Վրաստանում հրդեհաշիջման ժամանակ հայ հրշեջը ծխահարվել է

Օգոստոսի 25-ին, ժամը 16.30-ի դրությամբ շարունակելով հրդեհաշիջման աշխատանքները Վրաստանի Բորժոմիի անտառներում՝ հայ հրշեջ-փրկարարների պատասխանատվությանը հանձնված 3 տեղամասերում ծառայություն է իրականացրել 4 մարտական հաշվարկ:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Բորժոմի կիրճում առկա է հրդեհի խոշոր 3 օջախ: Հայկական ուժերը կրակի դեմ պայքար են ծավալել Ծաղվերի և Դաբա գյուղերի մերձակայքում:

Նախորդ օրը՝ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներից մեկը ծխահարվել է: Նրան համապատասխան օգնություն են ցուցաբերել ՀՀ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի պարամեդիկները՝ գիշերվա ընթացքում կատարելով կաթիլային ներարկում: Հրշեջ-փրկարարի ինքնազգացողությունը կարգավորվել է, և նա առավոտյան վերադարձել է ծառայության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում