Եգիպտական աստվածուհին ու էթնիկ ոճը` մեկ տեղում. պատահական ծանոթությամբ սկսված համատեղ բիզնեսը

«Իսիդա» ապրանքանիշը դժվար ծնվեր, եթե Աննա Ղազարյանին ու Արմինե Աղաբաբյանին չմիավորեր նույն աշխատավայրը` բանկը: Երկու երիտասարդ աղջիկների աշխատանքի փնտրտուքը մի քանի տարի առաջ նրանց հասցրեց բանկային համակարգ: Սկզբում ամեն մեկն անում էր իր գործը ու չէին էլ պատկերացնում, որ մի օր միասին բիզնես գործունեություն կսկսեն: Ամեն ինչ տեղի ունեցավ երկուսի համար անսպասելի ու կարճ ժամանակահատվածում: Մի զրույցի ընթացքում պատահական բացահայտեցին, որ երկուսն էլ ունեն նույն նախասիրությունը, նույնքան արագ էլ հասկացան` ոճերն էլ են նույնը: Ու էլ ժամանակ չկորցրեցին: Միանգամից գլուխ բարձրացրեց բանկային համակարգում աշխատանքի ընթացքում ունեցած ձեռքբերումը` բիզնես մտածողությունը: Համոզված էին` միասին ավելի հեշտ կհասնեն հաջողության և հաստատուն քայլերով առաջ կգնան:

Բիզնեսի ուղղությունը պարզ էր` հագուստի և զարդերի արտադրություն, բայց ոճի ընտրությունը` դժվար. մի կողմում իրենց նախընտրածն էր, մյուսում` շուկայի պահանջը: Ձեռներեցության մեջ առաջին քայլերն անող երիտասարդները չէին կարող հաշվարկել, թե ինչ կտար առաջինի ընտրությունը, և ինչ` երկրորդինը: Ի վերջո, իրենց նախընտրած ոճը տեղի տվեց շուկայի պահանջարկին, բայց` կարճ ժամանակով: «Մեր արած գործը մեր սրտով չէր, դրա համար որոշեցինք փոխել ոճը, անել այն, ինչ ուզում ենք, ինչ մեզ է դուր գալիս: Հասկացանք, որ մեր ոճն այլ բան է թելադրում, քան շուկան է պահանջում: Ռիսկ կար, որ դա կարող է չընդունվեր, բայց ի ուրախություն մեզ, բավականին դրական արձագանք ստացանք: Տեղական շուկայում ստեղծելով մեր ուրույն ձեռագիրը` միանգամից ունեցանք դրա սիրահարները»,-ոգեշնչված պատմում է ապրանքանիշի համահեղինակը:

Արմինեն ու Աննան շատ լավ են հիշում ապրանքանիշի ֆեյսբուքյան էջում տեղադրված առաջին երկու օրինակները, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին սպառողների մոտ: Խոստումնալից սկիզբը ոգևորեց աղջիկներին` ստեղծելու հայկական, հունական, եգիպտական, հնդկական, ացտեկական և այլ ազգային տարրեր պարունակող զգեստներ ու զարդեր:

Բիզնեսի հաջողության բանաձևի փնտրտուքում

Աննան, նախքան գործին անցնելը, հաջողված բիզնեսի բազմաթիվ պատմություններ է ուսումնասիրել: «Փորձը ցույց է տալիս, որ բիզնեսում հաջողության հասնելու համար պետք է տարբերվես: Գրեթե բոլոր հաջողակ բիզնեսմեններն էլ ունեցել են ուրույն ձեռագիր: Սպառողների մի ստվար զանգված չի ուզում հագնել այն, ինչ բոլորը տեսնում են խանութների փեղկերին, ինչ առաջարկվում է մյուսներին: Կարող եմ ասել, որ մենք էլ արդեն ունենք այնպիսի հաճախորդներ, ովքեր սիրում են տարբերվել»,-ասում է Աննան: Ունենալով վառ արտահայտված բիզնես մտածողություն` Աննան շատ լավ է պատկերացնում սպառողների մշտական շուկա յի կարևորությունը. «Հեռանկարային բիզնեսն ավելի կարևոր է, քան տվյալ պահի եկամուտը: Սպառողների մշտական շուկան կայուն եկամուտ ու հաջողություն կարող է բերել բիզնեսին»:

Տեսությունը մի կողմից, սեփական փորձը` մյուս, երիտասարդ ձեռներեցների մոտ ամրապնդեցին այն համոզմունքը, որ ցանկացած գործում հաջողության հասնելու համար պետք է ունենալ շնորհ, ցանկություն և ձգտում: Չունենալով հագուստի մոդելավորման, կար ու ձևի մասին ոչ մի պատկերացում, ամեն ինչ սկսեցին զրոյից. հաճախեցին պրոֆեսիոնալ դասերի, տանը, աշխատանքից հետո, պարտադիր զբաղվում էին`չափում, ձևում, կարում: Իրենց վրա հետևողական աշխատանքը հասցրեց նրան, որ այսօր Արմինեն ու Աննան «Իսիդա»-ի ամեն մի նմուշ` սկզբից մինչև վերջ, ստեղծում են սեփական ձեռքերով:

Ներկայացվող ապրանքանիշի անվանումն ու լոգոն համահունչ է բացառապես ձեռքի աշխատանքի արդյունքում ծնված հագուստին ու զարդերին: Ապրանքանիշի անվանումը` «Իսիդա»-ն, խորհրդանշում է կանացիություն, նրբագեղություն ու հմայք: Եգիպտական դիցաբանության մեջ Իսիդան համարվում է մայրության և կանացիության աստվածուհին: Համադրելով դիցաբանության մեջ աստվածուհու` հաճախակի թռչունի կերպարանքով հանդես գալն ու ձեռքի աշխատանքը, երիտասարդ ձեռներեցները ստացան ապրանքանիշի լոգոն, որն, ըստ իրենց, լիովին համահունչ է առաջարկված տեսականուն:
Ե´վ Աննան, և´ Արմինեն համոզված են` եվրոպական շուկայում ձեռագործ աշխատանքն ավելի բարձր է գնահատվում, ըստ այդմ` արտահանելու մտադրություն կա, սակայն` տեղական շուկայում ամրապնդվելուց հետո միայն:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում