Վրաստանում հայ պատգամավորը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով

Ախալքալաքի շրջանից ընտրված, Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր՝ Սամվել Պետրոսյանը Ախալքալաքում հրավիրեց մամուլի ասուլիս և հանդես եկավ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ:
Սամվել Պետրոսյանի հավաստմամբ Վրաստանի իշխանությունները տեղյակ չեն իր այսօրվա հայտարարության մասին: Հայտարարությունում պատգամավորը ներկայացրեց 1915թ ցեղասպանության որոշ փաստեր և դիմեց Վրաստանի կառավարությանը և Վրաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին այդ ոճրագործության ճանաչման կոչով:
Մամլոիլի ասուլիսին ներկա էին տեղական և Վրաստանի 3 կենտրոնական լրատվամիջոցներ:
Թե ինչքանով է իրատեսական, որ այսօր Վրաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը հարցին պատգամավորը պատասխանեց հետևյալ կերպ.
«Յուրաքանչյուր պետություն ունի իր շահերը: Ես հասկանում եմ Վրաստանին, որ չի ընդունել, կան այլ ազգային փոքրամասնություններ, որոնք կարող են գլուխ բարձրացնել:Այսօր Վրաստանի ղեկավարությունն իր շահերից ելնելով է գործում: Ես չեմ կարող նեղանալ վրաց ղեկավար մարմիններից, եթե իրենք չընդունեն, բայց մենք պիտի պնդենք, պիտի բացատրենք: Կա նաև ադրբեջանական համայնք, առկա են մեծ տնտեսական կապեր և այլն: Բայց մենք պետք է աշխատանք տանենք, որ ադրբեջանական և թուրքական հասարակությունը վերջապես հասկանա, որ պետք է ընդունեն ցեղասպանությունը: Ես վստահ եմ, որ Վրաստանը մի օր անպայման կընդունի Հայոց ցեղասպանությունը», - ասաց Սամվել Պետրոսյանը:
Ինչպես նաև ավելացրեց, որ մենք հայերս ապրելով Վրաստանում տրամադրված ենք, որ Վրաստանը զարգանա, ծաղկում ապրի, որպեսզի մենք մեր վրացի եղբայրների հետ ապրենք կողք-կողքի և համերաշխ: Անդրադառնալով վերջերս Ջանսուղ Չարկվիանիի նամակին պատագամավորն ասաց.
«Ես հարգանքով եմ վերաբերվում վրաց մտավորականությանը, բայց ինչ արեց նա, դա կարող էր միայն վրաց ժողովրդի թշնամին լինել: Նա փորձեց սեպ խրել հայ և վրաց ժողովուրդների միջև, բայց չստացվեց: Նա հային ներկայացրել է որպես չար սուբյեկտ: Մենք հայերս արել և անում ենք ամեն ինչ ի օգուտ Վրաստանի: Ես դիմում եմ պարոն Ջանսուղին, որ հեռուստատեսությամբ հանդես գա հերքմամբ և ներողությունով հայ ժողովրդից, քանի որ սա բարություն չի բերի: Նա այսօր վրացիներին տրամադրում է հայերի դեմ և հայերին վրացիների», - ասաց Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը: