«Արմենպրես»-ն ու Վրաստանի GHN լրատվական գործակալությունը շարունակում են համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը

Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը և Վրաստանի GHN լրատվական գործակալությունը շարունակում են համագործակցության շրջանակներն ընդլայնելուն ուղղված քայլերը: Օգոստոսի 23-ին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը Երևանում ընդունել է GHN լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Թեյմուրազ Չումբուրիձեին:

Լրատվական գործակալությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը, նախանշել համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, անդրադարձ կատարել նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին և առաջիկա անելիքներին:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը կարևորել է երկու հարևան երկրների լրատվական գործակալությունների համագործակցությունը և ընդգծել, որ դրա շնորհիվ երկու երկրների հասարակությունները միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն են ստանում: Նա ընդգծել է, որ «Արմենպրես»-ը և GHN-ը շարունակում են ակտիվացնել տնտեսական, զբոսաշրջության ոլորտի լուսաբանման գործընթացը, անդրադարձը մշակութային միջոցառումներին, իրականացնում են տեղեկատվության փոխանակում երկու երկրներում կայանալիք կարևոր միջոցառումների վերաբերյալ: «Հանդիպումները հնարավորություն են քննարկելու արդի լրատվական դաշտում առկա միտումները, նաև՝ թե ինչ ուղղությամբ ենք շարժվում: Դրանք առիթ են նոր գաղափարներ գեներացնելու»,-նշել է Անանյանը:

GHN լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Թեյմուրազ Չումբուրիձեի խոսքով՝ երկու գործակալությունները կարող են համատեղ աշխատել տարբեր ոլորտներում, իրականացնել տեղեկատվության փոխանակում, փորձի փոխանակում, ինչն ավելի կբարելավի աշխատանքի որակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում