Ցանկացած խոսք եթե չի ապացուցվում գործով, այն մնում է պարզապես արտահայտություն առանց որևէ արդյունքի

Ցանկացած խոսք եթե չի ապացուցվում գործով, այն մնում է պարզապես արտահայտություն առանց որևէ արդյունքի

Ցանկացած խոսք եթե չի հիմնավորվում, ապացուցվում գործով, այն մնում է պարզապես արտահայտություն առանց որևէ արդյունքի: Առավել ևս, երբ իշխանությունը ցանկանում է, որ հասարակությունը վստահի իրեն, կարևորի իր խոսքը, ապա առաջին հեթին հենց ինքը պետք է հետևողական լինի իր ասածը գործնականում ապացուցելու համար:

Սակայն, երբ որևէ ծրագիր առաջարկողն ու այն կենսագործել պատրաստվողը հենց հաջորդ իսկ պահին անում է իր ասածի հակառակը, ապա այդքանից հետո չի կարելի հասարակությունից ակնկալել լուրջ վերաբերմունք:

Օրեր առաջ վարչապետը հայտարարեց, որ մենք այդքան հարուստ չենք, որ մեզ թույլ տանք այսքան երկար հանգստանալու, որ մինչև ամսի 8-ը արձակուրդում լինելը խիստ շատ է ու հաջորդ տարվանից աշխատանքի ենք դուրս գալու հունվարի 3-ից:

Այս տեսակետի հետ կարելի է համաձայնվել ու բերել բազմաթիվ հիմնավորումներ, ինչը փորձեց անել վարչապետը: Կարելի է և չհամաձայնվել ու կրկին բերել բազմաթիվ հիմնավորումներ, որ մարդը աշխատանքային գործիք չէ, և այլ, և այլն:

Օրինակ ինքս դեմ եմ ամանորի հանգստյան օրերի կրճատմանը ու այդ մասին արտահայտվել եմ և որպես հետևողական մարդ, այս պահից հայտարարում եմ, որ հաջորդ տարի հունվարի 3-ին աշխատանքի չեմ գնալու, նույնիսկ գործազուրկ դառնալու վտանգի դեպքում: Ինչ էլ լինի, ես առաջին հերթին հարգում եմ սեփական ազատությունս ու այն վեր եմ դասում, ցանկացած որոշումներից ու հրամաններից, եթե իհարկե իմ այդ ազատությունը հասարակական վտանգ չի ներկայացնում ու չի խախտում մեկ այլ մարդու ազատությունը:

Ենթադրում եմ, որ իր տեսակետի ճշմարտացիությունն ապացուցելու համար նույնպիսի հետևողականություն պետք է ցուցաբերեր նաև վարչապետը, սակայն նա գերադասեց անել ճիշտ հակառակը և աշխատանքային առաջիկ իսկ օրը մեկնեց արձակուրդ:

Այստեղից կարելի է անել 2 հետևություն, կամ վարչապետը իրականում ունի նույն տեսակետը ինչ ես կամ շատ աշխատելու արդյունքում լավ ապրելու հեռանկարը վերաբերվում է միայն մեզ՝ հասարակ մահկանացուներիս, իսկ ինքը նման խնդիր չունի:

Իհարկե յուրաքանչյուր մարդ իրավունք ունի արձակուրդ մեկնելու, այդ թվում և վարչապետը, բայց…

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում