«Թի-Էս-Դի»-ի նորարարությունների շարքը համալրել են հայկական առաջին 360◦ ֆիլմերը

Տարիքային սահմանափակումը` 2+

Նորարարությունների հայկական ամենախոշոր կենտրոնում` «Թի Էս Դի»-ում, կյանքը հեշտացնելու, ժամանակ խնայելու և հետաքրքիր ժամանց ապահովելու համար առաջարկվող լուծումներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից օգտվելու հերթը փոքրիկներինն է: «Թի Էս Դի» ընկերության կողմից երկու տարվա ընթացքում պատրաստված 360 աստիճան ուսուցողական ֆիլմերը երկու ամիս շարունակ, ամեն օր` ժամը 10:00-22:00 կցուցադրվեն Երևան Մոլում: 2-ից բարձր տարիքի երեխաների համար նախատեսված ուսումնաօժանդակ ֆիլմերը, որոնք պատրաստվել են մանկավարժ-հոգեբանների հետ համատեղ, հայերեն լեզվով կպատմեն տիեզերքի, շրջակա միջավայրի, բնական երևույթների և ամենատարբեր թեմաների մասին` օգնելով երեխային պատկերացնելու շրջապատող աշխարհն ու զարգացնելու երևակայությունը:

Բազմակի օգտագործման նոթատետր` երեքը մեկում

Սա, թերևս, կենտրոնի ամենաթարմ նորությունն է: Սրանից մոտ մեկ ամիս առաջ էլ «Թի-Էս-Դի»-ն ավանդական նոթատետրի այլընտրանք էր առաջարկել: Սովորական նոթատետրին փոխարինելու եկած Ecopad-ն, այսպես ասած, երեքը` մեկում, տարբերակ է. նոթատետր, գրիչ և բջջային հավելված: Մեկ Ecopad-ը փոխարինում է տաս սովորական նոթատետրի` շնորհիվ հատուկ թանաքով գրիչի. «Գրիչին ամրացված է ռետին, որով կարող եք ջնջել գրածը: Տաս և ավել անգամ հնարավոր է գրել ու ջնջել: Սա այն դեպքում է նպատակահարմար, եթե պետք է ջնջել մեկ-երկու բառ, իսկ եթե նոթատետրի ամբողջ գրածն եք ուզում ջնջել, ապա կարող եք այն մեկ բաժակ ջրի հետ դնել սովորական միկրոալիքային վառարանում և պահել 4-5 րոպե: Հանելուց նոթատետրը լրիվ մաքուր կլինի: Շատ կարևոր է, որ հենց այս` մեր մշակած գրիչով լինի գրված, քանի որ միկրոալիքային վառարանում թանաքը ցնդում է, իսկ սովորական գրիչով գրածը` ոչ»,-ասում է Ecopad-ի համահեղինակ, «Թի-Էս-Դի» ընկերության ծրագրերի ղեկավար Գոռ Ռուստամյանը: Հետազոտական խմբի անդամները մտածել են նաև, թե ինչպես կարելի է առանց դժվարության մի քանի թերթ ջնջել ու նորից օգտագործել` չխախտելով նոթատետրի ամբողջականությունն ու տեսքը:

Վերամշակված թղթից պատրաստված բազմակի օգտագործման նոթատետրի երրորդ բաղադրիչը պետք կգա նրանց, ովքեր չեն ցանկանա հրաժեշտ տալ նրանում տեղ գտած նոթերին: Յուրաքանչյուր էջ ունի իր մատրիցային կոդը, որի օգնությամբ անհրաժեշտ ինֆորմացիան սկան է արվում և պահվում նախապես ընտրված պահոցում, դա կարող է լինել ամպային պահոցը, «Drive»-ը և այլն:

Ֆունկցիոնալությամբ զիջող, արժեքով մի քանի անգամ թանկ նմանատիպ նոթատետրեր աշխարհում կան, բայց «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ Ecopad-ն արտաքին շուկա դուրս գալու դեպքում, ինչպես հեղինակներ են վստահեցնում, լուրջ մրցակից կլինի նրանց համար: Գոռի խոսքով` Ecopad-ը ծնվել է 1-1.5 ամսվա ընթացքում, չնայած այն կատարելագործելու ուղղությամբ աշխատում են ու դեռ երկար կաշխատեն:

«Խելացի» ձեռնափայտ, որով կարելի է երաժշտությունն լսել և օգնություն կանչել

Հայկական Ecopad-ին գրեթե հասակակից է «Թի-Էս-Դի»-ի մեկ այլ նորարարություն` «խելացի» ձեռնափայտը: Տատիկ-պապիկների հարմարավետությունն ու ժամանցը միաժամանակ ապահելու համար նորարարները ձեռնափայտի հիմնական ու բոլորին հայտնի գործառույթին ավելացրել են մի շարք գործառույթներ ևս: Օգնության կարիք ունենալու դեպքում սեղմելով ընդամենը մեկ կոճակ` զանգ կկատարեն ԱԻՆ, խնամակալին կամ նախընտրած 10 հեռախոսահամարներից մեկին: Ազդանշանային համակարգը փողոցում կզգուշացնի` ուշադրություն, ձեռնափայտով մարդ է մոտենում: Իսկ ներկառուցված լապտերը կվերացնի երեկոյան զբոսանքին խանգարող պատճառը:

Սրանք, ձեռնափայտի, թերևս, խիստ անհրաժեշտ պարամետրերն են: Մնացյալ առավելությունների` ձեռնափայտի միջոցով ռադիո կամ երաժշտություն լսելու, նրանում հիշողության քարտ դնելու հնարավորությունների մասին շատերը, դժվար թե, լսած լինեն: Բայց հայ նորարարները, ինչպես Գոռն է ասում, չէին կարող չմտածել` ինչպես հետաքրքիր դարձնել օրվա մեծ մասը ձեռնափայտով անցկացնող մարդկանց ժամանցը: Խելացի ձեռնափայտի հնարավորություններից օգտվելու համար տատիկ-պապիկներից շատ բան չի պահանջվում. թոռնիկին խնդրել` ներբեռնել բջջային հավելվածը և չմոռանալ լիցքավորել մարտկոցը:

Բաժակից և 100 գրամանոց սարքից կազմված լվացքի մեքենա` ճանապարհորդել սիրողների համար

Եթե «Թի-Էս-Դի» ընկերության ստեղծած ձեռնափայտը զարմացնում է բազմաֆունկցիոնալությամբ, ապա լվացքի մեքենան` առաջին հերթին չափերով: Ընդամենը 100 գրամ կշռող ուլտրաձայնային լվացքի մեքենան հավակնում է դառնալ հաճախակի գործնական հադիպումների ու ճանապարհորդությունների մեկնող մարդկանց պայուսակի հիմնական բնակիչներից մեկը: 15 Վատ հզորությամբ լվացքի մեքենայի աշխատանքի սկզբունքը բացատրում է հետազոտական խմբի անդամ Հռիփսիմե Տերյանը. «Կեղտոտ շորը թրջում ենք, փաթաթում սարքին, տեղադրում 20-60 աստիճան սովորական ջրով լցված տարայի մեջ (կարող է լինել ցանկացած նյութից պատրաստված բաժակ) և միացնում հոսանքին: 15-20 րոպե հետո կեղտը կամ բիծը տատանումների շնորհիվ քայքայվում է»: Այս` առաջին հայացքից իր նշանակության մասին ոչինչ չասող սարքը, բնականաբար, չի եկել փոխարինելու սովորական լվացքի մեքենային, բայց մասնագետները, ամեն դեպքում, որոշ հաշվարկներ են արել: Պարզվում է, եթե 5 կգ-ոց լվացքի մեքենան տարվա կտրվածքով ծախսում է, միջինը, 400 ԿՎՏ հոսանք, ապա ուլտրաձայնային լվացքի մեքենան` ընդամենը` 7.2 ԿՎՏ:

Թե որը կլինի հերթական նորարարությունը, կենտրոնում դեռ չեն ասում, ուզում են, որ անակնալ լինի, բայց խոստանում` երկար չսպասեցնել:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում