«Դեպի Արարատ» ցուցահանդեսը օտարազգի նկարիչներին կբերի Հայաստան

Հայաստանում հաճախ չէ, որ իրականացվում են ցուցահանդեսներ, որտեղ մեկ հարթակում ներկայացվում են և՛ հայազգի, և՛ օտար նկարիչների գործեր: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի նկարիչների միությունում կկայանա «Դեպի Արարատ» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն տարբեր երկրների նկարիչների ստեղծագործություններ: Այս մասին թղթակցին պատմեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

«Միջազգային ցուցահանդեսի նախաձեռնությունը պատկանում է ճապոնացի նկարիչ Սակատա Հիդեոյին, ով աշխարհի տարբեր ծագերում նման ցուցահանդեսներ է կազմակերպում: Կներկայացվեն կտավներ, որոնք մեծ մասամբ ստեղծվել են Ամերիկայում կորեացի, մեքսիկացի, հայ, ճապոնացի և այլ ազգերի ներկայացուցիչ նկարիչների կողմից: Ընդգծեմ, որ այդ օրերին միայն Ճապոնիայից տասներեք նկարիչ է ժամանելու Հայաստան»,-նշեց Աղամյանը:

Նրա խոսքով` նկարիչներից շատերն ութ տարի առաջ եղել են Հայաստանում և, հավանաբար, լավ տպավորություններով են հեռացել ու որոշել կրկին այցելել մեզ ու իրենց գործերը ցույց տալ հայաստանցի արվեստասերներին: Ցուցահանդեսի կապակցությամբ նաև պատկերագիրք է տպագրվում:

Անդրադառնալով միության 85-ամյակին, որը նշվում է այս տարի, դրա նախագահն ասաց, որ 17 տարի ղեկավարում է նկարիչների միությունը և տարիների մեծագույն ձեռքբերում է համարում առաջին հարկի ցուցասրահը, որի նմանը Հայաստանում չկա: «Տարածքը հիմնականում նկարիչների միության անդամների ցուցահանդեսների համար է նախատեսված, սակայն երբեմն բացառություններ արվում են: Տարվա կտրվածքով հիսուն ցուցահանդես ենք իրականացնում, իսկ դա բավականին մեծ ցուցանիշ է. անգամ խորհրդային տարիներին այդ քանակի ցուցահանդեսներ չէին կազմակերպվում»,-շեշտեց նա:

Աղամյանն ընդգծեց, որ դեկտեմբերին տեղի կունենա ամենասպասված միջոցառումը`«Հայ նկարիչների հանրապետական ցուցահանդեսը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում