Վրաստանում ակտիվիստները ներկ են լցրել Հեյդար Ալիևի հուշարձանի վրա

Անհայտ անձինք հունիսի 2-ի գիշերը կարմիր ներկ են լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող հուշարձանի վրա, հայտնում է azadliq.info-ն:

Ներկը լցվել է Հեյդար Ալիևեի հուշարձանի վրա կատարված գրությունը ծածկելու նպատակով:

Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ` արդեն 5 օր է տեղական լրագրողներն ու ակտիվիստները Վրաստանում ակցիաներ են անցկացնում ի պաշտպանություն Թբիլիսիում առևանգված և գաղտնի Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի:

Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերեն: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներեն: Մեքենայում Մուխտարլըի գրպանում խոշոր գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:

Լրագրողի փաստաբանն, ով արդեն հանդիպել է Մուխտարլըին, փաստել է, որ քթի և ճակատի հատվածում առկա են ծեծի հետքեր, աչքերի տակ` կապտուկներ: 

Սաբաիլի շրջանային դատարանը Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընդունել երեք ամսով կալանքը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում