Արտադրված է Հայաստանում. «Duson» օրթոպեդիկ ներքնակները որակ են թելադրում նաև արտաքին շուկայում

Արտադրված է Հայաստանում. «Duson» օրթոպեդիկ ներքնակները որակ են թելադրում  նաև արտաքին շուկայում

Գործունեության հիմքում` միջազգային ստանդարտները

Առաջին անգամ 2009թ. հայկական շուկայում հայտնվեցին «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ «Duson» (Դուսոն) օրթոպեդիկ ներքնակները: Պարզ ու սահմանափակ քանակությամբ տեղական արտադրանքը կարճ ժամանակ անց կոտրեց հասարակության մեջ վաղուց արմատացած կարծրատիպը` եթե տեղական է, ուրեմն անորակ է: «Առաջին հերթին` որակ» սկզբունքով առաջնորդվող «Duson»-ի թիմը միջազգային ստանդարտների բավարարման ոչ մի մրցավազք ոչ բաց է թողել, ոչ էլ` պատրաստվում է: ««Duson» ապրանքանիշի բոլոր ներքնակները համապատասխանում են և´ Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) և Քնի միջազգային աոցիացիայի (ISPA) ստանդարտներին: Այսինքն` ներքնակների արտադրության ոլորտում աշխարհում առաջատար ընկերություններին ոչնչով չի զիջում «Duson»-ը»,-ասում է արտադրության պատասխանատու Արշակ Ասլանյանը և, որպես որակի կարևոր գրավական, նշում ամերիկյան հայտնի «Leggett and platt» ընկերության հետ շարունակվող գործակցության մասին. ներքնակների ներսի մեխանիզմները հիմնականում ձեռք են բերվում զսպանակների արտադրության ամերիկյան հսկայից:

Ներքնակ գնել ցանկացող հաճախորդը երբեմն «Դեկորա գրուպ» ընկերությանը պատկանող «Duson»-ի ցուցասրահից դուրս է գալիս առողջ ու հանգիստ քնի մասին փոխված պատկերացումներով ու ըստ այդմ արված ընտրությամբ: «Որպեսզի հաճախորդը ճիշտ կողմնորոշվի ու հասկանա, թե ինչ ներքնակի վրա ավելի հանգիստ կքնի, բացի խորհրդատվական ծառայությունից, մեր ցուցասրահում ներկայացնում ենք նաև տարբեր` փափուկ, կոշտ, զսպանակով, առանց զսպանակի և այլ նմուշներ, որոնցից յուրաքանչյուրը հաճախորդը կարող է փորձել: Եթե անգամ պատվիրելուց հետո մարդը զգում է, որ սխալ տարբերակ է ընտրել, ետ ենք ընդունում ներքնակը և իր նախընտրած նմուշը նորից առաքում, բայց արդեն` 25 տոկոս հավելավճարով»,-վստահեցնում է արտադրության պատասխանատու և «Duson»-ի գլխավոր խորհրդատու Արշակ Ասլանյանը:

Նպատակը` հարմարավետություն բոլորի և յուրաքանչյուրի համար

Նմուշների փոխանակման պատճառը հաճախ ոչ այնքան հաճախորդի հարմարվելու խնդիրն է լինում, որքան քայլերի սխալ հաջորդականությունը: «Շատերը նախ գնում են մահճակալը, հետո ներքնակը: Բայց դա սխալ մոտեցում է: Եթե ուզում եք իմանալ, ասեմ, որ նախ և առաջ, պետք է ընտրել հիմքը, որի վրա դրվելու է ներքնակը: Հաճախորդների մեծ մասը դրան կարևորություն չի տալիս, մինչև չի հասնում մեզ մոտ: Մենք նրանց բացատրում ենք, թե ինչ հերթականությամբ պետք է ընտրություն անել: Մահճակալն ամենավերջում պետք է հավաքվի»,-ասում է գլխավոր խորհրդատուն: Ի դեպ, կահույքի արտադրության ոլորտում հայտնի «Դեկորա գրուպ»-ը սպառողին օգնում է նաև այդ հարցում: Ցանկացողները տեղում կարող են ընտրել ինչպես ներքնակ, այնպես էլ համապատասխան հիմք ու մահճակալ:

«Duson»-ի ավելի քան 50 ապրանքատեսակների մեծ մասը նախատեսված է տան, մյուսները` հյուրանոցների համար: Երկու հիմնական հավաքածուների որակական ցուցանիշների միջև որևէ տարբերություն չի նկատում արտադրության պատասխանատուն, փոխարենը ոճային տարբերություն է տեսնում. «Հյուրանոցային տարբերակները դասական ոճի մեջ են: Այստեղ ընդունված չէ տարբեր դիզայներական լուծումներ տալ, մինչդեռ տան համար նախատեսված ներքնակները կարող են տարբեր արտաքին տեսք ու կառուցվածք ունենալ` կախված գնորդի ցանկությունից»:

Թեկուզ երկու հավաքածուների բազմազանությունը հավասարաչափ չի բաշխված, բայց սպառողների շուկան գրեթե հավասարաչափ է: Ինչպես երևում է ` հյուրանոցները անհատներին, անհատները` հյուրանոցներին զիջել չեն պատրաստվում: Տարիների ընթացքում սպառողների հիմնական շուկան «Duson»-ը նվաճել է գնային մեծ սանդղակի ու անխախտ պահվող որակական ցուցանիշների շնորհիվ: Դրանք էլ հենց խթանել են, որ հայկական արտադրության օրթոպեդիկ ներքնակները դուրս գան արտաքին շուկա, և «Duson»-ը որակի չափանիշ դառնա նաև Վրաստանում, Իրանում և Ռուսաստանում: Ավելին` արտահանմանը բաժին ընկնող արտադրական ծավալը 30 տոկոսից կարող է աճել, եթե շարունակի ավելանալ վերջերս մաքսատուրքերից ազատված ապրանքատեսակների թիվը:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում