Հայաստանի ԱԻՆ-ը պատրաստակամություն է հայտնել օգնելու Իրանին

Հայաստանի ԱԻՆ-ը պատրաստակամություն է հայտնել օգնելու Իրանին

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում Իրանի դեսպանատան և Իրանում Հայաստանի դեսպանատան միջոցով կապ է հաստատել Իրանի իշխանությունների հետ եւ պատրաստակամություն հայտնել օգնություն տրամադրելու աղետի հետեւանքների վերացման գործընթացում: ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանն ասաց, որ ԱԻՆ միջազգային որակավորմամբ փրկարարական թիմն արդեն բարձր պատրաստվածության է բերվել եւ սպասում է Իրանի պատասխանին: «Պատասխանը ստանալուց հետո մեր փրկարարները կմեկնեն օգնության»,-ասաց նա:

Իրան-Իրաք սահմանին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է 200-ից ավելի մարդ, 2 500-ը համարվում են տուժած, 70 հազար մարդ էլ անօթևան է մնացել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4.5-5.0 մագնիտուդով չորս հետցնցում: Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի նախագահին ցավակցական հեռագիր է հղել: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի փրկարարական աշխատանքներին աջակցելու Հայաստանի պատրաստակամության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում