Ծովինարի պատրաստած տիկնիկները հատուկ վերաբերմունքի են արժանանում շատերի կողմից

Ծովինար Սանթուրյանի ձեռագրին ծանոթ մարդիկ նրա տիկնիկներին ճանաչում են անմիջապես. գանգրահեր, ժպտերես ու բարի` այնպես, ինչպես հեղինակն է: Ծովինարի հերոսներին սկզբում չէր հաջողվում «ժպտալ», քանի որ հելյունով ժպիտ ստանալ հնարավոր չէր, դրա համար էլ հեղինակը հելյունից անցավ տեքստիլի: Եվ քիչ անց լուրջ տիկնիկների կողքին հայտնվեցին արև-տիկնիկներն ու մյուս ժպտերեսիկները: Նրանց շարքը համալրելու մասին հեղինակը վաղուց է մտածում, միայն թե ժամանակը չի հերիքում: Բայց խոստանում է` նոր հերոսները շուտով պատրաստ կլինեն, և արև-տիկնիկի կողքին կհայտնվեն ծառ-տիկնիկը, երկինք-տիկնիկը, լուսին-տիկնիկը և այլն, այսինքն` այն ամենը, ինչ սիրում է հեղինակը: «Տիկնիկներս արտացոլում են իմ ներաշխարհը: Այն, ինչ ուզում եմ տեսնել, զգալ, նրանց միջոցով արտահայտում եմ, դրա համար էլ նրանք ինձ համար շատ թանկ են, ուղղակի տիկնիկ չեն: Նրանք իմ ընկերուհիներն են, որոնց հետ զրուցում եմ, կիսվում, պատմում իմ մտահոգություններն ու երազանքները»,-ասում է Ծովինարը: Տիկնիկների հանդեպ հատուկ վերաբերմունքը Ծովինարի մոտ ձևավորվել է մանկության շրջանում: Բազմազավակ ընտանիքում ծնված աղջնակը հնարավորություն չի ունեցել սրտի ուզածի չափ հանել-հագցնել անխոս «ընկերուհիներին»: Մանկուց կիսատ մնացած երազանքներն այսօր կյանքի են կոչվում. « Փոքր ժամանակ շատ տիկնիկներ չեմ ունեցել, քանի որ չորս քույր էինք, և ծնողներս չէին հասցնում շատ տիկնիկներ առնել: Այն, ինչ այն ժամանակ չեմ կարողացել անել, հիմա եմ անում. նկարազարդում եմ նրանց հագուստը, գեղեցիկ կոշիկներ ու գուլպաներ եմ կարում նրանց համար: Իմ տիկնիկներին հագցնում ու զարդարում եմ այնպես, ինչպես աղջկաս կհագցնեի»,-անկեղծանում է տիկնիկագործը:

Իր ստեղծած հերոսների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքն է պատճառը, որ նրանց հրաժեշտ տալուց հետո էլ Ծովինարը հետաքրքվում է տիկնիկների ճակատագրով. «Իմ աշխատանքները ներկայացված են հուշանվերների խանութներում: Շատերն իրենք են ցանկացել, որ ներկայացնեմ իրենց մոտ: Մի անգամ խանութներից մեկում նկատեցի, որ տիկնիկս մի անկյունում հենց այնպես ընկած է: Վատ զգացի ու խանութի տիրոջն ասացի, որ չեմ ուզում այլևս համագործակցել իր հետ: Անմիջապես վերցրեցի տիկնիկն ու դուրս եկա»:

Նման դեպքեր, սակայն, մեկ-մեկ են լինում: Տիկնիկագործն, ընդհանուր առմամբ, գոհ է այն վերաբերմունքից, որին խանութում արժանանում են իր հերոսները, իսկ ավելի շատ ոգևորվում` հեզ հերոսների համատարիմ «ընկերուհիների»` երեխաների վերաբերմունքից: «Գիտեք հետաքրքիրը որն է, որ նույն տեսակի ոչ մի տիկնիկ մյուսներին նման չի լինում, նրանք ասես, մարդիկ լինեն` և´ իրար շատ նման, և´ տարբեր: Գուցե դա է պատճառը, որ երբեմն մեծ դժվարությամբ եմ բաժանվում նրանցից: Բայց այնքան մեծ բավականություն եմ ստանում` տեսնելով, թե ինչ հոգատարությամբ են երեխաները վերաբերում նրանց և ուրախանում»,-ասում է Ծովինարը:

Եվ քանի որ գանգրահեր հերոսները հիմնականում դառնում են երեխաների անբաժանելի ընկերները, ուստի Ծովինարը երբեք չի մտածել դրանք կավից սարքելու մասին. «Տիկնիկը պետք է լինի փափուկ ու ջերմ, որ գրկես ու ջերմություն զգաս»:

Ծովինարի հեղինակած տիկնիկների տեսականին խայտաբղետ է` թե´ հասակով, թե´ հագուկապով նրանք տարբեր են: Ամենափոքր տիկնիկն ունի ընդամենը 14 սմ հասակ, իսկ ամենամեծը` 40 սմ: Ըստ այդմ` տարբեր են նաև գները` 4000-40000: Այդ միջակայքը, հեղինակի խոսքով, պատահականորեն չի ընտրվել. «Յուրաքանչյուր դետալի վրա մանրամասն աշխատում եմ` մատների, աչքերի, ականջների և այլն: Կան մոդելներ, որոնց համար կարում եմ կաշվից կոշիկներ, բազմաշերտ զգեստներ: Այսինքն` տիկնիկի արժեքը կախված է նրա վրա արված աշխատանքից, զգեստից ու աքսեսուարներից: Ու նաև բոլոր հաճախորդներին պարտադիր հարցնում եմ` հավանել են, թե ոչ: Եթե ինչ-որ բան չեն հավանում, նորը պատրաստում ուղարկում եմ անվճար»,-բացատրում է տիկնիկագործը: Բայց դժգոհության առիթներ չեն եղել, բացատրությունը Ծովինարը տեսնում է հաճախորդների նմանության մեջ. «Հետաքրքիրն այն է, որ իմ բոլոր հաճախորդները շատ նման են իրար, նրանց աշխարհը նման է իմին, երևի այլապես չէր էլ կարող լինել, քանի որ, հակառակ դեպքում, նրանք չէին կարող հավանել ու հասկանալ իմ տիկնիկներին»:

Ծովինարի տիկնիկները մի քանի անգամ ներկայացվել են ցուցահանդեսներում, բայց մյուս տարի հեղինակը նախատեսում է անհատական ցուցահանդես կազմակերպել, որին տարբեր տիկնիկներ կցուցադրվեն. հնարավոր է`նրանց մեջ լինեն նաև ասեղնագործած հայկական զարդանախշերով զգեստներ կրող տիկնիկներ:
Ապագայի հետ կապված շատ ծրագրեր ունի Ծովինարը, որոնցից մեկն էլ մանկական հագուստ ու աքսեսուարներ կարելն է. բնականաբար, այստեղ ևս տիկնիկներն իրենց տեղը կունենան. դրանց վրա պատկերված կլինեն դարձյալ տիկնիկներ:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում