Սիրիայից Հայաստան բերված ընտանեկան արհեստը. «ԱՎԱ Շուզ»

Սիրիայից Հայաստան բերված ընտանեկան արհեստը. «ԱՎԱ Շուզ»

«Արտադրված է Հայաստանում» մակնշումը` որակի նշան

Երեք տարի առաջ հայկական կոշիկի պատմության մեջ ավելացած «ԱՎԱ Շուզ» ապրանքանիշի արմատները ձգվում են դեպի Սիրիա: 1950-ականներին Սաֆարների գերդաստանի մեծ հայրը` Սաֆար Քեչեճյանը, ընտանիքը պահելու համար փոքրիկ արհեստանոց էր հիմնել, որտեղ փայտից կրունկներ էր պատրաստում և մատակարարում սիրիացի կոշկակարներին: Հորն այդ գործում օգնող Գևորգ Սաֆարը 27 տարի անց կրունկներից անցավ կոշիկի կաղապարների պատրաստմանը: Ավանդույթը չխախտելով` հորից փոխառած արհեստը Գևորգ Սաֆարն էլ իր որդուն` Անդրանիկին փոխանցեց: Երրորդ սերնդի հետ արդեն Սաֆարյանների ընտանեկան բիզնեսը Սիրիայից տեղափոխվեց Հայաստան: «Պատերազմից մի քանի տարի առաջ` 2000-2001թթ. մտածում էի կոշիկի ֆաբրիկա դնել ու հետաքրքվում էի, թե որտեղից կարող եմ հաստոցներ ձեռք բերել: Բայց պատերազմն սկսվեց ու բախտ չվիճակվեց դա անել: Ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան, բայց հասկացանք, որ այնտեղ չենք կարող աշխատել, իսկ մենք աշխատելուն սովոր ենք: Եկանք Հայաստան ու որոշեցինք այստեղ էլ մեր արհեստով զբաղվել: 2014թ. Վիգեն Դոլմողյանի հետ հիմնեցինք «AVA SHOES»-ը (ԱՎԱ Շուզ)», -վերահասցեավորված նպատակի մասին պատմում է «ԱՎԱ Շուզ»-ի համահիմնադիր Անդրանիկ Սաֆարը:

25 միլիոնանոց Սիրիայում ապրած Սաֆարների համար հայկական շուկան շատ փոքր էր, սպառողն էլ` ավելի խստապահանջ: Այնուամենայնիվ, նոր ոճով ու գույներով, «արտադրված է Հայաստանում» մակնշմամբ «ԱՎԱ Շուզը» մտավ շուկա և, ի զարմանս մի շարք թերահավատների, շատ արագ գրավեց իր տեղը: «Ինձ ասում էին` պետք չի նշել, որ հայկական արտադրանք է, քանի որ հայ սպառողը տեղում արտադրվող ապրանքին թերահավատորեն է նայում, բայց ինձ համար դա հիմք չէր հրաժարվելու «արտադրված է Հայաստանում» մակնշումից, որը երևում է նաև մեր լոգոյի մեջ: Ասացի` ինչո՞ւ չպիտի մարդիկ իմանան, որ այստեղ` Հայաստանում էլ կարելի է որակով ու նորաոճ կոշիկ արտադրել»,-պատմում է Անդրանիկը:

«ԱՎԱ շուզ»-ի նորաբաց արտադրամասում կոշիկները կարվում և վաճառքի էին դրվում տարբեր խանութներում, բայց` միայն մի քանի ամիս: Շուտով «ԱՎԱ Շուզն» ունեցավ նաև իր ֆիրմային խանութը: «Սկզբում կոշիկները կարում ու տալիս էինք տարբեր խանութների, բայց նրանք 3-4 անգամ թանկ գին էին ասում և մեր ապրանքը չէր վաճառվում: Ստիպված եղանք մի քանի ամիս անց մեր խանութը բացել»,-ասում է Անդրանիկը և զարմացած հավելում: -Սիրիայում արտադրամաս ունեցողը սովորաբար խանութ չի ունենում: Արտադրածը խանութպաններին են տալիս, նրանք էլ նորմալ գնով վաճառում են»:

Հայկական ու սիրիական շուկաներին ծանոթ սիրիահայ գործարարը տարբերություն է տեսնում ոչ միայն շուկաների, այլև սպառողների միջև: Հայ սպառողն անհամեմատ բծախնդիր ու խստապահանջ է, բայց դրանից գործարարը չի նեղվում, ավելին` պատճառները շատ լավ է հասկանում. «Եթե մարդիկ լավ աշխատանք ունենային, բարձր աշխատավարձ ստանային, այդքան պահանջկոտ չէին լինի: Մարդիկ չեն ուզում դժվարությամբ վաստակած գումարն անորակ ապրանքի վրա ծախսել, և ես դրա համար նրանց չեմ մեղադրում ու ոչ էլ նեղանում եմ: Դա լրիվ նորմալ է»:

Իտալական ամսագրերի հայկական ձեռագիրը

Տեղական ապրանքի ոչ միայն որակի, այլև արտաքին տեսքի հարցում է խստապահանջ հայ սպառողը: ՈՉ մի նորույթ չի ընդունվում այնքան ժամանակ, մինչև եվրոպական որևէ ֆիրմա դա չի գործածում: Հենց դա գիտակցելով է, որ Անդրանիկ Սաֆարն իր մտահղացումները թղթին է հանձնում և երկու-երեք տարի անց նոր, երբ եվրոպական որևէ արտադրող այն կյանքի է կոչում, հայ սպառողին է հրամցնում: «Հայաստանի շուկայի համար մի քիչ անսովոր է նորույթը: Այստեղ հեշտությամբ ընդունում են դրսից եկածը: Նորությունը եթե տեղում է արվում, չի ընդունվում, պետք է դրսից գա, որ ընդունվի: Դրա համար էլ իմ նախագծած մոդելները հայտնվում են Իտալիայում, նոր միայն մենք այստեղ արտադրում ենք»,-արձանագրում է սիրիահայ գործարարը:

Իտալական նորաձևության հետ Անդրանիկի կապը գալիս է դեռ դպրոցական տարիներից: Դասերից հետո հորն արհեստանոցում օգնում, հետն էլ նոր մոդելներ էր նախագծում նա, որոնք հայտնվում էին կոշկի նորաձևության ամենահայտնի` իտալական հանրահայտ «ARS ARPEL Group»-ի կատալոգներում: Պատանի մոդելավորողի մտահղացումներով հիացած իտալացիները տարիներ առաջ նրան հրավիրել էին նաև երիտասարդ մոդելավորողների հավաքի:

Անդրանիկը նշում է` այս ոլորտում ունեցած գիտելիքների ու հմտությունների համար պարտական է իր փորձին և, իհարկե, ուսմանը, որը թեկուզ կարճատև էր, բայց արդյունավետ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սիրիահայ գործարարը անընդհատ փնտրում է նորը, ժամանակակիցը և, այն զուգադրելով հայկականի հետ, ներկայացնում հայ ու արտասահմանցի սպառողներին:

2015 թվականից արտաքին շուկա դուրս եկած «ԱՎԱ Շուզ»-ը որ երկրում հայտնվում, այնտեղ էլ հավաստում է հայկական արտադրանքի բարձր որակի մասին:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում