Խոհանոցից մինչև ինքնաթիռ. թունավոր գազերի կիսահաղորդչային «մատնիչները»

Երբ մեր քիթն անզոր է, օգնության են գալիս նրանք

Խոհանոցներում տեղադրված գազային տվիչները տնային տնտեսուհիներին «անհանգստացնելու» պատճառով երբեմն անգործության են մատնվում` մեկընդմիշտ անջատվելով հոսանքից: Կիսահաղորդչային գազային տվիչների (սենսորների) նախագծմամբ զբաղվող Միքայել Ալեքսանյանը (ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկորոէլեկտրոնիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ, դասախոս) տնտեսուհիների այդ վարվելակերպի պատճառը հասկանում է, բայց չի արդարացնում: «Գիտե՞ք մարդիկ ինչու են անջատում այդ տվիչները, որովհետև թիրախային չեն: Կոնկրետ դրանց խնդիրը խոհանոցի օդում մեթան գազի առկայության մասին զգուշացնելն է, սակայն ազդանշան են տալիս ոչ միայն դրա, այլև գոլորշու ու ծխի առկայության դեպքում: Մարդիկ էլ անջատում են` իրենց «անհանգստություն» չպատճառելու համար` չպատկերացնելով հետևանքները: Կրկին հիշեցնեմ, որ խոհանոցում այդ տվիչները տեղադրվում են, որպեսզի արձագանքեն բնական գազի արտահոսքի դեպքում, քանի որ շատ դեպքերում մարդու քիթը չի կարող զգալ նմանատիպ գազերի բավական ցածր խտությունը»,- բացատրում է մեր զրուցակիցն ու անցնում իրենց նախագծած` մարդկանց, ավելի շատ, «սենսոր» անունով հայտնի կիսահաղորդչային գազային համակարգերի «գործունեության» սկզբունքներին.

«Մեր ստացած բարակ կիսահաղորդչային թաղանթները, որոնց հիման վրա էլ պատրաստվում են տվիչները, տեղադրում ենք հատուկ խցիկի մեջ, որտեղ ներմուծում ենք նաև թիրախային գազը և հետևում գազային տվիչի պարամետրերի փոփոխությանը: Եթե թիրախային գազի առկայությամբ գրանցում ենք տվիչի թաղանթի դիմադրության փոփոխություն, ապա դա նշանակում է, որ մեր տվիչը զգայուն է տվյալ գազի նկատմամբ»:

Հայ մասնագետների նախագծած տվիչները, երիտասարդ ֆիզիկոսի հավաստմամբ, ունեն բավականին բարձր զգայունություն. «Անցած տարի Վիշկովի(Չեխիա) Պաշտպանության ինստիտուտում չափել ենք մեր նախագծած տվիչների զգայունությունը զարին և զաման գազերի նկատմամբ, որոնք շատ թունավոր գազեր են, և սովորական լաբորատորիաներում հնարավոր չէ չափել: Պարզվեց, որ մեր տվիչները բավականին զգայուն են այդ գազերի նկատմամբ, ինչը նշանակում է, որ վերջնական տեսք ստանալու դեպքում դրանք կարող են օգտագործվել ռազմական նպատակով Նշեմ, որ այդ չափումերն իրականացվել են ՆԱՏՕ (NATO)-ի դրամաշնորհի շրջանականերում, որը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանը»:

Թե ինչն է խանգարում Հայաստանում կազմակերպել կիսահաղորդչային տվիչների արտադրություն, Միքայել Ալեքսանյանը հիմնական պատճառն է մատնանշում` գիտություն-արտադրություն կապի բացակայությունը. «Մեր նպատակը վերջնական արդյունք ստանալն է, այսինքն` արտադրանք ունենալը, որը մրցունակ կլինի համաշխարհային շուկայում: Սակայն դեռևս պետության կողմից պատվեր չենք ստանում, որպեսզի կարողանանք անցնել այդ փուլին ևս»:

Ճանապարհ, որը տանում է դեպի էլեկտրոնային «քիթ»

Այդ հանգամանքը տխրեցնում, բայց չի խանգարում երիտասարդ ֆիզիկոսներին` իրենց գիտական արդյունքները տպագրելու բարձր ազդեցության գործակից ունեցող գիտական ամսագրերում և ներկայացնելու միջազգային հեղինակավոր գիտաժողովներում: Իսկ բոլորովին վերջերս ԵՊՀ-ում բացված ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնը օգնում է տեղում զարգացնելու որոշ գաղափարներ: «Նորագույն սարքավորումներով հագեցած կենտրոնում ուսանողները ևս հնարավորություն ունեն կյանքի կոչելու իրենց մտահղացումները: «Կարծում եմ, Հայաստանում պետք է զարգացվի կոնստրուկտորային, տեխնոլոգիական ուղությունը, որպեսզի հնարավոր լինի Հայաստանում կազմակերպել արտադրություն, որը և մեր վերջնական նպատակն է: Եթե լինի բարձրորակ ու մատչելի տեղական արտադրանք, մարդիկ ձեռք կբերեն դա, ոչ թե անորակ չինականը»,- համոզված է կենտրոնի կիսահաղորդչային ֆիզիկայի և տեխնոլոգիաների լաբորատորիայի վարիչ Միքայել Ալեքսանյանը:

Երիտասարդ գիտաշխատողն` իր գործընկերների հետ, ներկայումս փորձում է զարգացնել ջրածնի պերօքսիդի գոլորշիների տվիչներ, որոնց նախատիպերը` փոքր խտություններ գրանցելու համար, արդեն ունեն: Բժշկության մեջ դրանց, ինչպես նաև ացետոնի գոլորշիների հանդեպ զգայուն տվիչների անհրաժեշտությունն, անշուշտ, շատ մեծ է և տեղում դրանց արտադրությունը կազմակերպելը օգուտ կտար թե´ պրակտիկ բժշկությանը, թե´ գիտությանը: Դրանում Միքայել Ալեքսանյանը չի կասկածում:

Միջավայրում թունավոր ու պայթյունավտանգ գազերի առկայությունը հայտնաբերող, դրանց բաղադրության մասին ինֆորմացիա տվող կիսահաղորդչային գազային տվիչները, պարզվում է, բավականին լայն կիրառություն ունեն տարբեր երկրներում: Դրանք կարող են օգտագործվել և´ մթնոլորտային օդի որակը վերահսկելու, և´ինքնաթիռներում ու ավտոմեքենաներում անվտանգությունն ապահովելու, և, որ շատ կարևոր է, ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով. «Օրինակ չի՞ կարելի ավտոտնակում տեղադրել շարժիչի արտանետումները գրանցող գազի տվիչ և ապահով լինել: Իհարկե, կարելի է: Քիմիական գործարաններում ևս գազային տվիչների տեղադրումը շատ կարևոր է, քանի որ գազի արտահոսքի դեպքում դրանք անմիջապես լուսային կամ ձայնային ազդանշան կտան: Վերջ ի վերջո, խոսքը վերաբերում է մարդկային կյանքին»:

Երիտասարդ ֆիզիկոսը լավատես է, որ կգա օրը, և մարդիկ անվտանգության կանոններին ավելի խիստ կհետևեն ու այդ ժամանակ, գուցե և, արդեն լայն կիրառություն կունենան էլեկտրոնային «քիթ» կոչվող համակարգերը՝ բաղկացած տարբեր գազերի նկատմամբ զգայուն տվիչներից, որոնք մարդկանց հեռու կպահեն գազային «սպառնալիքներից»:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում