Աշոտյանը պատիվ կհամարի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնի դասավանդել ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում

Աշոտյանը պատիվ կհամարի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնի դասավանդել ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատիվ կհամարի, եթե Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնի դասավանդել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում:

«Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը համաձայնի դասավանդել մեր դպրոցում, դասախոսություն կարդա, հանդես գա իր տեսակետներով»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա հավելեց, որ առաջին նախագահի այցելությունը ցանկացած ուսումնական հաստատություն պատվաբեր է այդ ուսումնական հաստատության համար: «Առաջինը նրա համար, որ եթե հետևում ենք ամերիկյան և եվրոպական քաղաքական մշակույթին, տեսնում ենք, որ բազմաթիվ պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաներ քաղաքական պետական աշխատանքը թողնելուց հետո զբաղվում են ակադեմիական աշխատանքով: Սա Արևմտյան մշակույթ է, սակայն Հայաստանում այն ևս հեռանկար ունի: Ես կերազեի, որ մեզ մոտ պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաներ դասավանդեին տարբեր ուսումնական հաստատություններում և իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեին երիտասարդ սերնդին, ինչպես դա անում են նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը կամ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը նշեց, որ իրենք ուրախ կլինեն, եթե ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում դասավանդեն անգամ իրենց ամենածայրահեղ ընդդիմախոսները, քանի որ ակադեմիական ազատությունը իրենց համար կարևոր սկզբունք է:

«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունի մեր հրավերը, կունենա նույնքան ակադեմիական ազատություն, որքան մեզ մոտ ունի ցանկացած դասախոս»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում