AM | RU
USD
EUR
RUB

Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը

 

Զրույց զորամասի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

–Պարոն գնդապետ, զրույցն ուզում եմ սկսել ամենից շատ քննարկվող հարցով՝ ի՞նչ է կատարվում Արցախի սահմանին: Հրետանային զենքերի կռի՞վ է:

–Ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջնագծում նորից լարվածության աճ է նկատվում: Ակտիվացել են փոքր տրամաչափի հրետանային միջոցները: Հակառակորդը հաճախ է օգտագործում ականանետներ, ՀՀՆ-9, վերջերս նաեւ` ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Այս ամենն ստեղծում է տպավորություն, թե հրետանային մարտեր են: Սակայն, այդ բնորոշումը մի քիչ չափազանցված է, քանի որ այսօր չի գործարկվում երկու կողմերի հրետանային ներուժը: Հակառակորդի գլխավոր հարվածի ուղղություններում կամ մեր համապատասխան ուժերի կենտրոնացման տեղամասերում միջադեպերը լոկալ են: Կարծում եմ՝ հակառակորդի սադրանքներն ավելի քաղաքական ենթատեքստ ունեն, քան մարտավարական բնագծում որեւէ հաջողություն գրանցելու:

–Հուլիսի 4-ին Ադրբեջանը ՏՌ-107 կայանքից հրթիռակոծեց Արցախի դիրքերը: Պաշտոնական հաղորդագրությունում նշվեց, որ հակառակորդը այդ զինատեսակը վերջին անգամ օգտագործել էր քառօրյա պատերազմի ժամանակ: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

–Ես այդ կայանքը բնորոշում եմ որպես «խուլիգանական զենք»: Ինչո՞ւ: Այն հիմնականում կիրառում են ոչ կանոնավոր բանակները: Հրթիռի տրամագիծը 107 մմ է, խոցման հեռահարությունը՝ 11 կիլոմետր, ճշգրտությունը ցածր է: Շարժունակ է՝ հակառակորդը հիմնականում տեղադրում է մեքենաների թափքում: Այն ավելի հոգեբանական ներազդեցության գործիք է: Մեր ինժեներական կառույցները թույլ են տալիս պաշտպանվելու այդ զենքից: Անհրաժեշտ է միայն ժամանակին կազմակերպել անձնակազմի պաշտպանությունը, հետախուզում իրականացնել եւ ոչնչացնել կրակակետը: Կարող ենք մարտական հերթապահությունում ընդգրկված միջոցներով շարքից հանել ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքները, ինչն էլ արվել է:

–Ի դեպ, ադրբեջանական մամուլը վայնասուն էր բարձրացրել, թե խաղաղ բնակավայրի վրա ենք կրակել:

–Հակառակորդն ընտրել է ստոր մարտավարություն. կարծես միտումնավոր՝ կրակակետերը տեղակայում է հատկապես խիտ բնակեցված բնակավայրերում: Ճնշելով դրանք՝ չի բացառվում, որ արկերից մեկը վնասի նաեւ տները: Դիտարկենք սովորական արկի տեխնիկական տվյալները. ցանկացած բեկոր մոտ 200 մետր հարվածի շառավիղ ունի: Իսկ հակառակորդը կրակային միջոցը տեղակայում է բնակելի տեղամասից 80 մետր հեռավորության վրա: Եթե անգամ գերճշգրիտ գործենք, վնասելու հավանականությունը մեծ է: Այսինքն՝ ադրբեջանական բանակն ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնք անխուսափելիորեն հարվածի տակ են դնում սեփական բնակչությանը: Մենք ոչ մի պասիվ զենքի վրա կրակ չենք բացում: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ճնշել կամ ոչնչացնել ցանկացած ակտիվ կրակակետ: Արցախի պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է տիրում միայն, երբ հակառակորդին արժանի հակահարված ենք տալիս: Կտրուկ գործողությունները շատ ավելի արդյունավետ են, քան սաստող կոչերը:

–Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ–ն հրապարակեց տեսանյութ՝ նշելով, որ ձեռք են բերել ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի արդիականացված հրթիռներ: Հակազդման ի՞նչ միջոցներ ունենք:

ՀՐԵՏԱՆԻՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է, ՊԱՏՐԱՍՏ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ

–Նախ ասեմ, որ այդ համակարգի հնարավորությունները չափազանցված են: Կրակի առավելագույն հեռավորությունը 6 կմ է, այն կարելի է խոցել հարվածային զինատեսակներով: Այն կիրառողը ավելի վտանգված է, քան դրանից պաշտպանվողը: Ապրիլյան մարտագործողությունների ժամանակ մեր ստորաբաժանումների կողմից իրականացվել է խոցում, մեկ միավոր էլ վնասել ենք: Նշված զինատեսակի կիրառումից կորուստներ չենք ունեցել: Վստահեցնում եմ, որ դրանք ժամանակին հայտնաբերելու եւ ոչնչացնելու բոլոր հնարավորություններն ունենք: Այնպես որ, ակտիվ մարտագործողությունների ժամանակ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետները պարզապես չեն հասցնի կրակային դիրք զբաղեցնել:

–Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պնդումը, թե Ադրբեջանն արդեն ունի հակահրթիռային զենք, որն ունակ է հարվածելու հայկական կողմի «Իսկանդերից» արձակված հրթիռները:

–Դատարկաբանությո՛ւն: Բացահայտ սուտ է` ուղղված մեղմելու իրենց հասարակության մեջ տիրող ահուսարսափը: Նա պարզապես որոշել է գլուխ գովել եւ հերթական անգամ ի ցույց է դրել մասնագիտական գիտելիքների ցածր մակարդակը: Անգամ աշխարհի գերհզոր բանակների ներկայացուցիչները չեն պնդում, որ ունակ են «Իսկանդեր» խոցելու: Այդ համակարգի հրթիռի արագությունը հետագծի սկզբնական հատվածից հետո վայրկյանում 2100 մետր է: Նման արագությունը անհնար է կասեցնել Ադրբեջանի սպառազինությունում առկա համալիրներով:

–Պարոն հրամանատար, նաեւ մեր համալրումներից խոսենք: Հրթիռահրետանային ի՞նչ նոր միջոցներ ենք ձեռք բերել ապրիլից հետո:

–Թե՛ ապրիլյան մարտագործողությունների ժամանակ, թե՛ դրանից հետո հետախուզության միջոցների բավական ծանրակշիռ համալրում ենք ունեցել: Սա մեզ հնարավորություն է տալիս նկատելու անհրաժեշտ շարժերը, ուղղությունները, կուտակումները, իսկ մեր քաղաքական ղեկավարությանն ու բանակի հրամանատարությանը՝ ճշգրիտ որոշումներ ընդունելու: Ես կիլոմետրերը չեմ նշի, միայն ասեմ, որ խոսքը ստրատեգիական խորությունների մասին է: Ինչ վերաբերում է կրակային միջոցներին, ապա համալրվել ենք գերճշգրիտ, գերհզոր հրթիռներով, որոնք բազմապատկել են մեր՝ մասշտաբային խնդիրներ լուծելու հնարավորությունները: Չբացելով փակագծերը՝ ավելացնեմ, որ տարբեր ուղղություններում ունենք ժամանակակից զենքեր, որոնք հնարավորություն են ընձեռում, օրինակ, խոցելու հակառակորդի տանկերը մի քանի անգամ ավելի մեծ խորությունում:

–Պակաս կարեւոր չէ կրակակետերի ապահովությունը: Ապահով դիրքից կրակ վարողը շահում է, քանի որ իր գործողություններում ավելի ազատ է:

–Բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում էին հրետանային կրակակետերի, դիտակետերի ամրաշինական աշխատանքները: Միջոցներ են ձեռնարկվել, եւ կարճ ժամկետում բացերը վերացվել են: Ամրապնդվել են հրետանային ստորաբաժանումների համար նախատեսված ամրաշինական կառույցները: Կրակային ցանկացած միջոցի համար ստեղծվել, կահավորվել են թե՛ կրակային, թե՛ պահեստային, թե՛ խուսավարման տեղամասեր: Մեր պաշտպանությունը հիմա բազմաշերտ է: Մենք մի քանի անգամ բարձրացրել ենք մեր կենսունակության աստիճանը: Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը:

–Պարոն գնդապետ, շնորհակալ եմ զրույցի համար:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Hayzinvor.am

Լրահոս
«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը Մոսկովյան դատարանը հրապարակել է հայ գործարարին սպանողների դատավճիռը Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչ է անում Սիրիայում ԱՄՆ-ը Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Անծանոթ աղջիկը Հայկ Մարությանին նվիրեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես են Ելցինի հետ Քլինթոնի ներկայությամբ ծիծաղել նրա վրա Զոհրաբ Մնացականյանը կվկայի Հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է Արմեն Կարապետյանի պաշտոնանկության պատճառը Գաղտնի ու թաքուն Մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն է Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan