Մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող հայկական լավագույն ստարտափերը կարող են նաև ներդրումներ բերել Հայաստան

«ClimateLaunchpad Հայաստան 2017» ստարտափ բիզնես-գաղափարների մրցույթի մեկնարկը տրված է: 2014 թ. գործող և մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները իրատեսական բիզնես նախագծերի վերածող «ClimateLaunchpad»-ին Հայաստանը միացել է երկու տարի առաջ: Մաքուր տեխնոլոգիաների զարգացմանը միտված Հայաստանից ծնված գաղափարները եվրոպական ծրագրի շրջանակում ներկայացնել օգնում է «Նյու տեքնոլոջի Էդուքեյշն ֆոնդ» բարեգործական հիմնադրամը: Այս տարի ներկայացված 27 բիզնես գաղափարներից պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից նախապես ընտրված 14 –ը երկու օրվա ընթացքում կդառնանան ավելի իրատեսական ու կենսունակ` Նիդեռլանդներից ժամանած փորձագետ Ռոն Բլումերսի օգնությամբ:

Հոլանդացի փորձագետը բոլոր 14 թիմերի հետ երկօրյա բիզնես-ճամբարի ընթացքում, քննարկելով ու վերլուծելով ներկայացված գաղափարները, վերջիններիս հեղինակներին կտա դրանք ճիշտ ձևով ներկայացնելու մեթոդաբանությունը` այնպես, որ եվրոպացի գործընկերներին համոզիչ թվան հայ նորարարների բիզնես-նախագծերը:
Թե 14 թիմերից, որ երեքին կհաջողվի ավելի հաջող նախագիծ մշակել և մասնակցել մրցույթի կիսաեզրափակիչ փուլին, կորոշի ազգային ժյուրին: Լավագույն երեք նախագծերը կուղարկվեն Կիպրոս, որտեղ հոկտեմբերի 17-18-ին կներկայացվեն եզրափակչին: «Եթե մեր թիմերին հաջողվի գրավել մրցանակային տեղեր, ապա, բացի ֆինանսական պարգևից, նրանք նաև ճանաչելի կդառնան Եվրոպայում, եվրոպական ռեսուրսները բաց կլինեն նրանց համար: Այսինքն, եթե մեր բիզնես-նախագիծը եվրոպացի որևէ գործարար հավանի, ներդրումներ կանի: Անկախ նրանից, գաղափարը կյանքի կկոչվի Հայաստանում, Եվրոպայում և Ամերիկայում, նրա հեղինակը կլինի հայ, այն ծնված կլինի Հայաստանում»,-շեշտում է հիմնադրամի գործադիր-տնօրեն Հակոբ Հակոբյանը:

Հայ նորարարների գաղափարների վրա եվրոպական բիզնես կառուցելը Հակոբ Հակոբյանը ողջունելի է համարում: «ClimateLaunchpad»-ը եվրոպական ծրագիր է, որի նպատակը` մաքուր տեխնոլոգիաների միջոցով լուծել կլիմայական խնդիրները, իր շուրջն է համախմբել արդեն շուրջ 46 երկիր: Ինչպես Հայաստանից, այնպես էլ անդամ մյուս երկրներից ներկայացված գաղափարներից մրցույթի եզրափակիչ փուլում մրցանակային երեք տեղերը գրավում են միայն գլոբալ առումով կլիմայի վրա ազդելու հնարավորություն ունեցող բիզնես-նախագծերը: Լավագույն նախագծի համար սահմանված է 10 000, երկրորդ տեղը զբաղեցրած գաղափարի համար` 5000, իսկ երրորդ տեղի համար` 2500 եվրո պարգևավճար:

Թե «Climate KIC Climate Launchpad»-ի եզրափակչում որ հորիզոնականներում կհայտնվեն հայկական ստարտափերը, պարզ կլինի չորս ամսից, բայց որ Հայաստանում նորարարությունն ուղի է հարթում հաստատուն քայլերով, «Նյու տեքնոլոջի Էդուքեյշն ֆոնդ»-ի գործադիր տնօրենը չի կասկածում. «Այս երկու տարում պարզվեց, որ Հայաստանում նորարարական ուղղությունը զարգանում է, երիտասարդները փորձում են ստեղծել իրենց ստարտափերը, բիզնեսը, ինչը շատ ողջունելի է»:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում