Արբանյակից արված լուսանկարների և հեռազննման մոդելի օգնությամբ հնարավոր է ապահովել Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը

Աշխարհագրական հարթակի տեղեկատվական նորամուծությունը

Ավանդական դաշտային հետազոտություններից հեռանալու համար որոշ աշխարհագրագետներ, ճիշտ է, դժգոհում են, բայց կանգնեցնել գեոինֆորմատիկայի սիրահարներին, անկարող են: Եթե մի քանի տարի առաջ լանդշաֆտի որևէ բաղադրիչի կրած փոփոխությունը պարզելու համար մասնագետները ստիպված էին նմուշը լաբորատորիայում ուսումնասիրել` ծախսելով ահագին և´ ժամանակ, և´ ռեսուրս, հիմա արդեն դա հնարավոր է անել տիեզերքից արված լուսանկարների օգնությամբ` ընդամենը մի քանի րոպեում:

ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաների բաժնի ավագ գիտաշխատող Վահագն Մուրադյանը մեկն է նրանցից, ովքեր նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ մշակում են մոդելներ, որոնք վերծանում են տիեզերական արբանյակներից, ինքնաթիռներից կամ անօդաչու թռչող սարքերից արված լուսանկարները: «Մենք մշակում ենք հեռազննման մոդելներ, որոնք հնարավորություն կտան տիեզերքից պարբերաբար ստացվող լուսանկարների օգնությամբ ստեղծել հեռազննման մոնիթորինգային և վերջինիս հիման վրա՝ արագ արձագանքման համակարգ՝ վերահսկելու հողերի, ջրերի աղտոտվածությունն ու որակական ցուցանիշները»,-աշխատանքի գերնպատակը կարճ-կոնկրետ ներկայացնում է աշխարհագրագետը: Նշանակում է`նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է դառնում աշխարհագրության գլխավոր կատեգորիաներից մեկը` տարածքային կառավարումը:

Քաջարան քաղաքի ու հարակից տարածքների հողերի աղտոտվածությունը գնահատվել է հենց նմանօրինակ հեռազննման մոդելով: Հաջողության դեպքում շուտով հնարավոր կլինի ստանալ նաև աղտոտման օջախների աղտոտվածության աստիճանը: ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորման շնորհիվ հեռազննման մոդել կմշակվի նաև Քաջարան քաղաքի գյուղատնտեսական մշակաբույսերի աղտոտվածության գնահատման համար:

Եթե Քաջարանի պարագայում հեռազննման մոդելներն ահազանգելու են հողերի ու բույսերի աղտոտվածության դեպքում, ապա Սևանի համար մշակվող մոդելը կարձագանքի լճի էկոհամակարգի փոփոխություններին, մասնավորապես` ջրի ջերմաստիճանին, կենսազանգվածին և պղտորությանը: 2016թ. սկսված նախագիծն ավարտական փուլում է, մնում է վերամշակվի և ճշգրտվի. դրանից հետո արդեն լրիվ իրատեսական կլինի Սևանա լճի էկոհամակարգի համար հեռազննման մոնիթորինգային համակարգ ունենալը: «Ամերիկյան ու եվրոպական արբանյակների կողմից արվող լուսանկարների օգնությամբ կհետևենք ջրի որակի փոփոխություններին և այլևս ստիպված չենք լինի դրա համար անընդհատ հասնել Սևան, ջուր բերել ու անալիզ անել»,-ասում է երիտասարդ գիտնականը:

Կանխատեսելով կլիմայի փոփոխության անկանխատեսելի ազդեցությունը

Չնայած նորագույն տեխնոլոգիաների զարգացման արդի տեմպերին, ավանդական հետազոտական մեթոդները չեն կորցնում իրենց կարևորությունը. ամեն դեպքում դաշտային հետազոտությունների արդյունքների հետ մասնագետները հաշվի են նստում` դրանք համադրելով սպեկտրոֆոտոմետով դաշտում արված լուսանկարների և հեռազննման մոդելների տված ինֆորմացիայի հետ:

«Հեռազննման մոդելների ընձեռած կարևորագույն` մշտադիտարկման հնարավորությունը կապահովի նաև տվյալ տարածքի էկոլոգիական անվտանգությունը»,-փաստում է աշխարհագրագետը: Որևէ աղետի, ասենք ` պոչամբարի փլուզման դեպքում անմիջապես համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Բացի արտակարգ դեպքերից, աննկատ չեն մնա նաև անզեն աչքի համար անտեսանելի ու առաջին հայացքից որևէ վտանգ չներկայացնող դանդաղ ընթացող փոփոխությունները:
Աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Մուրադյանը վստահեցնում է` իրենց ստեղծած մոդելները հնարավորություն կտան կանխատեսել նաև բերքատվությունն ու էկոհամակարգերի արդյունավետությունը: Օրինակ, ունենալով ապրիլ ամսվա կլիմայական ցուցանիշները (տեղումների քանակ, ջերմաստիճան և այլն) հնարավոր կլինի կանխատեսել, թե օգոստոսին բերքատվությունն ինչպիսին կլինի:

Այդ ուղղությամբ արված գործնական քայլերի մասին Վահագնը պատմում է` առանց չափազանցության.«Որպեսզի հասկանանք, թե վերջին 20-30 տարվա ընթացքում կլիմայի կրած փոփոխություններն ինչպես են ազդել հանրապետության հարավային շրջանի էկոհամակարգի և լանդշաֆտների վրա, տիեզերքից արված լուսանկարները, որոնց մեծ մասը, ի դեպ, համացանցից անվճար կարող ենք ստանալ, համադրեցինք տասնօրյա միջին տեղումների և ջերմաստիճանի հետ:Եվ շատ հետաքրքիր արդյունքներ ունեցանք. պարզվեց, որ կլիմայի փոփոխությունը նպաստել է էկոհամակարգի արդյունավետության բարձրացմանը: Հնարավոր է` Սյունիքի մարզում վերջին տարիներին ջերմաստիճանը բարձրացել և տեղումների քանակը նվազել է, բայց մենք գտանք կապ` գարնան ամիսների` հատկապես ապրիլի երկրորդ տասնօրյակի, տեղումների քանակի ավելացման և օգոստոս-հուլիսին կենսազանգվածի բարձրացման միջև»:

Գիտական խմբի ուսումնասիրության արդյունքը, ինչ խոսք, անսպասելի էր, դրա համար էլ զարմացրեց անգամ ոլորտի պատասխանատուներին, բայց, ինչպես Վահագնն է ասում, արբանյակներից արված լուսանկարները հազվադեպ են սխալ ինֆորմացիա հաղորդում, հետևաբար և` Հայաստանի հարավային մասում անապատացման ռիսկը նվազում և լայն հնարավորություններ են բացվում հողագործության և անասնապահության զարգացման համար:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում