Ջավախքում հայոց լեզվի կարգավիճակի հարցը երբեք չի թաղվի

Մարտի 14-ին Ախալքալաքի շրջանային ժողովի որոշումը ամենայն հավանականությամբ խրվեց մնաց նույն շրջանային ժողովի շենքում: Պատճառների մասին երկար կարելի է խոսել, սակայն դեռ անհրաժեշտ է հասկանալ թե իրականում որտեղից էր բխում տվյալ քննարկումները կազմակերպելու, ապա եւ նման որոշում ընդունելու մտահղացումը:
Առաջին հայացքից Սամցխե-Ջավախքում բնակվող հայ ժողովրդի շահերից բխող որոշում է ընդունվել այս տարվա մարտի 14-ին: Սակայն մի փոքր ժամանակ անց եւ դեպքերի բերումով արդեն պարզ է դառնում, որ դա կազմակերպված պատվեր էր ինչ որ ուժերի կողմից ներքաղաքական խաղարկումների նպատակով:
Փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
Akhaltskha.net կայքի փոխանցմամբ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ով օր օրի կորցնում է իր հեղինակությունը երկրի ներսում վերածվելով սոսկ քաղաքական քննադատի,նա մշտապես փորձում է ամեն կերպ սադրանքներ կազմակերպել ու խաբկանքը գցել նոր իշխանություններին, ինչից հետո նրանք կհայտնվեն նրա քննադատության թիրախում:
Նման կազմակերպված սադրանքների ու ապա հերթական բամբասանքների շարքին կարելի է դասել նաեւ հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակի շուրջ Ախալքալաքի շրջանային ժողովի որոշումը: Դժվար չէ կռահել թե ինչպես շատ արագ օգտագործվեց հանրապետականների տվյալ նախաձեռնությունը Սահակաշվիլիի «նախկին» թիմակիցների կողմից:
Որոշումը միաձայն ընդունվեց, սակայն այնուամենայնիվ չհասավ ազգային ժողով: Հակառակը Սահակաշվիլին շատ արագ ոգեշնչված նոր իշխանություններին քննադատելու ոսկե հնարավորությամբ սկսեց խոսել Ջավախքում հայկական «անջատողականության» մասին, միտք ունենալով հակահայկական հողի վրա հասարակությանը լարել նոր իշխանությունների նկատմամբ եւ մյուս կողմից երկրի ներսում հուզումներ հրահրելով փորձել վերջնականապես խորտակել հայոց լեզվի տրարածաշրջանային կարգավիճակ տալու հարցը:
Տվյալ պարագայում ներքաղաքական հաշվեհարդարի եւ հարցի քաղաքական խաղարկումների նպատակով երկրի հիմնական քաղաքական ուժերը ընդամենը օգտագործեցին Ախալքալաքի շրջանային ժողովի որոշումը:
Օրերս Սամցխե-Ջավախք էին ժամանել Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վրաստանի հարցով համազեկուցողներ՝ Մայքլ Աստրուպ Հենսնը և Բորիս Ցիլևիչը: Ախալցխայում համազեկուցողները վրացական կազմակերպություններից հետաքրքրվել էին հայոց լեզվի կարգավիճակի հարցով:
Վերադառնալով Թբիլիսի համազեկուցողներ լրատվամիջոցների հետ զրույցներում ասել էին, որ լեզվին վերաբերվող խարտիայի ոչ մի դրույթ հնարավոր չէ գնահատել որպես սեպարատիզմի խրախուսում ու հիմք: Նրանց խոսքով նաեւ սխալ է համարել, որ ազգային փոքրամասնությունը կհրաժարվի պետական լեզվից, ինչքան էլ որոշ ուժեր Վրաստանում այդպես են մեկնաբանում խարտիան:
Համազեկուցող Բորիս Ցիլևիչի խոսքերով' խորհրդարանական մեծամասնությունը խարտիան վավերացնելու քաղաքական կամք ունի:
Սակայն հարցի շուրջ այնուամենայնիվ վերոնշյալ պատճառներով կարծես այսօր ամպեր են կուտակվում:
Եթե Ախալքալաքի շրջանային ժողովի որոշումը ընդունվեր երկրում նախագահական ընտրություններից հետո, երբ հավանաբար չեր լինի Վրաստանում երկիշխանություն, ապա հարցը առնվազն հեշտությամբ կհասներ երկրի խորհրդարան եւ տվյալ պարագայում կարելի կլիներ ենթադրել դրական առաջընթաց, սակայն հիմա դժվար է կանխատեսել մեր ժողովրդի համար այդքան կարեւոր հարցի շուրջ հետագա զարգացումները:
Առնվազն մի բան ակնհայտ է հայոց լեզվին վաղ թե ուշ Վրաստանում տրվելու է տարածաշրջանային լեզվի կարգավիճակ եւ տվյալ հարցը երբեք չի թաղվելու, ինչպես ենթադրում էին ոմանք: