Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան խնդիրներ, այլ կան համատեղ ջանքերով լուծվող հարցեր. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան խնդիրներ, այլ կան համատեղ ջանքերով լուծվող հարցեր. Էդվարդ Նալբանդյան

Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել, առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով: Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանն ու Վրաստանը պարբերաբար կրկնում են, որ երկու երկրների միջև խնդիրներ չկան, այլ կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են: Կայացած բանակցությունների ընթացքում անդրադարձել ենք երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Տնտեսական համագործակցությունը առաջընթաց է գրանցել, համատեղ միջկառավարական հանձնաժողովը արդյունավետ գործունեություն է ծավալում»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ոլորտների զարգացմանը, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առկա ընդգրկուն իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, ինչպես նաեւ վիրահայությանը հուզող խնդիրներին և դրանց լուծման համար իրականացվող քայլերին:

«Երկու երկրների փոխգործակցության կարևոր բաղադրիչն է տարածաշրջանում կայունության շուրջ շահագրգիռ երկխոսությունը: Վրացի գործընկերոջս տեղեկացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի համատեղ ջանքերի մասին: Այս առումով մենք կարևորում ենք Վրաստանի շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»,- եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում