ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 17-ից 18-ն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ, որտեղ հանդիպումներ է ունեցել նահանգապետ Հասան Սադեղլուի, տնտեսության և բնական պաշարների գծով փոխնահանգապետ Մահմուդ Ռաբիի, նահանգի վարչական կենտրոն Գորգանի քաղաքապետ Հոսեյն Սադեղլուի և մի շարք այլ պաշտոնյաների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Գորգանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում Արտաշես Թումանյանը հանդիպել է նահանգի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում դեսպանի կողմից ներկայացվել են Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, գործող առևտրային ռեժիմները, գործարար միջավայրի վիճակը, հայ և իրանցի տնտեսվարողների միջև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հայ-իրանական հարաբերություններին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Իրանցի ձեռնարկատերերին տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի, ազատ տնտեսական գոտիների, օտարեկրյա ներդրումների պաշտպանության և խրախուսման, հարկային և բանկային համակարգի, տրանսպորտային, էներգետիկ և այլ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև կառավարության կողմից գերակա հայտարարված տնտեսության ճյուղերի մասին:

Քննարկվել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Գորգան քաղաքի գյուղատնտեսության և բնական ռեսուրսների համալսարանի միջև համագործակցություն սկսելու հնարավորությունը:

Հայկական և իրանական կողմերը միակարծիք են եղել, որ գյուղատնտեսության և գյուղմթերքների վերամշակման, զբոսաշրջության, ՏՏ, դեղագործության ու դեղաբույսերի արտադրության ոլորտներում առկա են համագործակցության մեծ հնարավորություններ: Այցի շրջանակներում դեսպան Թումանյանն այցելել է նաև Գոլեսթան նահանգի մի շարք ձեռնարկություններ:

Այցի ավարտին դեսպան Թումանյանը եղել է նաև Գորգանի հարևանությամբ գտնվող Հայ նահատակած հուշակոթողում, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել համայնքի խնդիրներին և խոսել Հայաստան-Իրան հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում