AM | RU
USD
EUR
RUB

ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը ներդրողի համար Հայաստանին կտա կրկնակի առավելություն

 

Ժոնաթան Լաքոտը սեպտեմբերին նշանակվեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան: 45-ամյա դիվանագետը նախկինում զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդականի պաշտոնը, աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում: «Արմենպրես»-ը զրուցել է նորանշանակ դեսպանի հետ հայ-ֆրանսիական հարաբերությունների, առաջիկայում ստորագրվելիք Հայաստան-Եվրամիություն ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրի, ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի եւ այլ հարցերի վերաբերյալ:

-Պրն դեսպա՛ն, նախեւառաջ կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին: Ինչպե՞ս եք այն գնահատում եւ ի՞նչ կարեւոր շեշտադրումներ կառանձնացնեք:

-Հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնաշնորհյալ են՝ հիմնված դարավոր բարեկամության վրա: Այդ հարաբերության հարստությունը պայմանավորված է մեր երկրների միջեւ եղած կապերի որակով: Երկու երկրների քաղաքական երկխոսությունն արտահայտվում է բարձրագույն ղեկավարների, ինչպես նաեւ խորհրդարանականների, ՏԻՄ ղեկավարների եւ քաղաքացիական հասարակությունների միջեւ տեղի ունեցող երկկողմ այցերով: Ֆրանսիան եւ Հայաստանը վարում են կրթամշակութային շատ սերտ համագործակցություն, որի հիանալի ապացույցներն են Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ ֆրանսիական դպրոցը:

-Անդրադարձաք Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությանը քաղաքական ոլորտում: Ի՞նչ կասեք տնտեսական ոլորտի մասին, ի՞նչ ցուցանիշներ կառանձնացնեք, եւ արդյոք երկու կողմերի ներուժը բավարար չափով օգտագործվում է:

-Մեր առեւտրատնտեսական կապերի ամրապնդումն իմ գործունեության գերակայություններից մեկն է: Առաջին պլանի ներդրող լինելով հանդերձ՝ Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանի դեռեւս համեստ առեւտրային գործընկերը: Առկա են խոստումնալից ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը, թվային կամ առողջապահության ճյուղերը, որտեղ մեր երկրները կկարողանային արդյունավետ համագործակցել: Այս իմաստով, կարեւոր զարգացումը, որը կշահագրգռեր ֆրանսիացի ներդրողներին, արտահանողներին առավել ներկա լինել Հայաստանում, ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումն է, որը Հայաստանին թույլ կտա կրկնակի առավելության առաջարկով հանդես գալ ցանկացած պոտենցիալ ներդրողի առջեւ. ԵԱՏՄ շուկայի հասանելիություն եւ դյուրինացված փոխանակումներ Եվրոպական Միության հետ:

-Տնտեսական ոլորտում համագործակցությունն առավել ակտիվացնելու համար ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում: Գործարարների համար ներդրումների հարցում ի՞նչ խնդիրներ կան, ըստ Ձեզ:

-Գործարարների եւ ներդրողների մեծամասնության համար հայկական շուկան առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, եթե այն կամուրջ է դեպի ԵԱՏՄ եւ Իրան՝ միաժամանակ օգտվելով առեւտրային արտոնյալ պայմաններից Եվրամիության հետ: Հայաստանի հետ առեւտուր անելու կամ այստեղ հաստատվելու համար նրանց անհրաժեշտ են հարկային, մաքսային եւ իրավական հստակ, բոլորի համար անաչառ կանոններ: Ողջունում եմ ՀՀ կառավարության տնտեսական եւ ներդրումների խթանմանն ուղղված բարեփոխումները: Այս իմաստով գործունեությանս գերակայությունն է լինելու հայ-ֆրանսիական ինստիտուցիոնալ համագործակցության ուժեղացումը: Այդ համագործակցությունն արտահայտված է ահա արդեն մեկ տարի Բիզնես Ֆրանսի եւ Զարգացման հայկական հիմնադրամի (ԶՀՀ) համատեղ աշխատանքով` վերջինիս օգնելու զարգացնել օտարերկրյա ներդրումների գրավչությունը Հայաստանում: Այս սերտացումը օգնել է նաեւ դնել առեւտրային կոնկրետ համագործակցության հիմք Հայաստանի եւ ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, քանի որ Ռոն-Ալպ շրջանի փոքր եւ միջին ձեռնարկությունների գլխավոր խորհրդի շուրջ 15 գործարարներ այս տարվա հոկտեմբերի 2-6-ը ԶՀՀ հրավերով Հայաստանում էին: Գնահատելի է, որ այդ համագործակցությունը կենտրոնացած է ՓՄՁ-ների վրա, որոնք հատկապես կարիք ունեն օժանդակության եւ խորհրդատվության հայկական շուկայի առանձնահատկությունները հասկանալու համար:

-Բավականին ակտիվ համագործակցություն է ընթանում նաեւ մշակութային ոլորտում: Ի՞նչ հիմնական շեշտադրումներով եք դուք պատկերացնում առաջիկա աշխատանքն այս ոլորտում:

-Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ իսկապես աշխույժ է մշակութային համագործակցությունը` ներառելով բազմաթիվ ոլորտներ, օրինակ՝ կինո: Այս առումով դեսպանությունը կշարունակի սատարել ֆրանսիական արտադրանքի ճանաչելիությունը ապահովող միջազգային կինոփառատոններին Հայաստանում՝ «Ոսկե ծիրան», «ՌեԱնիմանիա », «Ռոլան Բիկով»: Ֆրանկոֆոն կինոյի փառատոնը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպանությունների գործակցությամբ, մեծ հաջողություն ունեցավ 2017 թվականին, եւ այն կանցկացվի նաեւ 2018 թվականին: Հաջորդը ֆրանսիական երաժշտության խթանումն է եւ ֆրանսիացի երաժիշտների հետ ծանոթացումն է: Ցանկանում ենք հայկական հեղինակավոր հաստատությունների հետ (Օպերա, Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահ, Հայաստանի երիտասարդական նվագախումբ, Կոմիտասի անվան փառատոն) խթանել նաեւ դասական եւ ժամանակակից երաժշտությունը` ջազ, համաշխարհային երաժշտություն, ինչպես նաեւ համերգներ կազմակերպել մարտ ամսին՝ Ֆրանկոֆոնիայի սեզոնի կամ հունիսին՝ երաժշտության տոնի ընթացքում: Ֆրանկոֆոն մշակույթների եւ ֆրանսերենի խթանումը եւս մեր գերակայություններից է, մանավանդ 2018 թվականին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի տեսլականում: Այս շրջանակում, դեսպանությունը կկազմակեպի մշակութային եւ ֆրանսերեն լեզվի արժեւորմանն ուղղված մի շարք ծրագրեր:

-Ինչպես նշեցիք, 2018-ին թվականին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Նման մեծամասշտաբ միջոցառման անցկացումը Հայաստանում ի՞նչ նշանակություն ունի: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս գագաթնաժողովից:

-Այո, մեկ տարի հետո այս գագաթնաժողովը հյուրընկալելը հրաշալի առիթ կլինի Հայաստանի համար: Հայաստանի անկախացումից ի վեր դա կլինի ամենամեծ իրադարձությունը, քանի որ ակնկալվում է ավելի քան 80 պատվիրակություն կամ ավելի քան 5000 մասնակից: Նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի այդ միջոցառմանը եւ, հաշվի առնելով մեզ միավորող պատմական կապերը՝ հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահի այցը միշտ էլ իրադարձություն է Հայաստանում: Դա բացառիկ նպաստավոր առիթ է մեր երկու երկրների հարաբերությունների համար, անգամ եթե ֆրանկոֆոնիան բացառապես միայն Ֆրանսիան չէ, այլեւ աշխարհի հինգ մայրցամաքների 80 երկիր:

-Անդրադառնանք ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի ներկայիս փուլին: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից մեկն է: Համանախագահները վերջին շրջանում փորձում են ակտիվացնել Հայաստան-Ադրբեջան հանդիպումները, մասնավորապես՝ վերջերս կայացավ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ օրերս համանախագահների եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Ըստ Ձեզ, որքանո՞վ են դրանք արդյունավետ հարցի խաղաղ կարգավորման տեսանկյունից, երբ Ադրբեջանն ակնհայտորեն խոչընդոտում է նախկին ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների իրականացման գործընթացը:

-Ֆրանսիան, Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ, ջանք չի խնայում ԼՂ հակամարտության բանակցված կարգավորման համար, որը երկուստեք շատ վիշտ է պատճառել բազմաթիվ ընտանիքների: Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, եւ հենց խաղաղ լուծումը պետք է գտնվի բանակցային սեղանի շուրջ: Ֆրանսիան ողջունեց այդ հանդիպումները: Տխրությամբ եմ նշում, որ Հայաստանում գտնվելուս մեկ ամսվա ընթացքում շատ հայ զինվորներ են սպանվել շփման գծի վրա: Սա վկայում է այն մասին, որ ԼՂ հակամարտությունը ոչ թե «սառեցված» է, այլ երկու ժողովուրդների համար ողբերգական հետեւանքներ բերող բաց հակամարտություն է: Ֆրանսիան կոչ է անում ինտենսիվացնել բանակցություններն՝ ավելի քան երկու տասնամյակ տեւող այս հակամարտությանը լուծում գտնելու նպատակով:

-Պրն դեսպան, ի՞նչ եք կարծում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին: Խոսեցիք առաջիկայում ստորագրվելիք համաձայնագրի մասին: Ըստ Ձեզ՝ ինչ կտա այն երկկողմ հարաբերություններին: Ստորագրման հավանականությունն ինչպե՞ս եք գնահատում:

-Եվրոպական միությունը շարունակում է մնալ ամենախոշոր վարկատուն Հայաստանում կառավարման, մասնավոր սեկտորի աջակցման եւ հանրային վարչարարության բարեփոխման ոլորտներում: Միջազգային այլ դերակատարների հետ ԵՄ-ն կարող է Հայաստանին օժանդակել ամրապնդելու ցանկացած ժողովրդավարական զարգացման հիմք հանդիսացող քաղաքացիական հասարակության համախմբմանը եւ մարդու իրավունքների վիճակի բարելավմանը: Համաձայնագիրը կսերտացնի Հայաստանին Եվրոպական միության հետ՝ դյուրինացնելով առեւտրատնտեսական հարաբերությունները վերջինիս հետ: Այն կոչված է նաեւ ամրապնդելու համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում՝ մարդու իրավունքների պաշտպանություն, իրավական պետության ուժեղացում, պայքար կոռուպցիայի դեմ, մշակութային շփումների զարգացում եւ քաղաքական երկխոսության խորացում: Համաձայնագրի ստորագրումից հետո, Հայաստանը կլինի Արեւելյան գործընկերության առաջին երկիրը, որը, միաժամանակ անդամակցելով ԵԱՏՄ-ին, նման համաձայնագիր ստորագրած կլինի նաեւ Եվրոպական միության հետ:

-Պրն դեսպա՛ն, ի վերջո, կարճ ժամանակ է, որ Հայաստանում եք, ի՞նչ եք հասցրել տեսնել կամ թեկուզ համտեսել այստեղ: Կպատմե՞ք Ձեր առաջին տպավորությունների մասին:

-Հինգ շաբաթ Հայաստանում գտնվելուց հետո կարող եմ ասել, որ ինձ համար Հայաստանն արդեն իսկ կլանող, հրապուրող երկիր է. թվում է, թե օրերը 50 ժամ ունեն, իսկ շաբաթները՝ 10 օր: Հայաստանը երկիր է, որը մշտարթուն է պահում բոլոր զգայարանները. դա վերաբերում է թե՛ մշակույթին, թե՛ խոհանոցին եւ թե՛ կենսակերպին: Իր մասշտաբով Երեւանը փոքր «քաղաք-աշխարհ» է (եւ սա ասում եմ որպես Լոնդոնից եկած փարիզցի): Այստեղ կհանդիպես բարձր մակարդակի, մի քանի լեզուների տիրապետող, դեպի աշխարհը բաց ակնառու դեմքերի: Բոլոր ասպարեզներում նկատելի է, որ մոտենում ես մի շատ հին քաղաքակրթության, որի արմատներն ընկղմված են երկար եւ հաճախ ողբերգական պատմության մեջ: Նորեկի համար սա չափազանց խթանող է եւ անգամ դեսպանի համար՝ հարգանքի եւ համեստության տեղիք է տալիս:

Լրահոս
ԵՄ-ն 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում «Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան «Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ». Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահի հետ Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք... Ռուս-ուկրաինական երկխոսության համար «կամուրջ» հանդիսանալու մեր հավակնություններն այժմ իրատեսական չեն. փորձագետ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես այլ առաքելություն ունեմ. Արթուր Վանեցյանը հիշեցրեց իր խոսքերը, երբ ընտրվեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց. գործկոմն ընդունել է այն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործկոմի անդամների ճեպազրույցը լրագրողների հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնել տարածաշրջանի ողջ բնակչության կարծիքը Հրապարակվել է Երևանում այսօրվա սարսափելի ավտովթարի տեսանյութը Անհոգ եղեք, ուժերը բավարար են, ջրի մատակարարումը բավարար է. անպայման կմարենք. Վրեժ Գաբրիելյան (Տեսանյութ) Վալենտինա Մատվիենկոն կարևորել է ԼՂ հակամարտության կողմերի միջև ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին 2020-ի բյուջեն հեղափոխական անվանելը գեղարվեստական գրականության ժանրից է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ոստիկանները բաժանմունք են տեղափոխել նստացույց անող երիտասարդների փայտի վառարանը. Տեսանյութ Կոնդ թաղամասի, Եկմալյան փողոցի և Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ #Կոֆե_եմ_խմում. Գիտնականների պատասխանը Փաշինյանին Արսեն Թորոսյանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը․ «Մեդիա պաշտպան» Մտավախություն ունենք՝ չի ընդունվի որոշումը. փախստականները կառավարության դիմաց սպասում են բնակարան ձեռք բերելու հավաստագրերի տրամադրման որոշմանը Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը. Ուղիղ «Հրապարակ». Մենք պետք է չմոռանանք, թե ինչ արժեհամակարգ ունի հայ ժողովուրդը «Փաստ». 2020 թ. հունվարի 1-ի թանկացումներին կարող է հաջորդել գնաճի 2-րդ ալիքը «Փաստ». Ամուլսարի «խմորը շատ ջուր կվերցնի» «Հրապարակ». «Սանիթեք»-ը կարո՞ղ է դիմել արբիտրաժ «Հրապարակ». Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից «Փաստ». Դեկորացիաներն իշխանությունների համար երկարաժամկետ խնդիր չեն կարող լուծել «Ժողովուրդ». Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 21 Հուսով եմ, որ հաջորդ անգամ վարչապետի և «բլոգեր» Ռամիլ Սաֆարովի հարց ու պատասխանի ականատեսը չենք լինելու Միքայել Մինասյան. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը» (տեսանյութ) ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում. Տեսանյութ Մոսկվայի մարզում կանխել են ԻՊ-ի անդամների գործունեությունը Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan