Աֆրիկյան ժանտախտը հնարավոր է ճնշել բնական նյութերով

Տզերը` վիրուսի տարածման հիմնական միջոց

Հովակիմ Զաքարյանի գլխավորած թիմը փորձում է գտնել նյութեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի բուժել աֆրիկյան ժանտախտով վարակված խոզերին:

Աֆրիկայից սկզբնավորված և Եվրոպա ու Ասիա հասած այս հիվանդության դեմ դեռևս 60-ականներից փորձում են պատվաստանյութ ստանալ, բայց անարդյունք: Արդեն իսկ վարակված կենդանիներին լիարժեքորեն առողջացնելու ուղիներ նույնպես մինչև հիմա չկան: Վիրուսի տարածումը կանխելու հայտնի միակ եղանակը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կարանտին հայտարարելն ու տվյալ տարածքում գտնվող բոլոր խոզերին` վարակված, թե առողջ, ոչնչացնելն է: Պատկերացնելու համար հիվանդության տարածման տեմպերն ու տնտեսությանը հասցվող վնասը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտական խմբի ղեկավար Հովակիմ Զաքարյանը հիշեցնում է 10 տարի առաջ Հայաստանում արձանագրված համաճարակի վիճակագրությունը. «2007-2008թթ. առաջին համաճարակի արդյունքում խոզերի գլխաքանակն ամբողջ հանրապետությունում կրճատվեց 50 տոկոսով: Արդյունքում մեծ վնաս կրեցին հատկապես գյուղացիական տնտեսությունները, քանի որ խոշոր ֆերմաների դեպքում հեշտ կառավարելի է կարանտինային իրավիճակը»:

Հայաստանում շրջանառվող վիրուսի շտամը, որը 7-8 օրվա ընթացքում, լավագույն դեպքում` մինչև երկու շաբաթը, սպանում էր խոզին, Հովակիմի խոսքով, այն հազվադեպ հանդիպող վիրուսներից է, որ այդքան կարճ ժամանակահատվածում 100 տոկոս մահով է ավարտվում: Պաշտոնական տվյալներով` Հայաստանում աֆրիկյան ժանտախտի բռնկում եղել է մեկ էլ 2011թ., բայց Հովակիմը վստահ է` փոքրամասշտաբ, բայց ամեն դեպքում, վարակումներ դրանից հետո էլ են եղել ու դեռ կլինեն, քանի որ վիրուսը ոչ մի տեղ չէր կարող անհետանալ:

Հստակ ասել, թե Վրաստանից ինչ ճանապարհով էր աֆրիկյան ժանտախտը հասել Հայաստան, դժվար է, բայց տարածման տարբերակներից մեկը տզերն են: «Վիրուսի տարածման հիմնական եղանակը օրնիտոդորոս կոչվող տզերն են, որոնք հիմնականում թռչունների վրա են մակաբուծում: Չվող թռչունների միջոցով դրանք կարող են հայտնվել ամենատարբեր վայրերում և կծելով խոզին`վարակել: Վարակման եղանակ կարող է լինել նաև հիվանդ խոզի կղանքը, մեզը: Նույն դաշտում գտնվող, միասին բուծվող խոզերը հեշտությամբ կարող են այդ ճանապարհով ևս վարակվել: Բայց քանի որ տզերն են հենց վարակի հիմնական տարածողը, իսկ դրանց ոչնչացնելը շատ դժվար է, ուստի և մարդը չի կարող լիովին վերահսկել և կանխարգելել հնարավոր համաճարակը»,-ասում է երիտասարդ գիտաշխատողը:

Հովակիմ Զաքարյանի խոսքով` աֆրիկյան ժանտախտի կլինիկական դրսևորումները շատ նման են դասական ժանտախտի դրսևորումներին. «Այդ վիրուսը ևս առաջացնում է հեմորագիա`ներքին օրգանների արյունազեղումներ: Այն պաթոլոգիական պատկերով շատ նման է նաև էբոլային, որը մարդկանց մոտ է հանդիպում: 7-8 օր հետո վիրուսային վարակն ավարտվում է կենդանու մահով, սակայն այդ ժամանակահատվածը լիովին բավարար է, որ վիրուսը բազմանա, անցնի առողջ խոզերին, ուստի և այդ տարածքում հայտարարվում է կարանտին և ոչնչացվում են այնտեղ գտնվող բոլոր խոզերը»:

Աֆրիկյան ժանտախտի բնածին ու արհեստածին «հակաթույները»

Վարակված խոզի միսը մարդու համար անվտանգ է, բայց այն շուկա հանելը նույնպես արգելվում է: Պատճառն այն է, որ տեղափոխման ընթացքում հնարավոր է վիրուսը տարածվի. «Եթե անգամ մարդուն ներարկեն վիրուսը, նրա մոտ խնդիր չի առաջանա, քանի որ մարդու օրգանիզմի այն բջիջները, որոնցում այն պետք է բազմանա, ներքին միջավայրով տարբերվում է խոզերի նույնատիպ բջիջներից, ինչն էապես ազդում է վիրուսի բազմացման վրա: Դեռ 70-ականներին մարդուց և տարբեր կենդանիներից անջատել են համապատասխան բջիջները և փորձել վարակել աֆրիկյան ժանտախտով, բայց խոզերից բացի, ուրիշ ոչ մեկի մոտ վարակում տեղի չի ունեցել: Միայն հավերի մոտ է դանդաղորեն զարգացել»:

Արդեն վարակված խոզերին բուժելու համար պետք էր գտնել այնպիսի նյութեր, որոնց գինը չգերազանցեր խոզի արժեքը, ինչի ուղղությամբ արդեն շուրջ երկու տարի աշխատում է ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման նորաստեղծ խումբը: Այդ առումով ամենամատչելի նյութը, բնականաբար, պետք է ունենար բնական ծագում:

«Կա նյութերի մի խոշոր ընտանիք` ֆլավոնոիդներ, որի մեջ մտնում են բույսերի կողմից սինթեզվող 5000 տեսակի նյութեր, որոնցից որոշներն ունեն հակավիրուսային էֆեկտ: Դրանց մի մասն արդեն հետազոտել և պարզել ենք, որ աֆրիկյան ժանտախտին բավականին արդյունավետ ճնշում է ապիգենին կոչվող նյութը: Դա պարզել ենք in vitro մեթոդով` վարակված բջիջների վրա փորձարկելով, բայց խոզերի վրա դեռևս փորձարկում չի արվել: Ապիգենինը կարողանում է վիրուսի քանակը մոտ 1000 անգամ նվազեցել, այսինքն` եթե վիրուսի սկզբնական քանակը 1000 միավոր է, ապա այն լրիվությամբ կոչնչացվի: Մենք նաև վարակված բջիջներին նույն նյութը նույն չափաբաժնով տվել ենք հինգ օր շարունակ և տեսել, որ այն անհետանում է: Համենայնդեպս, մեր ունեցած միջոցներով չէինք կարողանում դեդեկցիա անել: Ի դեպ, եթե վիրուսը թեկուզ աննշան քանակությամբ մնում է խոզի օրգանիզմում, այն հանդիսանում է նոր վարակի աղբյուր»,-ասում է Հովակիմը:

Ապիգենինը, որպես քիմիական միացություն, անկայուն միացություն է և սինթեզվում է տարբեր քիմիական ածանցյալների հետ, որոնք ևս ունեն հակավիրուսային ազդեցություն, բայց` ավելի թույլ:

Ամեն դեպքում մասնագետները փորձում են հասկանալ, թե վիրուսի որ փուլում որ նյութն ավելի արդյունավետ կազդի: Մեկ տարի անց, երբ խումբն ավարտի հետազոտությունները, պարզ կլինի, թե քիմիական կառուցվածքից կախված` ինչպես է փոխվում նյութի հակավիրուսային էֆեկտը:

Հայ-ռուսական համատեղ դրամաշնորհի շրջանակում խումբն ապիգենինից պակաս մատչելի, բայց ազդեցությամբ գրեթե հավասար նյութեր է հայտնաբերել, որոնք ֆիզիկական եղանակով, բայց դարձյալ 1000 անգամ ճնշում են վիրուսի մուտքը բջիջ: Թեկուզ ծրագիրն արդեն ավարտվել, հոդվածն էլ ուղարկվել է տպագրության, բայց արհեստական եղանակով լաբորատորիայում սինթեզված նյութերի ողջ ընտանիքը շարունակում է մնալ Հովակիմի գլխավորած թիմի ուշադրության կենտրոնում և հետագա աշխատանքների ընթացքում կպարզեն, թե հատկապես որ նյութի ամենափոքր չափաբաժինն ունի առավելագույն արդյունավետություն:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները` Հովակիմ Զաքարյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում