Ախալցխայում բացվելու է «XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես

Ախալցխայի USAID–ի «Ժողովրդավարական ներգրավածության կենտրոնում» ապրիլի 23-ին «Զորի Զորյանի» անվան երիտասարդական միության Ախալցխայի մասնաճյուղի նախաձեռնությամբ բացվելու է «XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են լինելու ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչները, Հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացնում է Akhaltskha.net կայքը, ուցահանդեսին ներկայացվելու են 1915թ. Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող նկարներ, ականատեսների, մտավորականների եւ դեսպանների խոսքեր, որոնք հաստատում են Հայոց Ցեղասպանության իրողությունը:
Ցուցահանդեսին ներկայացվելու են նաեւ Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միության անդամների մի քանի նկարներ «Շարունակվող Ցեղասպանություն» խորագրով:
«Զորի Զորյան» երիտասարդական միության անդամների խոսքերով տվյալ ցուցահանդեսի բացման նպատակն է ծանոթացնել տեղի իշխանություններին, հասարակական կազմակերպությունների անդամներին եւ վրաց հասարակությանը այն մեծ աղետին, որը տեղի է ունեցել 1915թ. Օսմանյան կայսրությունում: