասահմանյան փորձը:

-Ընկերությունը համագործակցում է մի շարք միջազգային կառույցների հետ, որոնք են ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ-ի), ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտը, Հյուսիս-Արևմտյան խաղաղօվկիանոսյան ազգային լաբորատորիայի հետ և այլն:

Հարցազրույցը՝ Կարեն Խաչատրյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում