Ծանր մետաղները շարունակում են աղտոտել նաև մայրաքաղաքի օդն ու հողը

Ծանր մետաղները շարունակում են աղտոտել նաև մայրաքաղաքի օդն ու հողը

Գևորգ Տեփանոսյանն արդեն յոթ տարի է՝ ուշի-ուշով հետևում է շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների քիմիական կազմում տեղի ունեցող փոփոխություններին։ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ներկայիս ղեկավարը միայն մարդու վրա չի «բարդում» ծանր մետաղների բեռը։ Պարզվում է՝ լեռնահանքային շրջաններում անգամ մարդկային գործոնը բացառելու դեպքում որոշ քիմիական տարրերի պարունակություններ բնականից բարձր են։ «Քաջարան, Կապան և Ալավերդի քաղաքների շրջակա միջավայրում մի շարք տարրերի գերբարձր պարունակությունները, որոնք նաև գերազանցում են հաստատված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, մարդկային և բնական գործոնների վերադրման արդյունք են։ Ընդհանրապես, Հայաստանի հյուսիսային ու հարավային շրջանները հանդիսանում են կենսաերկրաքիմիական մարզեր, որտեղ, պայմանավորված ծանր մետաղների բնականից բարձր պարունակությամբ, պետք է պլանավորված գյուղատնտեսություն իրականացնել, այսինքն` պետք է իմանալ ինչ աճեցնել և որտեղ։ Օրինակ, հետազոտությունները ցույց են տվել, որ Դեբեդի կիրճում աճեցված ազնվամորին, պարունակում է սնդիկի նշանակալի պարունակություններ։ Մեր երկրում, որպես այդպիսին, սնդիկի հանքավայր հայտնի չէ, սակայն այլ մետաղական հանքավայրերի շահագործման արդյունքում, բացի տնտեսական առումով շահեկան տարրերից, ունենք մի շարք ուղեկցող տարրեր, որոնք նույնպես «ինքնակամ» արդյունահանվելով, մուտք են գուրծում շրջակա միջավայր՝ ընդհուպ մինչև սննդային շղթաներ։ Մի շարք հազվագյուտ տարրեր, որոնց Հայաստանում չեն դիտարկում որպես շահութաբեր, զարգացած երկրներում ՏՏ ոլորտի զարգացմանը զուգահեռ ստացել են մեծ կարևորություն»,-ասում է Գևորգ Տեփանոսյանը։

Այսպես՝ պայմանական բաժանում անելով, Գևորգ Տեփանոսյանը, գործընկերների հետ, առանձին-առանձին ուսումնասիրում է այն շրջանները, որտեղ չի հասել մարդու ձեռքը և այն գոտիները, որոնք, ի դժբախտություն բնության ու գալիք սերունդների, ենթարկվում են ինտենսիվ տեխնածին ազդեցության։

Այդ՝ վերջին շարքում, Երևանը մրցակիցներ չունի. Գևորգին, որպես ամենահին ժառանգություն, հասել են դեռևս 1989 թվականից մայրաքաղաքում իրականացված հետազոտությունների, այդ թվում` հողային հանույթների 1989, 2002, 2012 թվականների երկրաքիմիական տվյալները և «կրկնանմուշների բանկը»։ Այդ ժամանակներից մինչև հիմա հողի հիմնական աղտոտիչը շարունակում է մնալ կապարը` չնայած, որ 2001թ. արգելվեց քիմիական այդ տարրի աղբյուրի՝ էթիլացված բենզինի օգտագործումը։ Կապարը շարունակում է մնալ Երևանի հողերի առաջնային աղտոտիչը, մինչդեռ մթնոլորտային փոշում առկա ծանր մետաղներից առաջնայնությունը մոլիբդենինն է: Ազդեցության թիրախները տարբեր են, հակազդեցության միջոցները` նույնանման. կլանող բույսերի օգնությամբ թե´մեկը, թե´մյուսը կարելի է «որսալ», միայն թե որոշ բաներ պետք է հաշվի առնել։ «Առաջնային միջոցառումներից մեկը կանաչապատումն է, բայց այդ նպատակով տնկվող ծառերը և´ կլանող պետք է լինեն, և´ դիմացկուն: Մյուս քայլը, որ պակաս կարևոր չէ, մեքենաների պատշաճ տեխզննումը և արտանետումները ֆիլտրող մասերը նորերով փոխարինելն է։ Երրորդը` որևէ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելուց առաջ այդ տարածքում պարունակվող քիմիական տարրերի մասին ինֆորմացումն է։ Քանի որ քամին հեշտությամբ կարող է տարածել հողը՝ դրա հետ մեկտեղ՝ նրանում առկա տարրերը, ուստի շինարարական աշխատանքների ընթացքում անհրաժեշտ է հետևողական լինել, որպեսզի, օրինակ` հողաշերտի հեռացումը կատարվի պատշաճ կերպով, ոչ թե հանվի և լցվի` ուր պատահի»,-ասում է երիտասարդ գիտաշխատողը։

Մանկապարտեզները` պոտենցիալ ռիսկի ներքո

Երևանում արված, թերևս, ամենաաշխատատար նախագծերից մեկը մանկապարտեզների տարածքների հողերի հետազոտությունն էր։ 2012թ. իրականացված Երևան քաղաքի հողային հանույթի ընթացքում Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի կողմից հետազոտվել են մայրաքաղաքի շուրջ 111 մանկապարտեզների հողերում առկա ծանր մետաղների պարունակությունները։ Արված, ամփոված և ազդեցության բարձր գործակից ունեցող ամսագրերում տպագրված արդյունքները մտահոգիչ էին: Ինչպես Գևորգն է ասում, կային մանկապարտեզներ, որտեղ, ծանր մետաղների պարունակություններով պայմանավորված, առողջությանն ուղղված ռիսկը թույլատրելի շեմից բարձր էր, ինչը նշանակում է, որ առկա է երեխայի առողջությանն ուղղված վնասակար ազդեցություն:

Պոտենցիալ ռիսկը, եթե ոչ վերացնելու, ապա գոնե կրճատելու համար ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաների բաժնում իրականացվող «Հորիզոն 20-20» ծրագրի շրջանակում, որն, ի դեպ, Հայաստանում շահել է միայն կենտրոնը, մի քանի մանկապարտեզներում հնարավոր է իրականացվեն կանաչապատման աշխատանքներ։ Ըստ Գևորգի` որքան շատ լինեն առկա խնդիրներին տրվող բնահեն լուծումները, այնքան կշահի թե´ բնությունը, թե´ մարդը:

Բնահեն լուծումների կողմնակից երիտասարդ գիտաշխատողը հանրապետության երրորդ քաղաքում՝ երբեմնի անտառապատ Վանաձորում, գործընկերների հետ փորձել է գտնել 70-ականներին տեղի ունեցած քիմկոմբինատի պայթյունի արդյունքում շրջակա միջավայր արտանետված սնդիկի պարունակություններ: Մոտ 50 տարի անց սնդիկի հետքեր կգտնվեն այստեղ, թե չէ, աշխատանքների ավարտից հետո միայն պարզ կլինի։

Իսկ քաղաքային էկոհամակարգերի շարքում հատուկ տեղ զբաղեցնող Գյումրին, ինչպես պարզվում է, Երևանի համեմատ, բավականին մաքուր է։ Մայրաքաղաքին հետևում թողնող հանրապետության երկրորդ քաղաքի օդի հիմնական աղտոտիչը փոշին է:Ու եթե Երևանում մեղմ ասած, անիրատեսական է, մարդկանց համոզել՝ հանուն մաքուր օդի հրաժարվել ամեն անգամ սեփական մեքենայով աշխատանքի գնալու հաճույքից, ապա Գյումրիում մթնոլորտային փոշու նվազեցման համար բավական է ընդամենն ասֆալտապատել քաղաքի բոլոր փողոցները:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում