Հայ ուսանողների նախագծած օզոնատորը «քննություն է հանձնում» Մեքսիկայում

Ապագա ֆիզիկոսներ Ռազմիկի, Վաղարշակի ու Գոհարի հեղինակած օդային օզոնատորներն «առաջին քննությունը» հանձնում են Մեքսիկայում: Հայ ուսանողների նախագծած սարքերն Ամերիկա աշխարհամաս են հասել անցած տարի: Նանոտեխնոլոգիաներով հետաքրքրված Յուրի Մարտինեսը հայ երիտասարդների հավաքած օզոնատորը տեսել, հավանել ու առաջարկել է մի քանի օրինակ ուղարկել այնտեղ: Եվ արդեն մի քանի ամիս է մեքսիկական հինգ անասնաբուծական ֆերմաների տհաճ օդը մաքրում և ախտահանում են հայկական օզոնատորները: «Օզոնն, ի տարբերություն օդը թարմացնող այլ միջոցների, հոտավետ չէ: Այսինքն այն ոչ թե ճնշում է փակ տարածության տհաճ հոտերն իր` ավելի սուր հոտի շնորհիվ, այլ քայքայում է հոտ ունեցող մոլեկուլները »,-եռատոմ թթվածնի գործունեության սկզբունքը պարզ ու հստակ բացատրում է Ռազմիկ Արամյանը:

Ապագա ֆիզիկոսն օզոնի գլխավոր հատկությունը առանձնացնում, բայց մյուս ազդեցությունների մասին էլ չի մոռանում նշել. «Քանի որ օզոնն անկայուն միացություն է և փակ տարածությունում մնում է միջինը 15 րոպե, ուստի դրանով սենյակի օդը մաքրելուց հետո օդափոխության կարիք չի լինում, իհարկե` ճիշտ խտության դեպքում: Այն նաև թարմացնում է միտքը: Այն վայրերում, որտեղ աշխատանքը ծանրաբեռնված ու երկարատև է, որոշ քանակությամբ օզոն են լցնում սենյակը և աշխատողներն առույգանում են»:

Օդային օզոնատորների կիրառությունը, պարզվում է` ավելի լայն է, քան թվում է առաջին հայացքից: Երիտասարդները հիմա էլ սառնարաններում դրանց տեղադրման ուղղությամբ են մտածում` այնտեղ պահվող մթերքների խառը հոտերն ու հնարավոր բորբոսը բացառելու համար: Հետազոտություններ են անում, թե ինչ խտության դեպքում այն կլինի անվտանգ: « Հիմա ուսումնասիրում ենք, թե ինչպես է ընթանալու բորբոսի դեմ պայքարը. օզոնը հանդիսանում է բորբոսի դեմ ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Ընդհանրապես օզոնով պրոֆիլակտիկ մշակումը կանգնեցնում է բորբոսի աճը»,-ասում է Գոհար Հովհաննիսյանը:

Ի դեպ, կախված տարածքի մեծությունից, փոխվում է օզոնի խտությունը: Ու ոչ միայն խտությունը. արտաքին տեսքով օդորակիչ հիշեցնող օզոնատորի չափերը ևս ուղիղ համեմատական են սենյակի մակերեսին: Այն օդից վերցնում է միատոմ ու երկատոմ թթվածինը, դարձնում եռատոմ, տարածում և 15 րոպե անց քայքայվում` կրկին վերածվելով միատոմ ու երկատոմ թթվածնի:

Նույն սկզբունքով կաշխատի նաև ջրային օզոնատորը: «Ջրայինը ևս օդային օզոնատոր է, բայց դուրս մղած օդը ոչ թե սենյակի, այլ ջրի մեջ է լցվում: Ակվարիումները թթվածնով հարստացնելու ամենահարմար եղանակներից մեկը դա է: Օզոնատորի վրա ֆիզիկական ֆիլտր ավելացնելու դեպքում լրիվ մաքուր խմելու ջուր կարող ենք ստանալ: Այս դեպքում այն շատ նպատակահարմար կլինի կիրառել ձկնաբուծարաններում, որպեսզի ամեն անգամ ջուրը փոխելու կարիք չլինի: Այդ մեթոդը նոր է շուկա մտնում: Ֆրանսիան և Կանադան իրենց խմելու ջուրը ախտահանում են ոչ թե քլորով, այլ օզոնով»,-ստարտափի հեռանկարային լինելու մեջ չի կասկածում Ռազմիկը:

Չնայած «Սևան Ստարտափ Սամմիթ-2017»-ում երիտասարդները այնքան էլ լավ չեն հանդես եկել, բայց, կարևորը, գաղափարը դուր է եկել շատերին: Ստարտափը զարգացնելու համար մնում է սարքերի արդյունավետությունը փաստող ապացույցները Մեքսիկայից հասնեն Հայաստան և, որ ամենակարևորն է, ներդրողներ գտնվեն: Մինչ այդ երիտասարդներն իրենցից կախվածն արել են. ընկերության անունն էլ, գործունեության բնույթն էլ մտածել են դեռևս ապրիլին: «PPT»-ն կզբաղվի նաև գիտահետազոտական աշխատանքներով:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում