Շուշան Սարգսյանի նկարների անհատական ցուցահանդեսում կներկայացվեն բազմաոճ աշխատանքներ

Երիտասարդ նկարչուհի Շուշան Սարգսյանի աշխատանքներն ամփոփող առաջին անհատական ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 7-ին Հայաստանի նկարիչների միությունում: Այն կրում է «Մայրամուտից լուսաբաց» խորագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նոր մոտեցում՝ հնին ու նորին» կարգախոսով ցուցահանդեսում ներկայացված է հեղինակի 30 աշխատանք:

«Անհատական ձեռագրով աշխատանքներ են, հստակ ոճեր չկան. առավել մոտ բնութագրումը կլինի ոճային ստեղծագործական համադրություն: Կներկայացվեն գրաֆիկաներ, գունանակարներ, կերպարային-քանդակ և դեկորատիվ կիրառական աշխատանքներ: Այս աշխատանքներում առավելապես աչքի են ընկնում կոմպոզիցիոն լուծումները եւ հարթ պատկերի, ծավալի համադրությունները»,-ցուցահանդեսի մասին նշում է հեղինակը:

Նկարչուհի, մոդելավորող, ոճաբան, դեֆիլեի մասնագետ Շուշան Սարգսյանը 2012 թվականից Shushan Design Studio-ի հիմնադիրն ու գլխավոր դիզայներն է: Իր աշխատանքներով մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների: Սովորել է Երեւանի «Ռոսլին» արվեստի ինստիտուտում, աշխատել Ն. Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում