«Գլոբալ Էյ Էմ»-ը հայկական ստարտափներին օգնում է դուրս գալ միջազգային շուկա

«Գլոբալ Էյ Էմ»-ը հայկական ստարտափներին օգնում է դուրս գալ միջազգային շուկա

Volterman-ից մինչև Moon by 1-Ring

Խելացի դրամապանակների կայացած շուկայում Volterman-ին` որպես «ամենախելացի», ճանաչում է նաև Google-ը: «Smart Wallet» (խելացի դրամապանակ) հարցմանն ի պատասխան որոնողական համակարգն առաջինը բերում է Volterman-ը: Ազատ Թովմասյանի հեղինակած ստարտափն ի սկզբանե դրամապանակ էր, որը հեռախոսից «հեռանալիս» ազդանշան էր տալիս և լուծում իրեն խելացի դարձնողի` հեռախոսի լիցքավորման հարցը: «Շուկայում այդ երկու խնդիրները լուծող ապրանքներ արդեն կային, ուրիշ գործառույթներ պետք է ավելանային»,-ասում է Volterman-ի համար դեպի միջազգային շուկա ճանապարհ հարթած «Գլոբալ Էյ Էմ» (GlobalAM) ՀԿ նախագահ Գևորգ Պողոսյանը:

Հայկական ստարտափներին միջազգային շուկա դուրս գալու հարցում օգնող «Գլոբալ Էյ Էմ»-ի` դրամապանակն ավելի խելացի դարձնելու առաջադրանքն Ազատը հիանալի կատարեց. ավելացան փոքրիկ տեսախցիկը, WiFi-ը և Global tracking-ը` քարտեզի օգնությամբ աշխարհի ցանկացած կետում գտնվող դրամապանակին հետևելու հնարավորությունը, որից հետո հայկական ստարտափը Volterman անունով և հաստատուն քայլերով մտավ միջազգային շուկա: «Մեր նպատակն էր ցույց տալ, որ հնարավոր է Հայաստանում նստած, այսօրվա հնարավորություններն օգտագործելով, համաշխարհային մակարդակով բիզնես անել: Եվ այսօր տեխնոլոգիական հագեցվածությամբ, դիզայնով և վաճառքի արդյունքում հավաքված գումարով խելացի դրամապանակների շարքում աշխարհում առաջինը Volterman-ն է: Դրան հնարավոր եղավ հասնել առանց Հայաստանից մեկ քայլ դուրս գալու, թիմային աշխատանքի և մեր հմտությունների շնորհիվ: Volterman-ի հաջողության պատմությունը կոտրեց այն կարծրատիպը, թե հնարավոր չէ Հայաստանում ստեղծել բիզնես, որը մրցունակ կլինի միջազգային շուկայում: Այս պահի դրությամբ այն մեկուկես միլիոն դոլարի վաճառք է իրականացրել, աշխարհի շուրջ 135 երկրից` այդ թվում և Ադրբեջանից, Volterman են ձեռք բերել: Այդ առումով մենք հասանք մեր առջև դրված նպատակին»,-«Գլոբալ Էյ Էմ»-ի առաջին ու ամենահաջողված նախագծի մասին անթաքույց հպարտությամբ է խոսում Գևորգ Պողոսյանը:

Հայկական հաջորդ ստարտափը, որը «Գլոբալ Էյ Էմ»-ի օգնությամբ միջազգային շուկա դուրս եկավ ոչ պակաս արագ ու հաջող, Moon by 1-Ring-ն էր: Կենտրոնացված ավտոմատացման ժամանակակից համակարգի քրաուդֆանդինգ արշավի շրջանակում մեկ ամսում շուրջ 350 հազար դոլար էր հավաքվել:

Ստարտափ էկոհամակարգի բացերը լրացնող նախագծերը

Այսպես` մեկ շաբաթում մարդկանց կյանքը հեշտացնող մոտ 10 գաղափար քննարկում, լավագույններին առանձնացնում և միջազգային շուկա դուրս գալու ճանապարհն են ուղենշում «Գլոբալ Էյ Էմ»-ում: «Սևան ստարտափ սամմիթ-2016»-ից հետո հայկական ստարտափներին օգնելու նպատակով ստեղծված ՀԿ-ն նորարարություն պարունակող բիզնես-նախագծերի արագ զարգացման համար տալիս է ցանց, գիտելիք և փորձ. սա` ընդհանուր առմամբ: Իսկ ավելի պարզ` նորարարական գաղափարները զարգացնելու և միջազգային շուկայում առաջ մղելու համար արդեն իսկ չորս նախագիծ է իրականացնում` փորձելով դրանց օգնությամբ լրացնել «հայկական ստարտափ էկոհամակարգ»-ի բացերը. «Մենք ձգտում ենք Հայաստանում ստեղծել ստարտափ էկոհամակագին աջակցող միջավայր, որը միջազգային մոտեցումներով ստեղծված գաղափարներին հնարավորություն կտա սկզբից մինչև վերջ զարգանալու Հայաստանում: Այսինքն` մենք ուզում ենք հասնել նրան, որ դրսից Հայաստան եկող փողը լինի մեր երկրում ստեղծված ապրանք-ծառայություների դիմաց վճարված գումար, ոչ թե ներդրում կամ զուտ աշխատավարձ: Դա կբերի տնտեսության զարգացմանը, քանի որ, ինչպես գիտենք, արտահանման ծավալների աճն ուղիղ համեմատական է տնտեսության զարգացմանը»,-վստահ է Գևորգը:

«Գլոբալ Էյ Էմ»-ի առաջին նախագիծը դարձավ «Sevan Startup Summit»-ը, որին անցած տարի որպես մասնակից էին ներկայացել, իսկ այս տարի` համակազմակերպիչ ու ժյուրիի անդամ: Երկրորդ նախագիծը, որը համախմբում է հայկական ստարտափներում համատեղ ներդրում անելու պատրաստակամ ֆիզիկական անձանց, կոչվում է BANA (Business Angel Network of Armenia): Երրորդը` ASAP (Armenian Startup Acceleration Program)-ը, ստարտափները գնահատում է տարբեր տեսանկյուններից ու փորձում լրացնել բացթողումները: Չորրորդ նախագիծը, որը նոր են ուզում կյանքի կոչել, հիմնադրամի ձևով է հանդես գալու, և ողջ գումարը ներդրվելու է քրաուդֆանդինգ արշավով միջազգային շուկա դուրս գալ ցանկացող ստարտափների մեջ:

Բոլոր` գործող և նախատեսվող նախագծերը, «Գլոբալ Էյ Էմ»-ի տնօրեն Գևորգ Պողոսյանի վստահեցմամբ, նպատակ ունեն օգնելու հայ ձեռնարկատիրոջը` սկսած ապրանքի փաթեթավորումից վերջացրած մարքեթինգային ռազմավարության մշակմամբ: Հայկական ստարտափները միջազգային շուկա դուրս հանելու համար Գևորգ Պողոսյանի թիմն օգտագործում է բոլոր հնարավորությունները, այդ թվում և` աշխարհի տարբեր երկրներում գտնվող գործընկեր կազմակերպությունների հետ ունեցած սերտ կապերը:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում