Անուշիկին ու Արամիկին կավելանան արևմտահայերեն խոսող տիկնիկները. «Մանկան»-ի հերթական նախաձեռնությունը

Բազմաթիվ մանուկներ, հնարավոր է, չճանաչեին Անուշիկին ու Արամիկին, եթե աշխատանքի փնտրտուքը Վարուժան Գյուրջյանին 1992թ. չհասցներ Շրջանայինի գետնանցումի տակ գտնվող խաղալիքների խանութ: Այդ խանութն արդեն վաղուց չկա, բայց այն, ի տարբերություն մյուսների, ապամոնտաժվելուց հետո չանցավ պատմության գիրկը: 1998թ. խանութը վերածնվեց նոր` Մաշտոցի 24 հասցեում: Հասցեն փոխվեց, ուղղվածությունն` ոչ. այստեղ էլ Վարուժան Գյուրջյանը երեխաների սիրելի ապրանքներն էր վաճառում` դարձյալ` դրսից բերված: «Երկու տարի այդպես աշխատելով` հասկացա, որ պետք է արտադրություն սկսենք, որոշ խաղալիքներ տեղում արտադրենք: Ինչո՞ւ ներմուծենք, եթե կարող ենք ինքներս արտադրել»,-ասում է արտադրության հետ սեր ունեցող պարոն Գյուրջյանը:

2000 թվականին ծնվեց առաջին փափուկ խաղալիքը, որի վրա գրված էր` արտադրված է Հայաստանում: «Մանկան»-ի արտադրած առաջին խաղալիքի դիզայնը մշակել է Վարուժան Գյուրջյանի կինը` մասնագիտությամբ մոդելավորող Մարինե Հարությունյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տալ շուկայի պահանջներին համապատասխան, բարձրորակ ու մրցունակ արտադրանք` տեղում չունենալով խաղալիքի արտադրության ոչ մի մասնագետ, «Մանկան»-ի հիմնադիր-տնօրենը խոստովանում է` դժվար էր. «Չգիտեինք, թե ինչպես պետք է ձևել, եռաչափ մոդել ստանալ, այսինքն` այդ ոլորտից տարրական գիտելիքներ անգամ չունեինք, և մասնագետ էլ չկար, որ հարցնեինք»:

Երկու-երեք աշխատողով օրական հինգից ութ խաղալիք էին պատրաստում: Ավելին չէին հասցնում, ոչ էլ պահանջարկը կար, հազիվ իրացնում էին: Տեղական արտադրության խաղալիքները շուկայում նորույթ էին, ուստի ճանաչելու և գնահատելու համար ժամանակ էր պետք: Մի քանի տարի անց արդեն «Մանկան»-ը գրավեց իր տեղը ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան` հիմնականում ռուսական ու ամերիկյան շուկաներում: 

Փափուկ խաղալիք արտադրող հայկական միակ ընկերությունն այսօր արդեն Երևանում ունի չորս խանութ, 60 աշխատող և բավականին մեծ արտադրամաս, որտեղ շուտով կպատրաստվեն արևմտահայերեն խոսող և ազգային տարրերով հագուստով խաղալիքներ ևս:

Թե ինչպես է հաջողվել 90-ականներից առայսօր գործել առանց ընդմիջումների, Վարուժան Գյուրջյանն էլ է զարմանում. «Ո´չ մութ ու ցուրտ 90-ականները, ո´չ էլ 2012թ. տնտեսական ճգնաժամը չխանգարեցին մեզ զարգանալ: Կարծում եմ, եթե մարդ դնում է հստակ նպատակ, աշխատասեր է, անպայման հաջողության հասնում է: Սկզբում չպետք է կենտրոնանաս եկամտի վրա, պետք է աշխատես, շատ աշխատես, հետո միայն մտածես եկամտի մասին: Իսկ աշխատելու դեպքում եկամուտը կլինի»:

Գործունեության 25 տարիների ընթացքում «Մանկան»-ի կարևորագույն սկզբունքը եղել է անվտանգ արտադրանք թողարկելը. «Մեր խաղալիքները բոլոր փորձաքննություններն անցնում են մանրազննին ու խստորեն: Առաջին նախապայմանն էկոլոգիապես մաքուր ապրանք արտադրելն է»,-ասում է հիմնադիր-տնօրենը և վստահեցնում` այդ սկզբունքն անխախտ կմնա նաև հետագայում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում