Արցախ կատարած այցիս մեջ որևէ դատապարտելի արարք չեմ տեսնում. Չեթինօղլու

Թուրք ակտիվիստ, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուն, ով սեպտեմբերին այցելել էր Արցախ, բացարձակապես անհիմն է համարում պաշտոնական Բաքվի կողմից բարձրացված աղմուկը, ինչպես նաև իրեն ու գործընկերներին կալանավորելու, միջազգային հետախուզում հայտարարելու մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության որոշումը:

Այս մասին Չեթինօղլուն ասաց «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ՝ իր մտահոգությունները հայտնելով Ադրբեջանի գործողությունների առնչությամբ, որոնք ուղղված են այլ երկրներն ու միջազգային կառույցներն իր կամակորության գործիքը դարձնելուն:

«Պատմաբան և ցեղասպանության հետազոտող լինելուց բացի, ես նախ և առաջ իրավապաշտպան եմ և մարդու իրավունքների ակտիվիստ: Ղեկավար պաշտոն եմ զբաղեցրել Թուրքիայի Մարդու իրավունքների ընկերակցությունում: Երբ Amnesty International-ը դեռ Թուրքիայում չէր գործում, կազմակերպության միջազգային անդամի կարգավիճակ ունեցող անձանցից էի: Իսկ երբ արդեն Amnesty International-ը որոշեց գալ Թուրքիա, դրա առաջին համակարգողներից էի: Միառժամանակ զբաղեցրել եմ նաև Անկարայում Մտքի ազատության նախաձեռնության խոսնակի պաշտոնը:

Այս տեսանկյունից Արցախ կատարած այցելությունս ավելի քան բնական է դիտվում: Ընկերոջս՝ Արագած Ախոյանից այդ առաջարկն առանց երկմտանքի եմ ընդունել:

«Վիճարկելի» և «քննարկման առարկա հանդիսացող» տարածքներ անվանումները խիստ խնդրահարույց եմ համարում: Ո՞ւմ կամ ինչի՞ համաձայն են դրանք վիճարկելի: Այս հարցերի պատասխանը կոնյունկտուրային է և «ռեալպոլիտիկ»: Այլ կերպ ասած՝ սա քաղաքական իրադրություն է, որն իրականությունը չի արտացոլում:

Մեր օրերում, երբ մարդկությունը այդքան մեծ արժեքային նվաճումների է հասել, սա բացարձակապես անընդունելի, հետադիմական մի իրավիճակ է: Որպես իրավապաշտպան և ակտիվիստ՝ Կովկասում «վիճարկելի» և «խնդրահարույց» անվանվող Արցախ/Ղարաբաղ իմ կատարած այցի և հետազոտությունների մեջ որևէ դատապարտելի բան չեմ տեսնում:

Աշխարհի օրակարգում պահպանվող շարունակական բախումների մասին լուրերի կողքին այս տարածաշրջանում, որտեղ 2016 թվականի ապրիլին մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ տեղի ունեցան, ավելի քան բնական եմ համարում իրականացված այցելությունը՝ հասկանալու, թե այդ տարածաշրջանում ինչ է տեղի ունենում: Ավելին, պետք է խոստովանեմ, որ այս հարցում շատ ուշ եմ ներգրավվել:

Ադրբեջանի՝ միջազգային իրավունքի նորմերը խախտելով մեր դեմ հետաքննություն սկսելն ու մեզ ձերբակալելու մասին որոշում ընդունելը բառիս բուն իմաստով բռնության դրսևորում են: Անընդունելի երկրորդ պահանջն էլ մեզ պատժելու համար մեր երկրից մեզ պահանջելն է, ինչը որևէ իրավական հիմք չունի, բացարձակապես անընդունելի է: Քմահաճություն: Այդ իսկ պատճառով էլ այդ պահանջը մեր երկրի կողմից ուշադրության չարժանացավ, անտեսվեց:

Ադրբեջանի կողմից բռնության մեկ այլ դրսևորում է միջազգային հետախուզում հայտարարելով իմ ազատ շրջելու իրավունքը խոչընդոտելը: Այս իրադրությունը ոչ այլ ինչ է, քան մարդու հիմնարար իրավունքների խախտում, պետություններն ու միջազգային կազմակերպություններն Ադրբեջանի կամակորությունների գործիք դարձնելու փորձ: Փորձում են սահմանափակել ոչ միայն Արցախ, այլև արտերկրյա մեր մյուս այցելությունների իրավունքը:

Ինչպես հայտնի է՝ ազատ տեղաշարժի իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: Այս սկզբունքից ելնելով՝ Միջազգային քրեական դատարանը տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը որակում է որպես մարդկության դեմ իրականացվող հանցագործություն:

Արցախում կատարած ուսումնասիրություններիս արդյունքները կհրապարակեմ առանձին»,-հայտարարում է Չեթինօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում