էդվարդ Նալբանդյանը հերքում է ինքն իրեն

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում  ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը մեկնաբանելով որոշ տարածքների վերադարձի վերաբերյալ իր հայտարարության արձագանքները, ասել է, որ որոշ մեջբերումներ եւ մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։

«Որոշ մեջբերումներ եւ մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների եւ վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, եւ փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ»,- նշել է Նալբանդյանը եւ շարունակել.

«Ինչպես երկու օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով ընդգծեց Հանրապետության Նախագահը՝ կարեւորն Արցախի կարգավիճակի հարցն է։ Եթե կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար եւ տրամաբանական ձեւով, որովհետեւ մնացած բոլոր հարցերն ածանցյալ են։ Կցանկանայի կրկնել նաեւ այն, ինչի մասին մենք ասել ենք բազմիցս. այդ բոլոր հարցերի լուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում