Թե ինչպես ծնվեց «Այլ կերպ»-ն ու «վարակեց» ինտելեկտուալներին. հայերեն լեզվով խաղ` մեծերի ու փոքրերի համար

«Այլ կերպ». խթանելով հայերեն խոսքն ու միտքը

Անահիտի, Էլինայի ու Սոֆյայի նույն տեղում աշխատելը ստիպեց նրանց այլ կերպ մտածել: Ինտելեկտուալ խաղերի սիրահարներին սեղանի շուրջ հավաքող աշխատանքային ընդմիջումներն իրենց գործն արեցին: Մտքի արագությունն օրեցօր ռեկորդներ էր սահմանում, հայերենի բառապաշարն էլ` իր տեղը զիջում ռուսերենին ու անգլերենին: Սեփական օրինակով զգալով, որ մայրենիի դիրքերն աստիճանաբար թուլանում են, երիտասարդ աղջիկները որոշեցին անձամբ լուծել խնդիրը:

Համարձակ նախաձեռնությունն անսպասելի արձագանք ունեցավ ինտելեկտուալների շրջանում: Հայերեն լեզվով սեղանի ինտելեկտուալ խաղի առաջին տարբերակը`«Այլ կերպ»-ը, կարճ ժամանակահատվածում ձեռք բերեց մեծ թվով սիրահարներ: Այն դարձավ սիրված խաղ թե´ տարբեր հաստատություններում և թե´ բազմաթիվ ընտանիքներում:

Երևակայությունն ու մտքի արագությունը զարգացնելուն, հայերեն բառապաշարը հարստացնելուն միտված «Այլ կերպ»-ի վրա համահիմնադիրներ Անահիտը, Սոֆյան ու Էլինան մոտ յոթ ամիս աշխատել են: «Քանի որ խաղի կարևորագույն նպատակը հայերենը զարգացնելն է, ուստի պետք էր ամեն ինչ անել ճիշտ ու գրագետ: Դրա համար որոշեցինք այն ներկայացնել և´ԿԳՆ Լեզվի պետական տեսչություն, և´ Կրթության ազգային ինստիտուտ: Երկուսն էլ հաստատեցին, որ խաղը, որպես օժանդակ նյութ, կարող է օգտագործվել արտադասարանական ժամերին: Ինքներս նվիրել ենք մի քանի դպրոցների ու զարգացման կենտրոնների, ու անգամ մրցաշարեր են անցկացվել դրանց հիման վրա»,-ուրախությամբ փաստում է Անահիտը:

Խաղի անվան շուրջ համահիմնադիրները երկար չեն մտածել: Քանի որ մասնակիցն իր թիմակիցներին պետք է խաղաքարտի վրա գրված բառը բացատրի այլ կերպ` առանց նույնարմատ բառեր օգտագործելու, ուստի և խաղն անվանեցին հենց այդպես` «Այլ կերպ»:

«Այլ կերպ»-ը, որը պարունակում է 301 խաղաքարտ` յուրաքանչյուրի մեջ` 7 բառ, համահեղինակների խոսքով, նախատեսված է 14-ից բարձր տարիքի մարդկանց համար, ուստի դժվարություն էր առաջացնում այն խաղալ ցանկացող փոքրիկների մոտ: Ահա թե ինչու որոշ ժամանակ անց աղջիկները թողարկեցին նաև խաղի մանկական տարբերակը` «Այլ կերպիկ»-ը:

«Այլ կերպ»-ի ճուտիկը, մի շնչով ստեղծված «Մի շնչով»-ն ու դեռևս գրախանութ չհասած «Զիլ Զառ»-ը

«Երեխաների համար նախատեսված տարբերակի վրա ևս բավականին երկար ենք աշխատել: Քանի որ այս դեպքում գործ ունեիք փոքրիկների հետ, հաշվի ենք առել ամեն մի մանրուք. բառերը, նկարները, կերպարներն ընտրել ենք հոգեբանի հետ քննարկումներից ու վերլուծություններից հետո միայն: Բացի այդ, նաև փորձարկումներ ենք արել. մանկապարտեզներում, ծանոթ-բարեկամների երեխաների շրջանում բազմիցս խաղեր ենք անցկացրել, անհրաժեշտ փոփոխություններն արել և դրանից հետո միայն` թողարկել»,-ասում է Սոֆյան:

«Այլ կերպիկ»-ն, ըստ էության, համակցված տարբերակ է. երկկողմանի խաղաքարտերը նախատեսված են երկու տարիքային խմբերի` 4-8 և 8-14 տարեկաններ համար: Ավելի փոքրերի համար քարտի մի կողմում պատկերված են հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսներ, իսկ մյուս կողմում` բառեր, արտահայտություններ` 8-14 տարեկանների համար: Երկու դեպքում էլ երեխաները թիմակիցներին պետք է բացատրեն, թե ինչ է պատկերված կամ գրված` առանց բառը կամ հերոսի անունը նշելու:

Միանշանակ, «Այլ կերպ»-ը համանուն կազմակերպության «առաջնեկն» է, բայց դրանից հետո թողարկված տարբերակները`«Մի շնչով»-ը, «Այլ կերպիկ»-ը, «Այլ կերպի հավելված»-ն ու «Զիլ Զառ»-ը ոչնչով չեն զիջում նրան:

«Մի շնչով»-ը ևս պարունակում է 301 հիմնական խաղաքարտ, ինչպես նաև` 52 լրացուցիչ: Ինչու «Մի շնչով», որովհետև խաղի մաս կազմող ավազե ժամացույցը հարցին պատասխանելու համար տալիս է ընդամենը 7 վայրկյան ժամանակ:

Ի դեպ, «Այլ կերպ»-ի, «Մի շնչով»-ի ու «Զիլ Զառ»-ի խաղաքարտերի քանակը` 301, պատահական չի ընտրվել. այն նշանավորում է Հայաստանում Քրիստոնեության ընդունման տարեթիվը:

Հատուկ հայերեն տարբերակով ինտելեկտուալ խաղերի ստեղծման նպատակով հիմնված «Այլկերպ» ՍՊԸ-ն բոլորովին վերջերս թողարկել է ևս մեկ խաղ` «Զիլ Զառ»-ը` կրկին 301 հիմնական ու 77 հատուկ խաղաքարտերով: Վերջինը վաճառքում կլինի ապրիլի 26-ից:
Հայերեն լեզվով ստեղծված ինտելեկտուալ խաղերը ներկայացված են ոչ միայն Երևանի տարբեր գրախանութներում ու խաղալիքների խանութներում, դրանք հնարավոր է ձեռք բերել նաև Գլենդելում ու Մոսկվայում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում